«Անօրինական զենքի ծավալները մեծանում են»

29/02/2008

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը սկսելուց առաջ ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական պատգամավորները ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով, իսկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը վարդերի փունջ փոխանցեց Ս. Սարգսյանին:

Վերջինս, սակայն, Տ. Թորոսյանի տված ծաղկեփունջը փոխանցեց իր կուսակից պատգամավոր Հրանուշ Հակոբյանին, իսկ նա էլ այն բաժանեց խորհրդարանում ներկա կին պատգամավորներին:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին, օրինակ, հետաքրքրում էր Սերժ Սարգսյանի` ընդդիմության հետ համագործակցության նախօրեին հնչեցրած կոչը: Մասնավորապես, Ա. Բախշյանին հետաքրքրում էր, թե կոնկրետ ինչ գործողություններ են ընկած Ս. Սարգսյանի այն տողերի տակ, ըստ որի` «իշխանությունը պատրաստ է համագործակցելու բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանուն Հայաստանի զարգացման եւ ի բարեկեցություն Հայաստանի ժողովրդի»: Ի պատասխան, Ս. Սարգսյանն ասաց. «Երեկ իմ ելույթում ասել եմ, թե ինչպիսի համագործակցություն եմ առաջարկում` ընդհուպ մինչեւ կոալիցիոն կառավարության ձեւավորում: Չեմ կարծում, որ խորհրդարանի ամբիոնը այն ամբիոնն է, որտեղ պետք է մանրամասներ քննարկել: Խնդրեմ, ովքեր պատրաստ են համագործակցության, պատրաստ են արձագանքելու այդ կոչին, մենք գործնական հարթություն կբերենք եւ կսկսենք գործնականում քննարկել: Այսօր արդեն համագործակցելու արձագանքներ կան ընդդիմության կողմից: Մենք արդեն այսօրվանից աշխատում ենք: Եթե այդ արձագանքը կլինի ձեր կողմից` ձեզ հետ էլ կաշխատենք հաճույքով»:

«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ` մինչ կոնկրետ հարցադրում հնչեցնելը՝ նախ նշեց, թե փետրվարի 19-ի ընտրությունների ժամանակ պատգամավորների նկատմամբ կիրառվել են բռնություններ, վերջին օրերին քաղաքական հետապնդումների զոհ են դարձել մի քանի քաղաքական, հասարակական գործիչներ, հասարակ քաղաքացիներ եւ ուսանողներ, ձերբակալվել են տարբեր հիմնավորումներով՝ ապօրինի զենք կրելուց մինչեւ հակասահմանադրական կոչեր հնչեցնելը: «Սակայն մեզ հայտնի է նաեւ, որ գործարար աշխարհում, մեր գործընկերների մեջ, մեր ընկերների, եղբայրների մոտ կան թիկնազորեր, որոնք ունեն զենք, զինամթերք, երբեմն անօրինական, մենք գիտենք, որ հասարակ քաղաքացիները երբեմն շատ ավելի սուր հայտարարություններ են հնչեցնում, քան քաղաքական գործիչները, սակայն հետապնդումները ընտրովի են իրականացվում, ընդ որում` պատգամավորների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները ոչ միայն չեն ձերբակալվել, այլեւ պաշտոնավարում են իրենց բարձր պաշտոններում»,- ասաց Ա. Մարտիրոսյանն ու Ս. Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա պատկերացնում օրենքի առջեւ բոլորի հավասարությունը կիրառելու սկզբունքը գործնական դաշտում: Ի պատասխան, Ս. Սարգսյանն ասաց, թե իսկապես հսկայական գործ ունեն անելու եւ պետք է մեծ ջանքեր գործադրեն` առաջին հերթին վերացնելու համար իրավական անգրագիտությունը պետական պաշտոնյաների եւ պատգամավորների մոտ: «Հասարակ քաղաքացի եւ քաղաքական գործիչ. ես չեմ հասկանում` դա ինչ է նշանակում: Ինձ համար ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են: Ինձ համար անօրինական զենքն անօրինական զենք է համարվում՝ անկախ նրանից, դա կլինի պատգամավորի՞, հասարակ քաղաքացո՞ւ, թե՞ ԵԿՄ անդամի մոտ»,- պատասխանեց Ս. Սարգսյանը` հավելելով, թե անօրինական զենքը մշտապես առգրավվել է, իսկ հիմա դրա ծավալները մեծանում են, եւ գնալով պետք է իսպառ բացառվի անօրինական զենքի առկայությունը: Ի դեպ, Ս. Սարգսյանը տեղյակ չէր, որ ընտրությունների օրը բռնություններ են կիրառվել պատգամավորներ Ա. Մարտիրոսյանի, Վարդան Խաչատրյանի եւ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ: Նա խոստացավ ճշտել, թե ինչ բռնություն է իրականացվել, եւ խնդրել Ոստիկանությանը՝ արագացնել քննությունը: