Եվ մեկ հայտարարություն

26/02/2008

«Ազգային գիտակցություն» հիմնադրամը ներկայացնող գիտնականներն ու մտավորականները երեկ իրենց մտահոգությունն են հայտնել նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակով: «Կասկած չունենք, որ ժողովրդի վստահության քվեն ստացած իշխանությունը հեղափոխական ճանապարհով փոխելու, սեփական հավակնություններն ու մտադրությունները բռնությամբ ու շանտաժով մարդկանց պարտադրելու մարտավարությունը հեռանկար չունի: Պատմությունը վկայում է, որ հեղափոխությունները, որպես կանոն, բերում են անկանխատեսելի այնպիսի հետեւանքների, որոնք հաղթահարելու համար ավելի մեծ ջանքեր են պահանջվում, քան բուն հեղափոխությունն իրականացնելու համար: Վկան` վերջին տասնամյակների ընթացքում նախկին խորհրդային հանրապետություններում կատարված հեղաշրջումների փորձը: Ընտրություններում պարտված թեկնածուների արկածախնդիր կոչերն ու գործողություններն ուղղված են երկրի կայունության խաթարմանը, ինչն անխուսափելիորեն կսասանի Հայաստանի վարկն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում` թուլացնելով մեր դիրքերը ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացում: Երկրի զարգացման ճանապարհին ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար պահանջվում են կայուն ու հետեւողական քայլեր, իշխանամետ ու ընդդիմադիր ուժերի կառուցողական երկխոսություն եւ ապօրինի գործողություններից ու արկածախնդիր կոչերից զերծ քաղաքական մրցակցություն: Քաղաքականապես ակտիվ, ողջախոհ մեծամասնությանը, գիտության ու մշակույթի գործիչներին կոչ ենք անում միանալ ՀՀ կայուն զարգացման, կուտակված հիմնահարցերի լուծումը կառուցողական մրցակցության դաշտում իրականացնելու ջանքերին»,- նշված է հիմնադրամի հայտարարությունում: