Ագրեսիվության նշաններ է տեսնում

29/02/2008

«Ազատության հրապարակի հարթակից այսօր զուտ ամբոխավարական, հուզական ալիք բարձրացնելու նպատակով խոսքեր են հնչում, որոնք կարող են ստեղծել անկառավարելի, ագրեսիվ ամբոխ»,- երեկվա ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` նկատելով, թե մինչ այժմ կիրառվող տեխնոլոգիաները տանում են հենց դրան: Ըստ Մանասյանի` երկխոսությունից հրաժարվելն արդեն իսկ «ագրեսիվության» նշան է: «Ցանկանում են նրանք, թե ոչ` չգիտեմ, բայց ամբողջ ընթացքը ցույց է տալիս, որ խուսափում են»,- ասաց Ա. Մանասյանը` ավելացնելով, որ նրանց կողմից ասված կարգախոսների մեջ բացակայում է կոնկրետ քաղաքական ամբողջական ուղեգիծը: «Հանրահավաքի հարթակից հնչում են խոստումներ, այն էլ՝ հաճախ անիրական, գայթակղիչ, կամ միայն բորբոքված, ընդդիմախոսներին վարկաբեկող արտահայտություններով: Այդ ասածների ամբողջականության մեջ հնարավոր չէ գտնել գաղափարական հիմք, հայեցակարգային դրսեւորում»,- նշեց նա: Ա. Մանասյանի կարծիքով, ՀՀ շատ կուսակցություններ ռեալ քաղաքական իրավիճակի հետ «կենդանի կապ չունեն»: Ըստ նրա` ստեղծված իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ կա` մեկը ցնցումներն են, մյուսը` հանդարտ, խաղաղ, քայլ առ քայլ զարգացումը: «Թող աստիճանական, դանդաղ, բայց անցումային զարգացում լինի: Ոչ ոք չգիտի, թե ցնցումը ուր կարող է տանել»,- ասաց Ա. Մանասյանը: