«Հայաստանում առկա հետընտրական ճգնաժամը կենտրոնացած է ավելի շատ ընտրական գործընթացի, քան ընտրությունների արդյունքների վրա։ Առկա ճգնաժամը ոչ թե պարզապես քաղաքական ճգնաժամ է, այլ ավելի շատ խորքային ֆունդամենտալ հիմնախնդիրների արտահայտություն, ներառյալ՝ կոռուպցիան, սոցիալ-տնտեսական անարդարությունը եւ «լավ կառավարման վատթարացումը»։ Չնայած ՀՀ քաղաքական կյանքում անհատներն ավելի շատ դերակատարում ունեն, քան ծրագրերը եւ պլատֆորմները, այս ճգնաժամն անձնական հակամարտություն չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ։ Դա ավելի շուտ կարելի է անվանել «վստահության ճգնաժամ»։ Կան այս իրավիճակ սրող մի շարք այլ գործոններ եւս. օրինակ, ՀՀ քաղաքական դաշտի սուր բեւեռացումը, երբ ասպարեզում չկա միջնորդական պոտենցիալ ունեցող որեւէ քաղաքական ուժ։ Եվ վերջապես, այս ճգնաժամից քաղվելիք ընդհանուր դասերից մեկը հետեւյալն է. թեեւ կայունությունը կարեւոր է, սակայն պատասխանատվության բացակայության եւ օրենքի թույլ գերակայության հետեւանքով երկրում առաջացել է լեգիտիմության վտանգավոր բաց»,- ՀՀ հետընտրական զարգացումների վերաբերյալ երեկ «168 Ժամին» ասել է ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը։ Ըստ նրա` եթե ցույցերն ընթանում են օրենքի շրջանակներում (ի դեպ, երեկ ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել` եւս մեկ անգամ հիշեցնելով, որ ընդդիմության հանրահավաքներն արտոնված չեն), ապա ակտիվ եւ առողջ ընդդիմության երեւան գալը բխում է բոլորի շահերից։ Ըստ Ռ. Գիրագոսյանի` «Դինամիկ ընդդիմությունը ոչ թե սպառնում է, այլ ուժեղացնում է ժողովրդավարությունը ՀՀ-ում։ Շեշտեմ, որ ռեալ եւ կայուն ժողովրդավարության հաստատման համար կարեւոր են էվոլյուցիոն փոփոխությունները՝ կենտրոնացած ոչ թե անհատների, այլ ինստիտուտների վրա»,- ասել է նա: Այս օրերին ՀՀ-ում որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ իրենց տեսակետներում նշում են արտաքին ուժերի կողմից ՀՀ-ում «գունավոր հեղափոխություն» կազմակերպելու հնարավոր ցանկության մասին: Հարցին, թե կարելի՞ է ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները համարել արտաքին ուժերի կողմից հրահրվող, մասնավորապես` ԱՄՆ միջամտությամբ «գունավոր հեղափոխության» փորձ, Ռ. Գիրագոսյանը պատասխանել է. «Ոչ, շատ պարզ է, որ ներկա ճգնաժամը «գունավոր» հեղափոխություն չէ, եւ ԱՄՆ-ը դրա հետ կապ չունի ուղղակիորեն»: