2-րդ կարգի հաշմանդամ Անիկ տատը գամվել է անկողնուն ու ցավից գալարվում է իր նեղլիկ փայտե թախտի վրա: Ծեր կնոջ կնճռոտ դեմքին ցավը հետքեր է թողել: Նա հուզմունքից չի կարողանում խոսել, աչքերից հոսող արցունքներից մարդու սիրտը կտոր-կտոր է լինում: Ու, քանի որ Անիկ տատը հոնգուր-հոնգուր լաց լինելով պարբերաբար հիշում է մարդկանց խնդիրների հանդեպ անտարբեր բարձրաստիճան պաշտոնյաներին ու ԱԺ պատգամավորներին՝ մարդ ուզում է այդ պատգամավոր ու նախագահ դարձածների ձեռքից բռնել ու քարշ տալ Զեյթուն, Լեփսիուսի 6-րդ փողոց, 11 շենք, բնակարան 5: Այս ծեր կնոջը տեսնելուց հետո միգուցե հասկանան, թե ինչ մեղք են գործում, որովհետեւ ամեն մի պաշտոնյայի անկատար խոստումներից ու անտարբերությունից Անիկ տատը եւ նրա պես մարդիկ հուսահատությունից մեռնում են: 72-ամյա այս կինը սոցիալական ծայրահեղ վատ պայմաններից այնքան դյուրագրգիռ է դարձել, որ ամեն ինչի համար ինքն իրեն չի ներում: Օրինակ՝ ինքն իրեն չի ներում, որ ի տարբերություն երեխաների ու թոռների, ովքեր այս ցրտին գետնին են քնում, ինքն իրեն թույլ է տալիս փայտե, հնամաշ թախտին քնել: Անիկ տատն իրեն չի ներում, որ միայնակ մայր դարձած իր աղջիկը երեք երեխաների համար կերակուր չի կարողանում հայթայթել, ու երեխաները բառիս բուն իմաստով սովամահ են լինում: Անիկ տատն ինքն իրեն չի ներում, որ միայնակ երեք երեխա է մեծացրել, բայց հիմա ծերացել է եւ թոռներին չի կարողանում ինչպես հարկն է խնամել: Ու, ի վերջո, Անիկ տատն ինքն իրեն չի ներում, որ 72 տարի ապրում է ու այս ծանր պայմաններում գամվել է անկողնուն ու դեռ ապրում է: Անիկ տատը խնդրում, աղաչում է, որ աղջկան ու նրա երեք երեխաներին ձեռք մեկնենք, օգնենք:
Աղջիկը՝ Նարինեն, Վեդիի շրջանի Խոր Վիրապ գյուղից տեղափոխվել է եղբոր տուն, որտեղ ապրում են մայրը, եղբայրը, հարսը` երկու երեխաների հետ: Մեկ սենյականոց աննկարագրելի ծանր պայմաններում գտնվող այս բնակարանում ապրում են 10 հոգով, որտեղ ազատ քայլ անելու հնարավորություն անգամ չկա: Ամուսինն իրեն ու երեք երեխաներին լքել է եւ մինչ օրս չի էլ հետաքրքրվում ընտանիքով: Թեեւ դատարանի կայացրած վճռով ամուսինը պարտավորվել է յուրաքանչյուր երեխայի համար 10.000 դրամ ալիմենտ վճարել, այդուհանդերձ, նա երեխաների երեսն անգամ չի ցանկանում տեսնել: Նարինեն ասում է, որ շատ տղամարդկանց նման նա հոգսերից փախել է: «Ինձ ասում ա՝ ես փող չունեմ տալու, եթե չես կարում պահես՝ երեխեքին մանկատուն տուր: Հասկանո՞ւմ եք, եթե մեռնեմ էլ, նման քայլի չեմ գնա, ես ընդունակ չեմ նման արարքի: Մեր վիճակը շատ ծանր ա: Եկել եմ ախպորս տուն, մամաս անկողնային հիվանդ է, շարժվելու տեղ անգամ չկա: Երեք երեխեքիս գրկում գետնին եմ քնում, էնքան էլ ցուրտ ա: Ամբողջ շենքը գազը քաշել ա, բայց մենք ի վիճակի չենք: Փոքրիկ պլիտա ենք միացնում, որ երեխեքը չցրտահարվեն: Եթե կարողանային հանրակացարանում մի սենյակ հատկացնել՝ ես երեխաներիս հետ ապրեի՝ կյանքիս չափ շնորհակալ կլինեմ»,- ասում է Նարինեն, ով թեեւ ժամանակ առ ժամանակ դիմում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարան՝ խնդրելով օգնել իրեն, սակայն մշտապես ստանում է բացասական պատասխան: Նարինեի երեք երեխաները դպրոցական են, սակայն նրանք մինչ օրս երբեւէ իրենց մարմնի վրա չեն ճաշակել նոր հագուստ կրելու հաճույքը: Այս երեք երեխաները մեծանում են հարեւանների տված հին, դեն գցելու շորերով ու արդեն կոփվել են համադասարանցիների կողմից հնչող ծաղրական խոսքերը լսելուն: Անին, Աննան ու Հարությունը գրեթե չեն շարժվում, մի տեսակ դանդաղկոտ ու հոգնած են: Նարինեն ասում է, որ անհարմարավետությունից երեխաներն ամբողջ գիշեր չեն քնում, դրա համար էլ հոգնած են: Մոր խոսքերով՝ թե՛ դպրոցում, թե՛ բակում երեխաներին ծաղրում են վատ հագնվելու ու աղքատ լինելու համար: «Ես շատ եմ պայքարում, փորձում եմ հասկացնել, որ աղքատությունը հավերժ չէ, կյանքն աստիճան ա, բայց դա էլ դաստիարակության հարց ա: Երեխեքիս շատ են նեղացնում, շորերի վրա ծիծաղում են»: 9 տարեկան Անիին լուսանկարելիս խնդրում եմ, որ գլուխը բարձր պահի: Ես ու Նարինեն երկար բացատրում ենք, թե ինչպես Անին գլուխը բարձրացնի, բայց ոչինչ չի ստացվում: «Չեմ կարում, ես միշտ սենց եմգ»,- հուսահատ ասում է Անին: Թեեւ Նարինեն մասնագիտությամբ ուղեկցորդուհի է, այդուհանդերձ, ներկայումս հայտնվել է այնպիսի ծանր վիճակում, որ պատրաստ է նույնիսկ հավաքարարություն անել: Տեւական ժամանակ է` դիմել է աշխատանքի տեղավորման գործակալություն ու սպասում է, որ աշխատանքի տեղավորեն. «Ընթացքում գնում, հետաքրքրվում եմ, դիմում եմ շատ տեղեր, բայց գործ չեն տալիս: Մեկ տարի ա, ինչ հույսով սպասում եմ, որ աշխատանքի տեղավորման գործակալությունից մի բան կանեն, բայց ոչ մի բան»,- ասում է նա: 16.500 դրամ «Փարոսի» նպաստից այս ընտանիքին զրկել են՝ պատճառաբանելով, թե բալերը չի հերիքում, մինչդեռ վստահ եմ, որ «Փարոսի» տեսուչները քաջ գիտակցում են, որ սրանից վատ վիճակ չի լինում, երբ երեք երեխաները սովամահ են լինում: Նարինեն «Կարմիր խաչ» կազմակերպությունում հերթագրված է եւ երկու հոգու համար բարեգործական ճաշարանից սնվելու կտրոն ունի: Ասում է, որ մեկ բաժին կերակուրը բաժանում է երեք մասի, որպեսզի երեխաներն ուտեն, իսկ մյուս կտրոնն Անիկ տատիկի համար է: Անիկ տատի աչքերը նորից լցվում են. «Ախր, բա սա խի՞ղճ ա, այ ղեկավարներ ջան: Ջահել երեխեքն իրար գլխի լցված գետնին են քնում, սառցակալում են: Ես՝ լյարդի հիվանդ, թունավոր զոբով, սենց տեղաշորից դուրս չեմ գալիս, էս ի՞նչ կյանք դառավ մեր կյանքն, էս ինչի՞ ապրել չի լինում»,- ցավից բղավում է ծեր կինն ու խեղդվում բարկությունից: Անիկ տատը դեմքով շրջվում է դեպի պատն ու այլեւս չի խոսում: