«Այդ մարդիկ այլ նպատակներ ունեն»

26/02/2008

«Հայաստանի նոր նախագահը լավատեղյակ է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին, սեղանի վրա գտնվող փաստաթղթի բովանդակությանը: Մեծ հաշվով, ներկայիս նախագահը եւ ես հավանություն ենք տալիս այդ փաստաթղթում տեղ գտած ընդհանուր սկզբունքներին, որոնց առնչությամբ վարչապետի դիրքորոշումը նույնն է: Մենք ժամանակ չենք կորցնի եւ շատ արագ բանակցությունները կվերսկսենք` հույս ունենալով այս տարվա ընթացքում մինչեւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները լրացուցիչ առաջընթաց արձանագրել»,- երեկ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Յան Կուբիշի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը` հավելելով, թե ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո համանախագահներն արդեն առաջին հանդիպումը կազմակերպելու նշաններ են ցույց տալիս: Ըստ նրա` Եվրամիության հատուկ ներկայացուցիչը եւս կոչ է արել ՀՀ նոր նախագահին եւ Ադրբեջանի նախագահին մոտ ժամանակներս հանդիպում ունենալ: Ժամկետների մասին, ըստ Վ.Օսկանյանի, ոչինչ հայտնի չէ, սակայն հանդիպումը կկայանա, երբ նոր նախագահը հարմար կգտնի: Ինչ վերաբերում է Կոսովոյի խնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշմանը, ապա Վ. Օսկանյանը նշեց, որ ՀՀ-ն չի աճապարելու որոշում կայացնելու ճանաչման մասին: «Այդ հարցը քննարկում ենք եւ մեր որոշումը հարմար ժամանակ կհայտնենք»,- ասաց նա:

Վ. Օսկանյանը երեկ անդրադարձավ նաեւ ներքաղաքական իրավիճակին` ասելով, թե այն կարող է բացասաբար անդրադառնալ երկրի միջազգային հեղինակության եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վրա: «Ադրբեջանն արդեն սկսել է իրավիճակը շահարկել. չեմ ցանկանում կոնկրետ օրինակներ բերել, սակայն նշեմ, որ սկսել է: Դիվանագիտական առումով նրանք «պատուհան» են տեսել: Նրանց թվում է, թե մեր իշխանությունները պառակտված են, հասարակությունը պառակտված է, եւ իրենք կկարողանան ինչ-որ ծրագրեր իրականացնել` այն, ինչ երկար ժամանակ փորձել են եւ չի հաջողվել»,- հայտարարեց Վ, Օսկանյանը` հավելելով, թե այն դրական իմիջը, որն այսօր Հայաստանն ունի միջազգային հանրության շրջանում եւ որը ձեռք է բերել ԱԺ վերջին ընտրություններից հետո, «կարող է ձեռքից բաց թողնվել»: «Սա շատ վատ կլինի: Մինչեւ հիմա մենք դա բաց չենք թողել. դրական գնահատական ենք ստացել, նույնիսկ այդ հավաքները ժողովրդավարության դրսեւորում են: Սակայն այս պահին, եթե կարողանանք իրավիճակը ճիշտ գնահատել, վերջ դնել այս ամենին, միմյանց ձեռք սեղմել ու մերձեցման գործընթաց սկսել, ապա հնարավոր կլինի պահել ձեռքբերածը»,- ասաց նա: Ըստ Վ. Օսկանյանի` եթե ընդդիմության հանրահավաքներն ու ակցիաները շարունակվում են նաեւ հիմա, երբ քվեարկության պաշտոնական արդյունքները հրապարակվել են, ապա դա նշանակում է, որ «այդ մարդիկ արդեն այլ նպատակներ ունեն»: «Այս հավաքները չնայած ունեցան ծայրահեղական դրսեւորումներ, սակայն կարծում եմ, որ հանդուրժելի էին: Բայց եթե դրանք շարունակվում են, ապա այդ մարդիկ նպատակ ունեն ուժով ինչ-որ բանի հասնելու: Սա արդեն ուրիշ որակ է, եւ սրան այլ ձեւով է պետք հակադրվել: Մինչ այս պահը տեղի ունեցածն ինչ-որ տեղ աշխարհը շատ նորմալ կընդունի, եւ մեր ժողովրդավարության համար եւս դրական էր, սակայն այս պահից հետո արդեն կսկսի բացասական ազդեցություն ունենալ,- նշեց նա` ավելացնելով,- Բարեբախտաբար, պետությունն ամուր է, եւ այդ բոլոր ջանքերն արդյունք չեն տվել եւ չեն էլ տալու»: