Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է կատարվել հանրապետության 1923 ընտրատեղամասերից 135-ում:
ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն` փետրվարի 24-ին` ժամը 14:00-ին, ավարտվել է վերահաշվարկի վերջնաժամկետը: ՀՀ ԿԸՀ մամուլի քարտուղարն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ թեկնածուների վստահված անձանց դիմումների հիման վրա կատարված վերահաշվարկի արդյունքում 26-ով ավելացել է նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի ձայների թիվը,15-ով` Արտաշես Գեղամյանի, 24-ով` Տիգրան Կարապետյանի: Արամ Հարությունյանի ստացած քվեները մնացել են անփոփոխ, Վահան Հովհաննիսյանինն ավելացել են 56-ով, Վազգեն Մանուկյանինը` 112-ով, Արման Մելիքյանինը` 4-ով: Սերժ Սարգսյանի քվեները պակասել են 743-ով, Լեւոն Տեր-Պետրոսյանինը` 186-ով: Փետրվարի 24-ին վերահաշվարկվել են թիվ 7 ընտրատարածքի 7/20 եւ 7/21 ընտրատեղամասերի արդյունքները: Վերահաշվարկի ընթացքում հայտնաբերված անճշտությունները, ԸԸՀ նախագահ Վլադիմիր Սարգսյանի խոսքերով, կոպիտ սխալներ չեն, տեղամասային հանձնաժողովների անփույթ աշխատանքի արդյունք են, որն էլ հոգնածության եւ գերլարվածության հետեւանք է: Վերահաշվարկը, ըստ նրա, ընտրությունների վերջնական արդյունքների վրա ոչ մի ազդեցություն չի ունենա: Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձի դիմումի հիման վրա 7/20 տեղամասի արդյունքների վերահաշվարկի արդյունքում 12-ով պակասել են Ս.Սարգսյանի, 2-ով` Լ.Տեր-Պետրոսյանի քվեները: Ըստ Վ.Սարգսյանի` տվյալ թեկնածուների օգտին քվեարկված եւ հաշվարկված քվեաթերթիկները ԸԸՀ-ի անդամների քննարկման արդյունքում ճանաչվել են անվավեր, արդյունքում` այս տեղամասում անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 13-ով: Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձն իր դիմումի հիման վրա կատարվող վերահաշվարկին ներկա չի եղել: 7/21 տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումը կրկին ներկայացրել էր Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ Ա. Բաղդասարյանի ձայներն ավելացել են
5-ով, Ա.Գեղամյանինը` 13-ով, Տիգրան Կարապետյանինը` 9-ով, Արամ Հարությունյանինը` 3-ով, Վազգեն Մանուկյանինը` 33-ով: Տեղամասային հանձնաժողովում այդ քվեաթերթիկներն անվավեր քվեաթերթիկների ծրարում էին տեղադրվել: Վ. Հովհաննիսյանի օգտին քվեարկված թերթիկները պակասել են 18-ով, Սերժ Սարգսյանինը` 1-ով, Լ.Տեր-Պետրոսյանինը` 14-ով: Ա.Մելիքյանն այս տեղամասում ձայն չէր ստացել: Անվավեր քվեաթերթիկներն այստեղ 50-ն էին:
Դիմումատու Գալուստ Հայրապետյանը, ով ԸԸ հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ մեկ առ մեկ ուսումնասիրել է Ս.Սարգսյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները, նշել է, որ բավարարված չէ վերահաշվարկի արդյունքներից եւ պատրաստվում է դատական կարգով վիճարկել ԸԸՀ-ի որոշումը: Նա ընդգծել է Ս.Սարգսյանի օգտին քվեաթերթիկներում կարմիր գրիչով կատարված նշումները: Ըստ նրա` ԸԸՀ բոլոր անդամները, ովքեր ներկա են եղել վերահաշվարկին, պնդել են, որ կարմիր, նույնիսկ կանաչ գրիչներով նշումներ են եղել նաեւ մյուս թեկնածուների օգտին քվեարկված քվեաթերթիկներում: Նաեւ հավելել է, թե ՀՀ Ընտրական օրենսգիրքը չի արգելում ընտրողին նշում կատարել ցանկացած գույնի թանաքով: Վերահաշվարկին հետեւել է նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդը: Թիվ 8 ընտրատարածքում Ա.Մելիքյանի վստահված անձի դիմումի հիման վրա 8/22 տեղամասի արդյունքների վերահաշվարկի արդյունքում բոլոր թեկնածուները պահպանել են իրենց քվեները: ԸԸ հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը տեղեկացրել է, որ Ա.Մելիքյանի վստահված անձ Կարինե Հարությունյանն ի սկզբանե ներկայացել է որպես Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձ, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նա Ա. Մելիքյանի վստահված անձն է: Թեկնածու Ա.Գեղամյանի դիմումի հիման վրա 8/12 տեղամասի արդյունքների հաշվարկմամբ` Ս.Սարգսյանի օգտին քվեաթերթիկներն ավելացել են 2-ով, Լ.Տեր-Պետրոսյանինը պակասել 9-ով: Վերահաշվարկին ներկա են եղել Ս.Սարգսյանի, Տ.Կարապետյանի եւ Վ.Հովհաննիսյանի վստահված անձինք: Դիմումատուն եւ Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձը չեն ներկայացել վերահաշվարկին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդ Օլեգ Սոսնան համոզմունք է հայտնել, որ գործընթացը թափանցիկ է, կատարվող բոլոր աշխատանքները տեղ են գտնում գրանցամատյանում եւ արձանագրություններում ու դրանց հետեւելը խնդիր չի հարուցում: Նրա խոսքերով` ԵԱՀԿ մեթոդոլոգիան պահանջում է ներկա լինել վերահաշվարկի ընթացքում: Դիտորդը հրաժարվել է մեկնաբանություններ անելուց եւ նշել է, որ իր դիտարկումները կներկայացնի առաքելությանը, եւ դրանք կարտացոլվեն համապատասխան զեկույցում: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արդեն ներկայացրել է երկու միջանկյալ զեկույց երկարաժամկետ դիտարկումների վերաբերյալ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը համակողմանի ամփոփիչ զեկույց, ներառյալ` հնարավոր բարեփոխումների առաջարկությունները, կներկայացնի ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս անց: