Ինչպես են հայերը պաշտոն ստանում

13/05/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Այս թեման կարելի էր ավարտել երկու բառով: Որովհետեւ անգամ հինգ տարեկան
երեխան Ձեզ կարող է ասել, որ Հայաստանում պաշտոնի կարելի է հասնել միայն
այն դեպքում, եթե Դուք շատ փող ունեք եւ հնարավորինս շատ օճառ: Սակայն
վերջին 2-3 տարիների ընթացքում այդ երկու պարագաները դարձել են անհրաժեշտ,
բայց ոչ բավարար պայման՝ պաշտոն ստանալու համար: Այսօր այդ ամենին
գումարվել է նաեւ կուսակցական պատկանելությունը: Բնականաբար, եթե Դուք
ներկայացնում եք կոալիցիայի անդամ կուսակցություն, ապա Ձեր
հավակնությունները շատ մեծ են, անգամ, եթե Ձեր անունը Հովիկ Հովեյան է: Ի
դեպ, «Իրավունքի» վերջին համարներից մեկում Հանրային
հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն ասել
էր, որ Հովիկ Հովեյանը նախկինում եղել է իրենց աշխատակիցը, եւ
պատրաստակամություն էր հայտնել, անկախ ամեն ինչից, հետ վերցնել Հովեյանին,
որպեսզի մշակույթի ոլորտը մաքրվի: Հարգելի՛ պարոն Հարությունյան,
Հայաստանում կա եւս մի ոլորտ, որի ղեկավարը նախկինում աշխատել է Հանրային
հեռուստատեսությունում: Եվ քանի որ կրթությունն այսօր ոչ պակաս կարեւոր
ոլորտ է, խնդրում եմ հետ վերցնել նաեւ Սերգո Երիցյանին:

Վերադառնալով մեր այսօրվա թեմային՝ նշեմ, որ առայժմ Հայաստանում պաշտոն
ստանում են երկու ձեւով՝ ընտրովի եւ նշանակովի: Այդ երկու եղանակներն
իրարից տարբերվում են նրանով, որ նշանակովի պաշտոնյան պետք է շատ փող տա
միայն վերադասին, պաշտոնավարության ողջ ընթացքում «սապոնվի» նույն
վերադասին եւ լինի կոնկրետ կուսակցության անդամ. եթե պաշտոնը շատ «յուղոտ»
է, ապա հանրապետական, դաշնակ կամ ՕԵԿ-ական, իսկ եթե գրաված դիրքը փոքր է,
կարող է լինել նաեւ զանազան կենտրոնամետ կամ պետականամետ «խուրդա»
կուսակցություններից մեկի անդամ: Մի փոքր այլ է ընտրովի պաշտոնյայի
վիճակը: Նախ՝ նա պետք է նախընտրական շրջանում մի քիչ փող տա ու «սապոնվի»
ընտրողներին (մինչ այդ, բնականաբար, փող տալով եւ «սապոնվելով»
վերադասին), իսկ ընտրվելուց հետո արդեն անի նույնը, ինչ անում է նշանակովի
պաշտոնյան:

Շատ հետաքրքիր է պաշտոնից ազատվածների կամ իրենց պաշտոններում
չվերընտրվածների դիրքը: Նրանք հիմնականում կամ շատ արագ հիշում են
քրիստոնեական արժեքները եւ դառնում քրիստոնեա-դեմոկրատ, կամ փորձում են
ՆԱՏՕ-ին համոզել, որ Հայաստանում էլ կարելի է գտնել Յուշչենկո եւ
Սահակաշվիլի: Իհարկե, դա միայն այն դեպքում, երբ այլեւս հնարավորություն
չկա տարին մի քանի անգամ «մուֆթա» գնալ Ստրասբուրգ:

Շատ հետաքրքիր են նաեւ պաշտոնին ձգտելու շարժառիթները: Չեմ կարծում, թե
21-րդ դարի հայերն այնքան ռոմանտիկ են, որ ուզում են պաշտոն ստանալ երկիրը
զարգացնելու, կամ, ասենք, ժողովրդավարություն հաստատելու եւ մարդու
իրավունքները պաշտպանելու համար: Առաջին նպատակն, անկասկած, հարստանալն է:
Սակայն կան մարդիկ, ովքեր ուզում են հասնել պաշտոնի, որպեսզի շրջապատին
ինչ-որ բան ապացուցեն: Դրանք այսպես կոչված «աբիժնիկներն» են, որոնց փոքր
հասակում ծեծել են կամ աղջիկ չեն տվել, որովհետեւ նրանք «ցածր» են եղել
իրենց դիրքով, եւ այլն:

Շատ հետաքրքիր է պաշտոն ստացած հայերի պահելաձեւը: Շատ դեպքերում նրանք
մոռանում են ոչ միայն իրենց ընկերներին եւ բարեկամներին, այլեւ սկսում են
խուսափել իրենց անմիջական հարազատներից: Դա բացատրվում է մի քանի
հանգամանքներով: Նախ՝ նրանց ճանաչողները ցանկացած պահի կարող են հիշեցնել,
«թե ով է եղել Պանիկովսկին մինչեւ հեղափոխությունը»: Հետո՝ նրանցից կարող
է սկսեն պաշտոն կան փող ուզել: Եվ վերջապես, ինչպե՞ս կարող է «Ինքը» շփվել
ինչ-որ ժողովրդական զանգվածների հետ, չէ՞ որ նրանք իր հետ ոչ մի ընդհանուր
բան չունեն: Այս ամենի հետեւանքով պաշտոնյաները սկսում են շփվել
հիմնականում նրանց հետ, ովքեր իրենց երեսին ծիծաղում են, բայց հետեւից
հայհոյում, այսինքն՝ պոտենցիալ «տակ փորողների հետ»:

Մի խոսքով, ո՛չ պաշտոնյա հայեր, եթե մտադրություն ունեք հասնել ինչ- որ
պաշտոնի, ավելի լավ է ընտրեք մարդավարի ապրելակերպը, որովհետեւ, ինչպես
տեսնում եք, հայ պաշտոնյան՝ փողի հետ միասին ունենում է շատ նախանձողներ,
հայհոյողներ եւ անիծողներ: Հիմա ես չեմ՝ դուք եք, բա արժե՞ այդքան
«սապոնվել», որ հետո այդքան «հայհոյանք ուտես»:

Պաշտոնի չձգտող հայ՝ Ա. Ք.