Ինչպես խնամել մաշկը գարնանը

29/02/2008

Գարնանը օրգանիզմում վիտամինի պակաս շատ է զգացվում, այդ պատճառով էլ պետք է մաշկին հատուկ ուշադրություն դարձնել: Գարնան փոփոխական եղանակը բացասաբար է ազդում հատկապես դեմքի մաշկի վրա, ուրեմն այն լրացուցիչ խնամք է պահանջում: Խորհուրդ է տրվում սկսել սննդից: Սննդակարգի մեջ պետք է ավելացնել բանջարեղենի քանակը: Բացի այդ, ամեն օր 1 անգամ, ուտելուց հետո կարելի է ընդունել պոլիվիտամին: Խոսքն առաջին հերթին A եւ C վիտամինների մասին է:

Եթե Ձեր մաշկը չոր է, ապա գոնե 1 շաբաթ մի լվացվեք: Դրա փոխարեն՝ օրը 2 անգամ դեմքը մաքրեք հավասար քանակությամբ եռացրած ջրի ու կաթի խառնուրդով` 1 ճաշի գդալը բավական է: Մաշկի վիճակը լավացնում է տաքացրած բուսական յուղով դիմակը: Թանզիֆի կտորը 3-4 անգամ ծալել, թրջել գոլ բուսական յուղի մեջ եւ դնել դեմքի վրա ու թողնել 15 րոպե: Հետո դեմքը մաքրել անձեռոցիկով կամ չոր բամբակով: Այս դիմակը առաջին 4 օրը պետք է անել ամեն օր, այնուհետեւ կարելի է 1 շաբաթվա մեջ այն կրկնել 2 անգամ: Մի քանի շաբաթ հետո մաշկի վիճակը կնորմալանա:

Յուղոտ մաշկն այսպիսի խնամք չի պահանջում եւ զգալիորեն քիչ է նրա՝ արեւից վնասվելու հավանականությունը:

Զգայուն մաշկը, որի վրա գարնան արեւից գրգռվածություն է առաջանում, ավելի լավ է մաքրել երիցուկի թուրմով:

Քամուց կոշտացած ու արեւահարված դեմքը պետք չէ անմիջապես լվանալ սառը ջրով: Մաքրեք թթված կաթով թրջված բամբակով, ապա, 10 րոպե հետո` սենյակային ջերմաստիճանի թեյով: Դեռ վաղուց, ժողովրդական բժշկության մեջ հիվանդ մաշկը բուժելու լավ միջոց է ծառայել կեչին: Կեչու գարնանային հյութը շատ արժեքավոր վիտամինային միջոց է: Այն պետք է հավաքել մաքուր տարայի մեջ: Այն երկար ժամանակ պահպանելու համար անհրաժեշտ է 500գ հյութին ավելացնել 100գ սպիրտ ու պահել հերմետիկ անոթի մեջ: Կեչու հյութը կարող է ծառայել որպես գերազանց կոսմետիկական դիմակ. այն կարելի է 2-3 անգամ քսել մաշկին ու թողնել 10 րոպե: Կամ` 1 ճաշի գդալ կեչու թարմ հյութը, նույնքան մայոնեզը, 1 թեյի գդալ մեղրը լավ խառնել եւ քսել դեմքին: Այս դիմակը վերականգնում է չոր մաշկի թոշնածությունը: