Ձերբակալությունները շարունակվում են

26/02/2008 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հետընտրական զարգացումները Հայաստանում գնալով ավելի սուր բնույթ են ստանում: Իշխանությունները տարբեր պատճառաբանություններով սկսել են ձերբակալել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: Արդեն ձերբակալվել են ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, պետեկամուտների նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Իսկ երեկ երեկոյան առեւանգվել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցը: Նրա գտնվելու վայրը երեկ երեկոյան դեռեւս հայտնի չէր: Կան նաեւ այլ ձերբակալվածներ: Մասնավորապես բերման են ենթարկվել ԱԺ պագամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի անդամները: Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի թիվ 22/37 ընտրատարածքի հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար քրեական գործ է հարուցվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի նկատմամբ: Ազատության հրապարակում արդեն 6-րդ օրն անընդմեջ շարունակվող հանրահավաքում երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի բացառել, որ իշխանությունները կարող են ձերբակալել նաեւ իրեն: Բայց նա ներկաներին կոչ է արել չհուսահատվել ու չլքել հրապարակը: Ի դեպ, երեկ Երեւանի քաղաքապետարանը կոչ է արել ազատել Ազատության հրապարակը, քանի որ այնտեղ տեղի ունեցող միջոցառումներն անօրինական են:

Երեւանի Ազատության հրապարակում երեկ արդեն 5-րդ օրն անընդմեջ շարունակվում էր ՀՀ առաջին նախագահի բազմահազար կողմնակիցների հանրահավաքը:

Ցուցարարները պահանջում են անվավեր ճանաչել փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունները: Ամեն օր Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանն են միանում պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Երեկ միացան նաեւ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության 3 վարչությունների պետեր, երկրապահներ եւ այլք: Ազատության հրապարակում գիշերողների թիվը գնալով ավելանում է. այդ մասին են վկայում ամեն օր տեղադրվող նոր վրանները: Բացի այդ, մոտ մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ էլ հենց հրապարակում հացադուլ են հայտարարել՝ դարձյալ պահանջելով անվավեր ճանաչել անցած ընտրությունների արդյունքները եւ նշանակել նոր ընտրություններ: Երեկ հանրահավաքի ընթացքում հարթակին էին մոտենում ՀՀԿ եւ ԲՀԿ անդամներ ու հրապարակավ պատռում անդամատոմսերը:

Ձերբակալում են

Այն բանից հետո, երբ Մոսկվայից վերադարձած ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուժային կառույցների ղեկավարների հետ խորհրդակցություն անցկացրեց ու հավաստիացրեց, թե իրենք «վճռական են լինելու», սկսեցին հերթով ձերբակալվել Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Ընդ որում, բուն ձերբակալման գործընթացը որոշ դեպքերում ավելի շատ հիշեցնում էր առեւանգում: Օրինակ՝ այդպես եղավ ՀՀ նախկին զինդատախազ, ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալման դեպքում: Հիշեցնենք, որ Գ. Ջհանգիրյանը ղեկավարում էր «Հոկտեմբերի 27»-ի գործով քննությունը, եւ փետրվարի 22-ին Ազատության հրապարակում հայտարարեց, թե ինքը համաձայն է «27»-ի գործի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի գնահատականներին, եւ, որ այդ գործից անջատված մասն ապօրինի է կարճվել: Այժմ նա գտնվում է ՀՀ Ոստիկանությունում եւ մեղադրվում է մայրաքաղաքում «իրավիճակն ապակայունացնելու» մտադրություն ունենալու մեջ: Ըստ Ոստիկանության, նրա մոտ զենք է հայտնաբերվել: Նախօրեին էլ ձերբակալվել է ՀՀ պետեկամուտների նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանը: Նրան էլ մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, իսկ թե կոնկրետ ում նկատմամբ է բռնություն գործադրել Ս. Այվազյանը, չի նշվում: Նրա մեքենայից, Ոստիկանության փոխանցմամբ, հայտնաբերել են սեւ գույնի բռնակով եւ նիկելապատ զսպանակով 1 մահակ, «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ` պահունակով ու 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով: Ձերբակալվել է նաեւ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Իրավապահների փոխանցմամբ՝ նա կասկածվում է հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու մեջ: Այսինքն` նրա մեղքն այն է, որ իր թողարկած տեսասկավառակներում Մեղրիի հարցի, «Հոկտեմբերի 27»-ի եւ այլնի մասին հռետորական հարցեր է ուղղում Ռ. Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Բերման են ենթարկվել նաեւ ԱԺ պատգամավոր, «Սիլ» կենցեռնի պատվավոր նախագահ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները: Ըստ Ոստիկանության, նրանց մոտ ատրճանակ ու զրահաբաճկոն է եղել: Նախօրեին մի քանի ժամ Ոստիկանությունում են անցկացրել նաեւ Խ. Սուքիասյանն ու «Երկրապահ» կամավորականների միության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը: Ձերբակալվել է նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Վերջինս մեղադրվում է Գյումրիի 34/06 ընտրատեղամասի աշխատանքները խոչընդոտելու համար: Կան այլ ձերբակալվածներ եւս: Մի քանիսին էլ մի քանի ժամ պահելուց հետո բաց են թողել: Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանն այս ձերբակալությունների կապակցությամբ Ազատության հրապարակում հայտարարեց, թե այսկերպ իշխանությունները փորձում են կանխել իշխանական բուրգի փլուզումը՝ դեռեւս իրենց կողքին կանգնած մարդկանց փորձելով համոզել, թե իրենք ուժեղ են, դրության տերն են: Սակայն դա, ըստ Լ.Տեր-Պետրոսյանի` նրանց «չի հաջողվում ու չի հաջողվելու»: Նա երեկ անգամ չբացառեց, որ շուտով կարող է եւ ձերբակալեն, ասենք, Արամ Զ. Սարգսյանին կամ հենց իրեն: Լ. Տեր-Պետրոսյանը հավաստիացրեց, որ այս ամենն իշխանությունը պահելու հուսահատ փորձեր են: Նա փոխանցեց նաեւ, որ իրավապահներն իր թիկնազորի պետից պահանջել են զինաթափել իր թիկնազորը: Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետը հրաժարվել է կատարել այս պահանջը, քանզի իր թիկնազորի հետ կապված հարցերը կարգավորվում են ոչ թե ինչ-որ մեկի հրամանով, այլ՝ օրենքով, ինչը չի խախտվել: Երեկ հանրահավաքի ընթացքում հարթակին մոտեցան 2 ոստիկաններ, ովքեր փորձում էին ինչ-որ ծանուցագիր փոխանցել Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս անգամ հրաժարվեց կարդալ դրա բովանդակությունը, եւ ոստիկանները, հրապարակում հավաքվածների սուլոցների ուղեկցությամբ` լքեցին հարթակը: Լ.Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, թե իր թիմում ոչ ոք ձերբակալությունից չի վախենում, իսկ ձերբակալվողներն էլ հերոս են դառնում: Ի դեպ, Լ. Տեր-Պետրոսյանը պատրաստվում է փետրվարի 19-ի ընտրության արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում:

Միջազգային արձագանքները

Երեւանում կատարվող իրադարձություններն աստիճանաբար դառնում են միջազգային լրատվամիջոցների կողմից հաղորդվող հիմնական լուրերի թեմա: Վրանային հրապարակի վերածված Երեւանի կենտրոնի իրադարձությունները գնալով ավելի ու ավելի մեծ միջազգային արձագանք են ստանում: Նախօրեին երեւանյան իրադարձություններին անդրադարձել են New York Times, Los Angeles Times, International Herald Tribune, BBC, Euronews եւ միջազգային բազում այլ լրատվամիջոցներ: Հայաստանյան իրադարձություններն ակտիվորեն լուսաբանում են նաեւ վրացական «Ռուսթավի-2» եւ «Մզե» հեռուստաընկերությունները: Ի դեպ, անցած օրերին Ազատության հրապարակում ՀՀ պետական դրոշների կողքին կարելի էր տեսնել նաեւ Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Վրաստանի պետական դրոշները: Երեկվա հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանը, փաստելով, որ մայրաքաղաքում կատարվող իրադարձությունները հայտնվում են միջազգային լրատվամիջոցների ու կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, տեղեկացրեց, որ ինքը երեկ հանդիպել է փետրվարի 19-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարի հետ, եւ երեկ նախատեսված էր նաեւ նրա հանդիպումը ՀՀ-ում գտնվող Սլովենիայի ԱԳ նախարարի հետ: Ըստ նրա, առաջիկայում ՀՀ-ում կատարվող իրադարձությունների մասին հայտարարությամբ հանդես կգան հեղինակավոր միջազգային կազմակերպություններ: