Դեմ են նարնջագույն հեղափոխության ծրագրին

26/02/2008

Երեկ հատուկ հայտարարությամբ ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը եւ նախագահությունը շնորհավորել են Սերժ Սարգսյանին ՀՀ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:

«ՍԻՄ-ը ողջունում է դեպի անցյալը վերադառնալու փորձի մերժումը ժողովրդի կողմից,- ասված է հայտարարության մեջ,- Վերջին ընտրությունները, հայտնի թերություններով հանդերձ, գնահատում ենք որպես մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարական սկզբունքների հաղթանակը` միաժամանակ նշելով, որ մեր կուսակցության մասնակցությունը դրանց սահմանափակված էր դեռեւս մեկ տարի առաջ մեր դեմ կատարված հակաօրինական քայլերով: Կարծում ենք նաեւ, որ ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ ԶԼՄ-ներում բարձրացված հարցերը, դիմում-բողոքները պետք է հստակ ուշադրության արժանանան իշխանությունների կողմից եւ գտնեն իրենց պատասխանները: ՍԻՄ-ը նաեւ արձանագրում է, որ ՀՀ-ում դեռեւս առկա է անվստահության եւ անկումային մթնոլորտ, որը իր արմատներում ունենալով նախկին վարչակարգի հիմնադրած ոչ ազգանպաստ մոտեցումները, դարձել է ոչ միայն ազգի տարանջատման, այլեւ պետության վրա դրսից ճնշումներ իրականացնելու միջոց: Այս հանգամանքը պատճառ է դարձել մեր անցյալի նկատմամբ կարոտախտային երեւույթների զանգվածային դրսեւորման, ինչին, այլ լուծումներ չգտնելով, իրենց մասնակցությունն են բերում նաեւ ազնիվ մարդիկ, ինչը անթույլատրելի է Ղարաբաղյան խնդիր ունեցող ազգի համար: Մտահոգություն են առաջացնում երկրի մթնոլորտը ապակայունացնելուն միտված, ընտրություններում պարտված թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի թիմի փորձերը: Ընտրությունների արդյունքների վիճարկումը կարող է կատարվել միմիայն օրենքով նախատեսված կարգով, որը բացառում է այն ուժային եւ հոգեբանական ճնշումների կիրառումը, որոնք առկա են ցանկացած գնով ռեւանշի հասնելու ձգտող Լ. Տեր-Պետրոսյանի թիմի տրամադրվածության մեջ:

Նշենք, որ զավեշտական է, երբ ընտրակեղծիքների, ընտրական հանցագործությունների, բիրտ ուժի մասին խոսում է Լ. Տեր-Պետրոսյանը, որը այդ մեթոդների եւ հանցանքների կնքահայրն է Հայաստանում: ՍԻՄ-ը հստակ ընդգծում է, որ որոշ ուժերի ձգտումը` Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կարծիքը ներկայացնել որպես ամբողջ ընդդիմության տեսակետ, չի կարող համապատասխանել իրականությանը: ՍԻՄ-ը կտրականապես անհամաձայնություն է հայտնում Լ. Տեր-Պետրոսյանի «նարնջագույն» հեղափոխության ծրագրին, որը նա փորձում է անցկացնել «ընտրական կեղծիքների» դեմ բողոքի շղարշի տակ: Երկրի եւ պետության առջեւ ծառացած բազմաբնույթ մարտահրավերները պարտավորեցնում են ազգին սթափ գնահատել երկու տասնամյակների անցած ոչ միանշանակ ճանապարհը եւ տարանջատել ազգային արժեքները ներկայիս իշխանությունների ակնհայտ բազմաթիվ բացթողումներից»: