Երեկ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանին: Նրան մեղադրում են Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու մեջ: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի հավաստմամբ` քր.գործի նախաքննությամբ պարզվել է, որ փետրվարի 19-ին Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամաս են մտել Գյումրիի բնակիչներ, Լ. Տեր-Պետրոսյանի Գյումրիի նախընտրական շտաբի պետ Մուրադ Գրիգորյանը, Գյումրիի Զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանը, Շոթա Սաղաթելյանը եւ Պետրոս Մակեյանը: «Վերջիններս տեղամասում աղմկել են ընտրողների անձնագրերում դրոշմակնքման հարցի շուրջ, ընտրողների ներկայությամբ վիճաբանել ՏԸՀ նախագահի եւ անդամների հետ, շուրջ 10 րոպե խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը եւ սպառնացել»: Պ. Մակեյանը երեկ ձերբակալվել է եւ, ըստ Ոստիկանության հաղորդագրության` այժմ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Ի դեպ, որպես կասկածյալ ներգրավվելու մասին արձանագրությունը ստորագրելիս Պ. Մակեյանը ցանկություն է հայտնել օգտվել պաշտպանի ծառայություններից, եւ նրա ցանկությամբ նրա շահերի պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: