Դարի հիվանդություն

29/02/2008 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Մարդկանց մեծ մասը հանկարծակի հայտնված գարնանային հարբուխը կամ կոնյուկտիվիդը համարում է սեզոնային ռեսպիրատոր հիվանդություններ: Բայց, չգիտես ինչու, նույնիսկ տարբեր դեղամիջոցների օգնությամբ այն հնարավոր չի լինում բուժել: Միայն ավելի ուշ է պարզ դառնում, որ մարդու մոտ պարզապես ալերգիկ դրսեւորումներ են:

1906թ. ավստրիացի մանկաբույժ Կ. Պիրկեն օրգանիզմի անսովոր հակազդեցությունները կոչեց մեկ տերմինով` ալերգիա: Ալերգիան սկսվում է հիմնականում երիտասարդ տարիքում, մինչեւ 40 տարեկանը: Գիտնականների կարծիքով` այն առաջանում է աղտոտված մթնոլորտի, ոչ ճիշտ սնվելու ու շատ դեղամիջոցների ոչ տեղին օգտագործման պատճառով: Այսօր առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 21-րդ դարը հայտարարել է ալերգիայի դար, քանի որ վիճակագրական տվյալներով` այն «3-րդ հազարամյակի խոլերա է»: Եվ արդեն աշխարհում մարդկության 20 տոկոսը տառապում է տարբեր ալերգիաներից:

Եվ այսպես, եթե ձեր քթից սկսում է հոսել, մաշկի վրա հատվածաբար քոր է զգացվում, աչքերը սկսում են արցունքակալել` կարծես ավազահատիկներ ընկած լինեն աչքի մեջ, ուրեմն ձեզ մոտ ալերգիայի նախանշաններ են ի հայտ գալիս: Իսկ ամենավատն այն է, որ ալերգիայի բարդացման դեպքում կարող են առաջանալ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են` բրոնխիալ ասթման, քրոնիկական րինիտը, եղնջատենդը (ՍՐՈտՌՉվՌՓՈ) եւ մաշկաբորբը: Պետք է անհապաղ դիմել բժշկի, որպեսզի հայտնաբերվի ալերգիայի առաջացման պատճառը: Դեռ շատ վաղուց հին հռոմեացի բժիշկ Գալենը նկատել էր, որ վարդից հոտ քաշելը նաեւ թեթեւ հարբուխ է առաջացնում:

Ալերգիկ մարդը պետք է իմանա, որ աշխարհագրական յուրաքանչյուր դիրքի համար գոյություն ունի յուրահատուկ «վնասակար» ծաղկափոշի: Օրինակ, Կրասնոդարում, Ստավրոպոլում եւ Վրաստանում դա ամբրոսիան է, որը թարգմանաբար նշանակում է անուշաբույր: Ի դեպ, այն իր ալերգիկ ազդեցությամբ առաջին տեղում է: Ղազախստանում ամենաալերգեն բույսերը օշինդրն ու վայրի կանեփն են, Ուզբեկստանում` բամբակը, հունական ընկույզն ու չինարին, իսկ ահա Հայաստանում` արծաթափայլ բարդին է: Ալերգիկ հիվանդությունները հաճախ վերագրում են բարդու ծաղկափոշուն, բայց դա այնքան էլ այդպես չէ, որովհետեւ այն կարող է առաջացնել զուտ մեխանիկական գրգռվածություն: Պատճառն ավելի ճիշտ քաղաքի օդի աղտոտվածությունն է, որովհետեւ ալերգիայով ավելի շատ տառապում են քաղաքի բնակիչները:

Ալերգիա առաջացնող գործոնները բազմազան են: Կարելի է ասել՝ սննդամթերքի գրեթե բոլոր տեսակները կարող են հանդիսանալ ալերգիայի գործոն: Բնականաբար, ալերգեն կարող են լինել քիմիական վերամշակում անցած մթերքները` սննդային ներկերը, լվացքի փոշիներն ու բազմաթիվ մաքրող միջոցները, շատ դեղամիջոցներ` հատկապես հակաբիոտիկները: Քիչ վնասակար չեն տնային կենդանիների մորթին, բուրդը, մազը կամ թեփը: Այս առումով պետք է ասել, որ ամենավտանգավորը կատվի մազն է: Ալերգիա կարող է առաջացնել նաեւ կենցաղային փոշին` փափուկ կահույքը, գորգերը եւ այլն:

Այսօր մաշկային հիվանդությունների կեսից ավելին ալերգիկ բնույթի են: Իսկ ավելի տարածված հիվանդություններն են եղնջատենդը եւ մաշկաբորբը (դերմատիտ): Երբեմն այս հիվանդություններն ավելի են անհանգստացնում, քան ներքին տկարությունը, չէ՞որ բոլորն են ուզում գեղեցիկ տեսք ունենալ, իսկ մաշկն արտաքին տեսքի ամենակարեւոր հատկանիշն է եւ այն շատ զգայուն է արտաքին միջավայրի հանդեպ, որը կարծես բարոմետր լինի օրգանիզմի համար: Կոնկրետ այս երկու հիվանդությունները բուժելու համար, առաջին հերթին, պետք է խուսափել ցանկացած տեսակի ալերգենի հետ շփվելուց կամ օգտագործելուց: Իսկ առհասարակ ալերգիաների բուժման համար օգտագործում են հիմնականում հակագիստամինային պրեպարատներ, բայց չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել ու խմել սուպրաստին կամ դիմեդրոլ, այլ ավելի ճիշտ կլինի դիմել բժշկի, որովհետեւ ալերգիայից առաջացած բարդությունները կարող են շատ վատ անդրադառնալ ձեր առողջության վրա:

Այնուամենայնիվ, ժողովրդական բժշկությունը բավականին փորձ է ձեռք բերել մեր օրգանիզմի բարձր զգայունության դեմ պայքարելու համար: Առաջին հերթին պետք է վարժեցնել օրգանիզմը եւ հարմարեցնել արտաքին աշխարհի բոլոր ազդեցություններին: Կարեւոր է առողջ ապրելակերպը` ֆիզիկական վարժությունները, մաքուր օդը, կոփվածությունը: Շատ դեղամիջոցների կողմնակի ազդեցություններից խուսափելու համար կարելի է դիմել բույսերի օգնությանը:

Մի քանի միջոց ալերգիաների դեմ

Մաշկաբորբին ու եղնջատենդին շատ լավ օգնում է արտաքին օգտագործման համար նախատեսված նեխուրի քսուքը, որը պատրաստվում է նեխուրի տերեւներից ու ոչ շատ աղի կարագից: Թրջոցներից հետո մաշկը լվանալու համար կարելի է պատրաստել նեխուրի արմատներով թուրմ: Շատ լավ օգնում է երիցուկի ծաղիկներից պատրաստված թուրմը` (15-20 ծաղիկ եւ 1 բաժակ եռացրած ջուր): Իսկ հայտնի բուլղարուհի Վանգան խորհուրդ էր տալիս հավասար քանակությամբ եղինջի ու շամբուկի տերեւներից թուրմ պատրաստել եւ գոլ վիճակում լվանալ հիվանդ մասերը: Նման դեպքում շատ լավ օգնում են կատվալեզվի (փպՐպՊՈ) լուծույթով լոգանքները (1 դույլ ջրին` 100 գրամի հարաբերությամբ):

Օշինդրը (պոլին)՝ որպես ալերգիայից ազատվելու միջոց

Պատրաստել օշինդրի թունդ թուրմ` եռացնելով այն 10 րոպե, ու թողնել, որ սառչի: Լավ լվացվել օճառով ու հետո ձեռքերն ու դեմքը լվանալ այդ թուրմով, սակայն չչորացնել, այլ թողնել, որպեսզի ինքն իրեն չորանա: Եղնջատենդը ձեզ երկար ժամանակ հանգիստ կթողնի:

Ալերգիայից ազատվելու ամենալավ միջոցներից մեկը համարվում է թարմ նեխուրի հյութը (1-2 թեյի գդալ՝ օրը 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ): Փոշու, հատկապես գրքի փոշու նկատմամբ եղած ալերգիային շատ լավ օգնում է հետեւյալ բույսերի հավաքածուն` հազարաթերթիկ, արեւքուրիկ, խատուտիկի արմատներ, դաշտային ձիաձետ, եգիպտացորենի թելիկներ, երիցուկ եւ մասուրի պտուղներ (5:4:3:2:1:1:4 հարաբերությամբ): Այս խառնուրդից 4 ճաշի գդալ լցնել 1 բաժակ ջրի մեջ ու թողնել մինչեւ առավոտ: Առավոտյան դնել կրակին ու հասցնել եռման ջերմաստիճանի, բայց չեռացնել ու թողնել 4 ժամ: Այնուհետեւ խմել օրվա ընթացքում 3 անգամ բաժակի 1/3-ի չափով: Այս ընթացքում չի կարելի ալկոհոլ օգտագործել:

Հիվանդությունն ուրախներից վախենում է

«Առողջ մարմնում` առողջ հոգի» աքսիոման մեր գիտակցության մեջ շատ ամուր է նստած, սակայն բժիշկներն ուշադրություն են դարձել մի օրինաչափության եւս` այն, որ առողջ հոգին կարող է բուժել հիվանդ մարմինը: Ավելի հեշտ է հիշել այս մասին, քան հույսն անվերջ դնել տարբեր դեղամիջոցների վրա: Բժիշկները մի շատ հետաքրքիր բան են նկատել: Կենսուրախ հիվանդները միշտ ավելի շուտ են հեռանում հիվանդանոցից, քան մռայլ, խոժոռ ու նյարդային մարդիկ: Եվ պատահական չէ, որ 16-րդ դարի շատ հայտնի բժիշկներից մեկն ասել է. «Կրկեսի ժամանումը քաղաք շատ ավելի լավ է մարդկանց առողջությանը, քան 10 հատ դեղատան բացումը»: Նաեւ նշվում է, որ երկարակյաց ու ոչ հաճախ հիվանդացող մարդիկ, որպես կանոն, կենսուրախ են եւ ունեն հումորի մեծ զգացում: Բոլոր փաստերը վկայում են օրգանիզմի վրա դրական էմոցիաների բարենպաստ ազդեցության մասին: Այդ ժամանակ նյութափոխանակությունն արագ է լինում, լավանում է ներքին բոլոր օրգանների գործունեությունը: Շատ դեպքեր են եղել, երբ լավատեսության շնորհիվ հաղթահարվել են շատ հիվանդություններ: Ուրեմն եկեք ուրախ ապրենք: