Երեւանի Ազատության հրապարակում երեկ արդեն 7-րդ օրն անընդմեջ շարունակվում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների բազմահազարանոց հանրահավաքը: Ինչպես նախորդ օրերին, այս անգամ եւս ցուցարարներն առավոտյան մաքրում էին հրապարակն ու հավաքված աղբը լցնում այդ նպատակով նախատեսված պոլիէթիլենային տոպրակների մեջ: Հանրահավաքի քաղաքական մասը սկսվեց ժամը 15:00-ին (մինչ այդ մարդիկ պարում էին, ֆիլմեր դիտում, լսում «Ազատություն» ռ/կ-ի թողարկումները): Մարդկանց սկզբում տեղեկացրին, թե ինչ նոր ձերբակալություններ եւ խուզարկություններ են եղել մեր երկրում նախորդ գիշեր:
Շարունակում են ձերբակալել
Նախորդ գիշեր եւս հանրապետությունում շարունակել են խուզարկվել Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների տները, ձերբակալվել են նոր անձինք: Նախօրեի երեկոյան Տավուշի մարզի Կոթի գյուղում ձերբակալվել է 1992-96թթ. Հայաստանի ներքին գործերի նախարար, 1996-ից մինչեւ 1998թ. իշխանափոխությունը Երեւանի քաղաքապետ, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի ավագ եղբայրը՝ Սերյոժա Սիրադեղյանը: Վերջինիս տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է «ՏՕԶ» տեսակի հրացան («Տիր»-ի հրացան)՝ առանց փամփուշտի, ինչը եւ ձերբակալման հիմք է հանդիսացել: Ապօրինի զենք եւ զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է նաեւ Նոյեմբերյանի բնակիչ Յուրա Մամյանը: Նախօրեին խուզարկվել է նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի տունը: Խուզարկությունից հետո Գ. Եղիազարյանին բերման են ենթարկել, ապա որոշ ժամանակ անց՝ ազատ արձակել: Խուզարկություն է իրականացվել նաեւ «Երկրապահ» կամավորականների միության Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Հարությունյանի տանը: Ձերբակալվածների կոնկրետ թիվ հայտնի չէ, քանզի նախ ձերբակալություններն իրականացվում են երկու գերատեսչությունների՝ Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից, եւ երկրորդ՝ այդ թիվն անընդհատ փոխվում է. ձերբակալվում են Տեր-Պետրոսյանի նորանոր աջակիցներ, երբեմն էլ որոշ ձերբակալվածներ ազատ են արձակվում: Երեկ էլ Ոստիկանությունը զգուշացրել է Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքի մասնակիցներին, որ «վճռական է եւ օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում պաշտպանելու է երկրի սահմանադրական կարգն ու հասարակական անվտանգությունը»: Ոստիկանության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը»։ «ՀՀ Ոստիկանությունը ցուցարարներին կոչ է անում դադարեցնել ապօրինի գործողությունները, չխախտել հասարակական կարգն ու քաղաքացիների անդորրը եւ չկազմալուծել մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը»,- նշված է Ոստիկանության հայտարարության մեջ։
«Հազարապատիկ խուլիգանություն»
Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում ունեցած իր ելույթներից մեկում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի՝ նախօրեին արած այն հայտարարությանը, թե ցուցարարներն օրենք են խախտում: «Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն առաջին իսկ օրվանից եղել է անօրինական. Սահմանադրությամբ նա ո՛չ 1998 թվականին, ո՛չ 2003 թվականին իրավունք չուներ անգամ թեկնածու առաջադրվեր նախագահի պաշտոնի համար,- փաստեց Լ. Տեր-Պետրոսյանն ու հավելեց,- Դա կարող է չնչին բյուրոկրատական փնթիություն թվալ, բայց այդպես չէ. սա կապված է պետականության հիմքերի հետ. երբ նախագահն է Սահմանադրություն խախտում, սա պետության վերջն է, նախագահը Սահմանադրության առաջին եւ միակ երաշխավորն է»: Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի կատարած սահմանադրական այլ խախտումների մասին, որոնք, ըստ նրա, նույնպես պետք է համաշխարհային արձագանք գտնող խայտառակություններ դիտվեին: Նա մասնավորապես նշեց, որ 2000թ. մայիսին, խախտելով ՀՀ Սահմանադրությունը, Ռ. Քոչարյանը, առանց վարչապետի համապատասխան առաջարկի, պաշտոնից ազատեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: «Հիմա այդ մարդը խոսում է ինչ-որ մարդկանց կողմից խուլիգանություններ անելու, չարտոնված միտինգներ անցկացնելու մասին: Նա, ով այդպիսի կոպտագույն կերպով խախտել է Սահմանադրությունը, ընդհանրապես որեւէ մեկին քննադատելու, մատ թափ տալու իրավունք չունի: Եթե մեր արածը խուլիգանություն է, ապա նրա արածը հազարապատիկ խուլիգանություն է»,- նկատեց Լ. Տեր-Պետրոսյանը: Շարունակելով սահմանադրական խախտումների թեման, Տեր-Պետրոսյանը նշեց. «Ընդամենը մի քանի օր առաջ նա եւս մեկ անգամ խախտեց Սահմանադրությունը, երբ մեր դիվանագետները դրսեւորեցին իրենց քաղաքացիական դիրքորոշումը, նա նրանց զրկեց դիվանագիտական կոչումներից, արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչումներից. այսպիսի իրավասություն նախագահը չունի մեր Սահմանադրությամբ: Այսօր այդ մարդը՝ նստած իր Բաղրամյանի նստավայրում, ոտնահարում, ոչնչացնում, պղծում է մեր Սուրբ գիրքը, եւ դրանից հետո բարոյականության, բարձր գիտակցության կոչեր անում»: Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտեց, որ այդ գործողությունները պետք է ՍԴ-ում իրավաբանական գնահատական ստանան: Այս իշխանությունն, ըստ նրա, առաջին օրվանից բռնազավթիչների իշխանություն է, «բայց իրենց սահմանադրական բռնազավթումը քիչ էր, նրան պետք էր լրիվ ճզմել այս ժողովրդի կամքը, վերացնել բոլոր այն հակակշիռները, որոնք կխանգարեին իրեն՝ բացարձակ միապետությունը հաստատելու համար, դա իրականացրին օգտվելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից: Եթե Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը չվերացվեին, նրանց երբեք չէր հաջողվի ստեղծել այնպիսի իշխանական բուրգ, որը այսօր գոյություն ունի»: Երեկ եւս հանրահավաքի մասնակիցների մի մասը մասնակցեց երթի՝ այս անգամ Աբովյան փողոցով հասնելով Հանրապետության հրապարակ, այնտեղից՝ Գլխավոր դատախազության շենքի մոտով, անցնելով Ռուսաստանի դեսպանատան առջեւով, երթը Մաշտոցի պողոտայով վերադարձավ Ազատության հրապարակ: Դատախազության եւ Ռուսաստանի դեսպանատան մոտ շարված ոստիկաններին ցուցարարները ծափերով դիմավորեցին: