Հայկական դեժավյու

29/02/2008 Արա ԳԱԼՈՅԱՆ

Նախընտրական անցած քարոզարշավն արդեն կարելի է վերլուծել: Մեր հասարակագետների ճնշող մեծամասնության համար ժամանակակից հասարակական գործընթացները մասնագիտական հետաքրքրության թեմա չեն դառնում: Եվ այդ անշնորհակալ գործը մնում է լրագրողների ուսերին: Մյուսները գերադասում են արդարանալ մտավորականի վեհերոտ լինելու պնդումով: Ես դեմ չեմ առաջինը սկսել: Հատկապես, որ քարոզարշավն իսկապես տարբերվում էր նախորդներից: Հայ հասարակությանը պարբերաբար մատուցվեց այն, ինչ իմ հասարակագիտական կրթությամբ ու փորձառությամբ կանվանեմ «գավառական սեւ PR»: Սրա կողքին թեկնածուների մի մասն իր քարոզարշավը վստահեց ինչ-որ կառույցի: Ամենանկատելին, իհարկե, Սերժ Սարգսյանի քարոզարշավն էր, որ վստահվել էր ուրախների ու հնարամիտների մի թիմի` «Շարմին»: Այդ պահին հավանաբար ոչ ոք չէր հիշում, որ նույն հնարամիտ ուրախները 1996թ. փառահեղորեն տապալել էին այդ պահին իշխանության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավը: Թե հասարակության քանի շերտ ու խումբ հիասթափվեց Երեւանի Երիտասարդության պալատի ռաբիսախառը համերգից, ոչ ոք չուսումնասիրեց: Սխալները չվերլուծելը Հայաստանում ավանդույթ է դառնում: Ոչ սխալվողներն են դաս քաղում, ոչ` մյուսները: Արդյունքում քաղաքական քարոզարշավի կազմակերպման պատվերը կարող է տրվել շոու կազմակերպողին: Հասարակության հիմնական հատվածը քարոզարշավին հետեւում է հեռուստատեսությամբ: Հասկանալի է` հիմնականում Հանրայինի եթերով: Ի՞նչ կարող էր արձանագրել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի քարոզարշավին հետեւողը: Նախ՝ Հ1-ի լրատվական ծրագրում չպատճառաբանված քնքշաժպիտ հաղորդավարը հայտարարում էր, որ վարչապետը քարոզարշավի շրջանակներում այցելել է որեւէ քաղաք: Հետեւում էր տեսանյութը, ուր նույն պաստառի տակ Սերժ Սարգսյանը միայնակ կանգնած ներկայացնում էր իր ծրագիրը: Քարոզարշավի տրամաբանությունը ողջ աշխարհի համար նույնն է` ժողովրդի քվեին հավակնող թեկնածուն համառոտ ներկայացնում է իր ծրագիրը: Հետեւաբար՝ բոլոր ելույթները համարյա նույն բովանդակությունն ունեն: Ոչ մի երկրում էլ թեկնածուները մեկից ավելի ծրագիր չեն ունենում: Հետո կադրում լսող բնակչությունն էր: Մեր երկրի բոլոր մարզերում բնակչությունն ապրում է սոցիալական միանման պայմաններում: Մենք` հայաստանցիներս էլ, հակառակի պես՝ հիմնականում հայ ենք: Հետեւաբար կադր ընկած բնակչության ռասայական կամ էթնիկ պատկանելությամբ հնարավոր չէ պարզել, թե որ բնակավայրից է ռեպորտաժը: Նրանք բոլորը մաթեմատիկայի մեծ թվերի տեսության համաձայն՝ համարյա միանման են հագնված: Հագուկապից էլ չես հասկանա, թե որտեղ է կայացել այս հանդիպում-հանրահավաքը: Բնակչության ձեռքին էլ մայրաքաղաքային «ստերիլ» դրոշներ ու կարգախոսներ են ու «եվրոփուչիկներ»: Ելույթ ունեցողի թիկունքի լայնածավալ պլակատը թույլ չի տալիս, որ կադրում տեղական որեւէ շենք հայտնվի, որպեսզի գոնե քաղաքային ծանոթ պատկերով կողմնորոշվես: Ռեպորտաժի վերջում (երեւի ամաչելով ռեպորտաժի երկարությունից) չի հիշեցնում, թե որտեղ էր կայացել նկարահանումը: Կարճ ասած, մի քանի օրից հեռուստադիտողի մոտ դեժավյու սկսվեց: Հատկապես, որ այդ նույն տեսանյութը հաջորդ օրը կրկնվում էր: Դեժավյուն խորացնում էր նաեւ այն, որ Հ1-ի լրատվական ծրագիրը մյուս թեկնածուների ելույթներից միշտ նույն հատվածն էր դնում: Բոլորն իրար ետեւից խոսում էին նույն թեմայով ու նույն թեկնածուի մասին: Ու այդպես՝ համարյա մեկ ամիս: Ոչ մի կերպ չներկայացվեց պատերազմում հաղթանակի ու պետության կայացման գործում Սերժ Սարգսյանի անվան հետ կապված ձեռքբերումներն ու լուրջ ավանդը:

Ուրախ հնարամիտները վերջում կարծես գլխի ընկան, որ հասարակությունը ոչինչ չի հասկանում: Հասկացան, ու, ենթադրում եմ, բարի մղումներով արեցին հերթական սխալ քայլը: Վարչապետը երեւանյան հանրահավաքում արդեն միայնակ չէր ամբիոն-հարթակում: Բայց նրա համախոհների թիմը լայն վզնոց-շարֆերով ձմեռային օլիմպիադայի հավաքական էր հիշեցնում: Եվրոպական բարեկեցիկ, բայց փոքր երկրի օլիմպիական հավաքական: Կատարածը բավարար չհամարելով՝ հնարամիտ ուրախները նույն տեսարանն ապահովեցին փետրվարի 26-ի Հանրապետության հրապարակի հանրահավաքում: Ուղիղ մեկ տարի ազգիս մամուլը քննադատում էր ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին, որ նա հասարակական ինչ-որ երեւույթ բացատրել էր ազգային մենթալիտետով: Ես ինքս խորապես համոզված եմ, որ հասարակական կյանքի շատ երեւույթներ հենց ազգային մենթալիտետի հենքի վրա են ձեւավորվում: Ու ինձ համար տարօրինակ է, որ այդքան քննադատվելուց հետո Ս. Սարգսյանը քարոզարշավի ողջ ընթացքում հաշվի չառավ ազգային մենթալիտետ կոչվածը: Արդյունքն այդ տեսակետից ակնհայտ էր: Քարոզարշավում երգիչ-երգչուհիների «աստղեր» կոչվող խմբին եւս ուրախ ու հնարամիտ էին ներքաշել PR-ի մեր մասնագետները: Ուղղակի հաշվի չէին առել, որ Հանրային հեռուստատեսությունը վերջին տարիներին իր շոու ծրագրերով լրացնում է դեղին մամուլի տեղը: Նախ՝ դարավերջի, ապա՝ դարասկզբի «աստղերն» անվերջ խոսել են հեռուստաեթերում: Պարապ հեռուստադիտողը նույնիսկ գիտի նրանց վերաբերմունքը մայրաքաղաքային բար-ռեստորանների ճաշացուցակի մասին: Նրանց ելույթների արանքում (կամ առաջ) օրենսդրության զարգացումից ու ՀՆԱ-ից խոսելը ես չեմ գնահատի: Փետրվարի 26-ին մոտ 30 «աստղ էր» հրավիրված Սերժ Սարգսյանի քաղաքական լրջագույն ելույթից հետո երգելու: Հանդիսատեսի նյարդերը հերիքեցին չորսին լսելու: Մինչդեռ սկսել էին լավագույններ համարվածները: Բոհեմը՝ գլուխը քարը, նրանք սովոր են վիշտն օղու մեջ խեղդել: Բա մյուսնե՞րն ինչ անեն: