Դեռեւս նախընտրական շրջանում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի միջեւ հեռակա բանավեճ էր ծավալվել:
Օմբուդսմենը հայտարարել էր, թե Հանրային հեռուստաընկերությունը չի կատարում իր պարտականությունը եւ նախագահական ընտրությունների անաչառ ու հավասարակշիռ լուսաբանում չի ապահովում: «Շատ դեպքերում Հանրայինը կարծես թե դառնում է բեւեռներից մի կողմը եւ իր լրագրողների միջոցով ինքն է պատասխան տալիս այս կամ այն քաղաքական գործչին: Այնինչ նա ընդամենը պետք է լուսաբանի, եւ հանրությունը պետք է որոշի օբյեկտիվությունը»,- ասել էր օմբուդսմենը: Ալեքսան Հարությունյանն, իր հերթին, պատասխանեց Արմեն Հարությունյանին, թե` «Երեւի մյուս կողմն էլ ինքն է, հա՞: Էդքան մի հուզվի, տղա ջան, օրեր են, կմթնեն, անց կկենան»: Նշենք, որ լուսաբանման անհավասարակշռությունը վերաբերում էր հատկապես ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավին: Մյուս բոլոր թեկնածուների քարոզարշավը Հանրային հեռուստատեսությունը համեմատաբար հավասարակշիռ էր լուսաբանում: Հիշեցնենք նաեւ, որ հեռուստաընկերությունների` քարոզարշավը ոչ հավասարակշիռ լուսաբանելու մասին անդրադարձ է եղել նաեւ տեղական ու միջազգային մոնիտորինգային կազմակերպությունների զեկույցներում: Երեկ, սակայն, «Ուրբաթ» ակումբում Ա. Հարությունյանն ասաց, թե Հանրային հեռուստաընկերության եթերում արդեն լուսաբանման հավասարակշռություն է նկատել: Նկատենք, որ եթե նախընտրական շրջանում «Հայլուրը» գրեթե ամեն օր նկարում եւ թեկուզ բացասական ֆոնի վրա էր ներկայացնում Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումներն ու հանրահավաքները, ապա հետընտրական շրջանի այս բոլոր օրերին Ազատության հրապարակի բազմահազարանոց միտինգների մասին կամ չի խոսում, կամ էլ շատ հպանցիկ անդրադարձ է կատարում: Լավագույն դեպքում ցուցադրում է մի քանի մարդկանց կարծիքները, որոնք դժգոհում են, որ ցուցարարները գիշերներն աղմկում են եւ իրենց քունը խանգարում: Մինչդեռ մյուս բոլոր թեկնածուների ու նրանց համակիրների հետընտրական հայտարարություններին «Հ1»-ը բավական մանրամասն անդրադառնում է: Ալեքսան Հարությունյանի արձագանքից հետո օմբուդսմենը կարծես թե իր նախկին կարծիքը փոխել է: Լրագրողները երեկ զարմացան նրա այն պատասխանից, թե Հանրայինն արդեն հավասարակշռություն է ցուցաբերում: Օմբուդսմենն էլ զարմացավ լրագրողների զարմանքի վրա: «Թեեւ քիչ, բայց կադրեր են ցուցադրվում: Ու քանի որ մինչ այդ դա էլ չկար, ապա պետք է նկատել առաջընթացը եւ, թերությունների մասին խոսելուց բացի, արձանագրել նաեւ գրանցված առաջընթացը»,- ասաց Ա. Հարությունյանը: Ի դեպ, պարոն Հարությունյանը երեկ ասաց նաեւ, որ Կենտրոնի եւ ոչ մի բնակչից բողոք չի ստացել, թե Ազատության հրապարակի հանրահավաքը խանգարում է իրենց անդորրը: Իսկ ընդհանրապես Արմեն Հարությունյանը երեկ ընդդիմությանն ու իշխանությանը միմյանց լսելու, երկխոսության ու հանդուրժողականության կոչ էր անում: «Պետք է ցավով նշեմ, որ ընտրական այս երեւույթները ցույց են տալիս, որ տոտալիտար որոշակի արժեքներից դեռ ամբողջովին չենք ձերբազատվել եւ երբեմն պատրաստ չենք հանդուրժողականության, երկխոսության ու համագործակցության: Մինչդեռ ժողովրդավարությունը խարսխված է այս ամենի վրա: Պետք է նշեմ, որ մեր թիվ մեկ թշնամին անհանդուրժողականությունն ու բեւեռացումն է: Ես չեմ պատկերացնում, թե անհանդուրժողականության վրա մենք ինչպես պետք է երկիր կառուցենք: Համոզված եմ, որ այսօրվա երեւույթների իրական պատճառների ու դրանց լուծման վերաբերյալ քաղաքական կամք պետք է դրսեւորվի»,- ասաց Ա. Հարությունյանը: Նա ուշադիր է հանրահավաքների եւ Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձերբակալությունների նկատմամբ: «Մեզ ինֆորմացիա եկավ, որ Սմբատ Այվազյանին խոշտանգումների են ենթարկել: Մեր արագ արձագանքման խումբն անմիջապես գնաց, հանդիպեց ու նրա հետ խոսեց: Պարզվեց, որ այդպիսի բան չկա: Այսօր բողոք ենք ստացել Գուրգեն Եղիազարյանից, որ իրեն մոտ 10 ժամ անօրինական կերպով պահել են: Պետք է պարզաբանում պահանջենք համապատասխան մարմիններից»,- ասաց օմբուդսմենը:
Լրագրողների հարցին, թե իրեն չի՞ մտահոգում այն, որ Ազատության հրապարակում հնչում են քաղաքական գնահատականներ, սակայն ձերբակալված ընդդիմադիրներն այսօր հայտնվել են իրավական հարթությունում, Ա. Հարությունյանը խուսափողական պատասխան տվեց. «Իրավական մեխանիզմները հիանալի ցույց կտան, թե որքանով է այդ ամենը հիմնավորված, որքանով՝ ոչ: Ճիշտ է, ձեր ասած մարդիկ հիմնականում ընդդիմադիր դաշտից են, բայց դա չի նշանակում, որ այդ մեղադրանքներն իրավական տեսակետից անհիմն են»:
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձավ նաեւ հանրահավաքներին ու երթերին: Նրա աշխատակիցները մասնակցում են գրեթե բոլոր հանրահավաքներին, այնպես որ, Ա. Հարությունյանի տեղեկություններն «առաջին ձեռքից են»: Օմբուդսմենի արագ արձագանքման խումբը երկու օր առաջ մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանի ու Տեր-Պետրոսյանի միաժամանակ տեղի ունեցող հանրահավաքներին եւ չի նկատել, որ մարդկանց սպառնալիքներով, պարտադրելով են բերում հանրահավաք: «Համենայնդեպս, մինչեւ հիմա դեռ ոչ մեկը մեզ կոնկրետ չի բողոքել, թե իրեն սպառնալով են տանում Սերժ Սարգսյանի հանրահավաքին»,- ասաց Ա. Հարությունյանը: Նրանք նաեւ չեն նկատել, որ Ս. Սարգսյանի հանրահավաքի մասնակիցները Հանրապետության հրապարակից Հյուսիսային պողոտայով բարձրացել եւ միացել են Ազատության հրապարակի հանրահավաքին: Ա. Հարությունյանն անդրադարձավ նաեւ ընտրությունների ժամանակ հնչած կեղծիքների, կաշառքների ու բռնությունների մասին բողոքներին: Այս անգամ բողոքները եղել են այնքան, որքան եղել էին 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Պարզապես այս անգամ շատ էին բանավոր բողոքները, որոնք, նրա խոսքերով, հիմնականում «ֆոն ստեղծելու» նպատակ ունեին, եւ իր աշխատակիցները դրանց չեն արձագանքել: «Օրինակ, մեզ զանգում էին, թե՝ եկեք-տեսեք՝ ինչ է կատարվում Մալաթիայում: Նման ահազանգերին մենք չենք արձագանքել, մենք արձագանքում էինք ավելի կոնկրետ բողոքներին: Մարդու իրավունքների գրասենյակն ընտրակաշառքներ բաժանելու մասին որեւէ գրավոր դիմում-բողոք չի ստացել: Սակայն միանշանակ կարող եմ ասել, որ դա փաստ է մեր հասարակության համար, եւ մենք այդ ընտրակաշառքների հետ կապված լուրջ անելիքներ ունենք»,- ասաց օմբուդսմենը: