Երեկ մի խումբ ադրբեջանցիներ Բրյուսելում պահանջել են Եվրամիությունից՝ դատապարտել 16 տարի առաջ Խոջալուում կատարվածը: DPA-ի վկայությամբ՝ տասնյակ ադրբեջանցիներ երեկ ցույց են կազմակերպել Եվրամիության կենտրոնակայանի դիմաց եւ ծածանելով Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներ՝ վանկարկել են. «Հայերը ահաբեկիչներ են»: ՄԱԿ-ին, Եվրամիությանը եւ այլ միջազգային կազմակերպություններին հասցեագրված հայտարարությունում ադրբեջանցիները պահանջել են «ճանաչել եւ դատապարտել Խոջալուի ցեղասպանությունը»: Ադրբեջանը պնդում է, որ 1992 թվականի փետրվարի լույս 26-ի գիշերը հայկական ուժերը սպանել են 613 խաղաղ բնակչի, իսկ 1275-ին պատանդ են վերցրել: Իսկ հայկական կողմը հերքում է մեղադրանքները: