ՀՀ ԿԸՀ` կիրակի օրը արտահերթ նիստում հրապարակած տվյալների համաձայն` ընտրությունների վերջնական արդյունքներով 52,82 տոկոսով ՀՀ երրորդ նախագահ է ընտրվել ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրության համաձայն` նորընտիր նախագահն իր պաշտոնը ստանձնում է ՀՀ նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը, այսինքն` ապրիլի 9-ին: ՀՀ նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո` տասնօրյա ժամկետում: Նշենք, որ ԱԺ խմբակցությունների հետ խորհրդակցությունների արդյունքում ՀՀ նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե այդ թեկնածուն բավարար ձայներ չի հավաքում, ապա նախագահն առաջարկում է այլ թեկնածուի: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: