Երեկ հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իր գլխավորած շարժումը դասական բուրժուադեմոկրատական հեղափոխություն է:
Փաստորեն առաջին անգամ պարոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ այս ամենը հեղափոխություն է, ինչի մասին շատերը խոսում էին դեռեւս այն պահից սկսած, երբ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ առաջադրում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին: Կարծում եմ, որ նա փոքր-ինչ անկեղծ չէ` սա նման է ոչ թե բուրժուադեմոկրատական հեղափոխության, այլ՝ գունավոր: Պարզապես, ինչպես եւ նրա նախորդ, գրեթե բոլոր PR քայլերը, այս մեկը եւս գերազանց հաշվարկված է: Երեւի թե ճիշտ էր Ուինսթոն Չերչիլը, երբ ասում էր, որ «մեծ առավելություն է ստանում այն անձը, ով բավականին շուտ է կատարել իր սխալները, որոնց վրա կարելի է սովորել»: Լ. Տեր-Պետրոսյանի թիմը շատ լավ գիտի, թե հետխորհրդային պետություններում իրականացված բոլոր «գունավոր հեղափոխությունները» ինչպիսի դառը հետեւանքներ ունեցան` Ուկրաինան մինչ օրս «ընտրություն-ընտրություն» է խաղում, Վրաստանում` Սահակաշվիլին երկու-երեք տարվա ընթացքում լիբերալ-հեղափոխականից վերածվեց դիկտատորի: Քաջ գիտակցելով, որ այսքանից հետո մեր հասարակությունը կարող է չվստահել «գունավոր» հեղափոխություններին, Լ. Տեր-Պետրոսյանն այն անվանեց «բուրժուադեմոկրատական»: Ի դեպ, ի տարբերություն իշխանությունների, որոնք իրենց հույսը դրել էին ահարոնադիբեկյանների եւ գեւորգպողոսյանների սոցիոլոգիական հարցումների վրա, Լ. Տեր-Պետրոսյանի թիմը շատ լավ էր ուսումնասիրել այսօրվա հայ հասարակության պահանջները եւ ամեն ինչ անում է այդ պահանջներին համահունչ` երգ ու պար, սերիալին նմանվող երկարատեւ ակցիաներ, երիտասարդության հետ աշխատանք եւ այլն: Ինչեւէ, փաստը մնում է փաստ, որ այս ամենը հեղափոխություն է: Իսկ հիմա հարց է առաջանում՝ պե՞տք է արդյոք Հայաստանում հեղափոխություն, թե՞ ոչ: Ընդհանրապես հեղափոխությունը ծայրահեղ միջոց է, ինչն ինքն իրենով արդեն շատ վատ է: Լեհ հեղափոխական Լեխ Վալենսան իր իսկ տված հարցին, թե «ինչպիսի՞ն պետք է լինի ապագայի հեղափոխականը», պատասխանել է. «Ապագայում հեղափոխականներ ընդհանրապես չպետք է լինեն»։ Իսկ ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը ժամանակին ասել է. «Երկկողմանի փողոցի մեջտեղի մասը ամենաանհարմարն է երթեւեկության համար: Բայց երկու ծայրահեղ մասերը` աջը եւ ձախը` կեղտահոս ջրերի առվակներն են»: Իսկ սա նշանակում է, որ մյուս ծայրահեղությունը` լճացումը եւս շատ վատ է: Որովհետեւ դեռեւս Գերմանական կայսրության կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկն էր ասել. «Վատ օրենքներով, բայց լավ չինովնիկներով կարելի է ղեկավարել երկիրը: Սակայն եթե չինովնիկները վատն են, չեն օգնի անգամ ամենալավ օրենքները»: Այսինքն, եթե հասարակությունը կամ գոնե այդ հասարակության առաջադեմ հատվածը դեմ է հեղափոխությանը, դա դեռ չի նշանակում, որ հասարակությունը կողմ է լճացմանը: Հասարակությունը միշտ էլ փոփոխություններ է ուզում: Այդ իսկ պատճառով իշխանությունն ինքը պետք է աներ այդ փոփոխությունները` ժամանակ առ ժամանակ թարմություն մտցնելով հասարակության մեջ: Դրա վառ օրինակն է ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանը, որն իր ընտրողներին ներկայացավ ռեֆորմատորի իմիջով: Դա ամենեւին էլ չի նշանակում, որ պարոն Սահակյանը ռադիկալ ընդդիմադիր էր: Ավելին, նա իշխանության թեկնածուն էր, որը ժամանակի ընթացքում դարձավ միասնական թեկնածու: Իսկ մեր իշխանությունները «լայն կոալիցիայի» եւ «մեղավորներին պատժելու» մասին սկսեցին խոսել միայն այն ժամանակ, երբ բանը բանից անցել է: Թեեւ, այն, ինչ առաջարկեց երեկ Սերժ Սարգսյանը, բավական գովելի եւ լուրջ քայլ է Հայաստանի համար: Միայն թե այդ քայլի շարունակությունը պետք է այնպես անել, որ չստացվի այնպես, ինչպես ժամանակին ասել է Վ. Չեռնոմիրդինը. «ղՏՑպսՌ ՍՈՍ սցփՔպ, Ո տՏսցփՌսՏրՖ ՍՈՍ ՉրպչՊՈ»: Որովհետեւ, եթե այդ առաջարկից պետք է օգտվի Արտաշես Գեղամյանը (որն առանց այդ էլ այս ընտրություններից արդեն շատ-շատ է «օգտվել»), ապա ավելի լավ էր այդ առաջարկն ընդհանրապես չլիներ: Եվ, քանի որ, բացի էպիզոդներ նկատելուց, ես նաեւ լավատես եմ, ապա համոզված եմ, որ անկախ ամեն ինչից՝ այս պատմությունը լավ ավարտ է ունենալու: