«Արդեն 5-րդ օրն է, ինչ խախտելով «ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի պահանջները, Երեւանի Ազատության հրապարակում առանց համապատասխան թույլտվության կազմակերպվում են չարտոնված հանրահավաքներ, նստացույց եւ երթեր»,- ասված է Երեւանի քաղաքապետարանի երեկվա տարածած հայտարարության մեջ: Նաեւ նշել են, թե` «առանց սահմանված իրազեկման եւ թույլտվությունների իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումները էապես խաթարում են Երեւան քաղաքի բնականոն կյանքը, առաջացնում են խցանումներ եւ անանցանելի դարձնում կենտրոնական փողոցները, հրապարակներն ու խաչմերուկները, բարդություններ ու խոչընդոտներ առաջացնում քաղաքացիների ազատ տեղաշարժի, տրանսպորտի անվտանգ եւ անխափան երթեւեկության համար»: Ըստ քաղաքապետարանի` միջոցառումների անցկացման վայրերում ստեղծվել է «հակահիգիենիկ եւ հակասանիտարական վիճակ: Գիշերային ժամերին Ազատության հրապարակում չեն պահպանվում նաեւ օրենսդրությամբ սահմանված լռության կանոնները, որով խախտվում է հարակից շենքերում բնակվող քաղաքացիների անդորրը եւ հանգիստը` առաջացնելով բնակչության արդարացի դժգոհությունը: Քաղաքապետարան են դիմում հազարավոր երեւանցիներ` արտահայտելով իրենց անհանգստությունը եւ վրդովմունքը»: Ստեղծված իրավիճակը համարելով անթույլատրելի` Երեւանի քաղաքապետարանը միջոցառումների կազմակերպիչներին եւ մասնակիցներին կոչ է արել դադարեցնել չարտոնված հանրահավաքները, երթերը եւ նստացույցը, «չխոչընդոտել տրանսպորտի անխափան երթեւեկությանն ու քաղաքացիների ազատ տեղաշարժին, չխանգարել Երեւանի բնակիչների անդորրն ու հանգիստը, վերականգնել մայրաքաղաքի կյանքի բնականոն ռիթմը»: