ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Լոռու մարզի Արեւածագ գյուղի 32/53 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քր. գործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` նախաքննությամբ պարզվել է, որ սահմանված կարգի համաձայն` փետրվարի 18-ին` ժամը 17:00-ին, թիվ 32/53 ընտրական տեղամասում սկսվել են ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, որին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Գեւորգ Դավթյանը: Ժամը 19:00-ի սահմաններում` ընտրության քվեաթերթիկները հաշվելու եւ ստորագրելու ընթացքում, միջին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում ընտրական տեղամաս է մտել Լ. Տեր-Պետրոսյանի մեկ այլ վստահված անձ` Արեւածագ գյուղի բնակիչ Էդմոն Գեւորգյանը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը, հիշեցնելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 271-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, ըստ որի` ընտրական տեղամասում յուրաքանչյուր թեկնածու կարող է ունենալ 1 վստահված անձ, խնդրել է, որ Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից մեկը հեռանա: ՏԸՀ նախագահի օրինական պահանջից հետո Գ. Դավթյանը հեռացել է տեղամասից, որից հետո Է. Գեւորգյանը, բողոքելով հանձնաժողովի նախագահի օրինական գործողությունների դեմ, վիճաբանել է եւ շուրջ 1 ժամ խոչընդոտել ՏԸՀ աշխատանքներին: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Է. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով: Է.Գեւորգյանն ընդունել է ներկայացված մեղադրանքը եւ տվել խոստովանական ցուցմունքներ: Քր.գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: