Վեց դեպք

29/02/2008

Հանրապետությունում 2007թ. գրանցվել է մայրական մահացության 6 դեպք 2006թ. 10-ի դիմաց: Դրանք հիմնականում եղել են հղիության հետ կապված բարդությունների արդյունքում` հիմնականում ծննդաբերության եւ հետծննդաբերության ժամանակահատվածում: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցած տվյալներով` նախորդ տարի կյանքի առաջին տարում մանկական մահացության դեպքերը կազմել են 429` 2006թ. համեմատ նվազելով 94-ով: Մանկական մահացության գործակիցը կազմել է 10.7 պրոմիլ` 2006թ. 13.9 պրոմիլի համեմատ (1000 կենդանի ծնվածի հաշվով): Մահացությունների 76.2 տոկոսը գրանցվել է ծննդից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածում` հիմնականում բնածին արատների արդյունքում: ԱՎԾ տվյալներով` նախորդ տարի արձանագրվել է ծնելիության բացարձակ թվաքանակի աճ. գրանցվել է 40.142 ծնունդ` 2006թ. 37.639 ծնունդի դիմաց: Ծնելիության ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշվով կազմել է 12.4 պրոմիլ` 2006թ. 11.7 պրոմիլի դիմաց: