Բացառապես քաղաքական մեթոդներով

26/02/2008

ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել` նշելով, թե կիրակի օրը ԿԸՀ արտահերթ նիստը հրավիրվել է հապճեպ, եւ դրա մասին տեղյակ է պահել նիստից ընդամենը 30 րոպե առաջ, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված էր 2 ժամ, նույնիսկ առանց ծանուցելու նիստի օրակարգի մասին: Հայտարարության մեջ նաեւ նշված է. «Հավատարիմ մնալով այն շուրջ 300.000 մարդկանց ձայներին, ովքեր քվեարկեցին Արթուր Բաղդասարյանի օգտին, գիտակցելով նաեւ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած հարյուր-հազարավոր քաղաքացիների առջեւ մեր պատասխանատվությունը, հայտարարում ենք, որ անընդունելի եւ վտանգավոր ենք համարում ուժային միջամտության ցանկացած փորձ եւ հանդես ենք գալիս ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակը բացառապես քաղաքական մեթոդներով հանգուցալուծելու դիրքերից»: Ա. Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը նաեւ անընդունելի է համարել «Ազատության» հրապարակում «Լ. Տեր-Պետրոսյանի կողմից 65 տոկոս ձայներով իրեն նախագահ հռչակելու գործընթացը»: «Հայտարարում ենք, որ ուժային մեթոդների կիրառումը մեծացնելու է հասարակական անվստահությունը, խորացնելու է զանգվածային հասարակական առճակատումների իրական հնարավորությունը, լուրջ ստվեր է գցելու երկրի միջազգային հեղինակության վրա, կասկածի տակ է առնելու նախագահական ընտրությունների ողջ գործընթացը` այդպես էլ չհանգուցալուծելով ստեղծված իրավիճակը: Ավելին` նման գործելաոճի կիրառումն առաջիկայում առաջացնելու է բողոքի նորանոր զանգվածային դրսեւորումներ, այդպես էլ չնպաստելով հիմնախնդրի լուծմանը»: