ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության ծառայության գործակալության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ՀՀ-ում փետրվարի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 87 հազար 17 մարդ: Այդ թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15.000-ով կամ 17.5 %-ով: Գործազուրկ է նրանց 84 %-ը կամ 72.000-ը: Այդ թվում կանանց տեսակարար կշիռը շարունակում է մնալ բարձր եւ կազմում է գործազուրկների թվի 74.2 %-ը կամ 53 հազար 6-ը: Գործազուրկների թվաքանակի մեջ մեծ թիվ են կազմում աշխատաշուկայում անմրցունակ անձինք, հատկապես 3 տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվողները` 31.913 կամ 44.1%, եւ հաշմանդամները` 15 հազար 22 կամ 2.1%: 2008թ. հունվար ամսվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 510 աշխատանք փնտրող: Նշված ժամանակահատվածում շուրջ 1147 թափուր աշխատատեղի համար հայտ է ներկայացվել մանկավարժի, գործավարի, մենեջերի, մարկետոլոգի, դիզայների, եռակցողի, փականագործի, էլեկտրիկի, խառատի, ավտովերանորոգողի, վաճառողի, մատուցողի, վարորդի, հանքափորի եւ այլ մասնագիտություններով: 2008թ. գործազրկության նպաստը 15.000 դրամ է: Հունվարի 31-ի դրությամբ գործազրկության նպաստ է ստանում շուրջ 14.750 գործազուրկ: Ըստ Ա. Հարությունյանի` հանրապետությունում գործազրկության մակարդակը 6.7 % է: Այն միջինից բարձր է Լոռու (12.2%), Սյունիքի (14.7%), Շիրակի (15.5%), Տավուշի (7.9%) մարզերում: