ԱՊՀ երկրներում միմյանց հաջորդող հեղափոխություններն առիթ հանդիսացան,
որպեսզի Հայաստանում էլ սկսեն հավատալ հեղափոխության հնարավորությանը:
Ընդդիմադիր ճամբարում վստահ են, որ Հայաստանում էլ է հեղափոխություն
լինելու եւ շատ շուտով: Ոմանք նույնիսկ սցենարներ են նշում` վրացական,
ուկրաինական կամ ղրղըզական: ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար
Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ Հայաստանում իշխանափոխության 3 տարբերակ
կա` իշխանափոխություն դրսից, որն իրենք մերժում են, իշխանափոխություն`
պալատական հեղաշրջման ճանապարհով, եւ համաժողովրդական շարժման
արդյունքում` հեղափոխություն խաղաղ ճանապարհով, որը կհանգեցնի նաեւ
համակարգային լուրջ փոփոխությունների: Պրն Դալլաքյանը կարծում է, որ
չնայած «հեղափոխություն» եւ «իշխանափոխություն» տերմինները տարբեր են,
բայց բովանդակային առումով ոչ մի տարբերություն չկա, քանի որ խոսքը գնում
է խաղաղ ճանապարհով գործընթաց սկսելու եւ գործընթացն ավարտելու մասին: Ըստ
էության, Վ. Դալլաքյանը չբացառեց, որ Հայաստանը կընտրի իշխանափոխության
պալատական հեղաշրջման տարբերակը, ասելով, որ դա կախված է ընդդիմությունից:
Խոսելով իշխանափոխությունից` հայաստանյան ընդդիմադիրները դրա համար
բազմաթիվ պատճառներ են նշում: Վերջերս դրանց թվին ավելացել է նաեւ դրամի
արժեւորման հետ կապված բնակչության մեջ լրացուցիչ դժգոհությունների
առաջացման փաստը: Վ. Դալլաքյանի պնդմամբ` դրամի արժեւորումը կատարվում է
բարձրագույն իշխանության կողմից եւ գերշահույթներ ստանալու նպատակ է
հետապնդում: Նա վստահ է, որ տեղի է ունենում ազգաբնակչության ուղղակի
թալան, եւ չի բացառում, որ դրամի արժեւորման գործընթացը կարող է
սոցիալական բունտի կամ սոցիալական ցնցումների պատճառ հանդիսանալ: Իսկ
հնարավո՞ր է, որ դա հանգեցնի նրան, որ Հայաստանում իրականանա
իշխանափոխության արգենտինական սցենարը: Վ. Դալլաքյանի կարծիքով` դրամի
արժեւորումը կարող է նպաստել իշխանափոխությանը, սակայն միայն դրամի
արժեւորման արհեստական գործընթացը չի կարող իշխանափոխության հիմք
հանդիսանալ: Նա համոզված է, որ Հայաստանում իշխանափոխության հիմքերը շատ
են, ընդամենը պետք է հարմար պահ ընտրել:
Ի տարբերություն ընդդիմադիր այն գործիչների, որոնք միայն իշխանափոխության
սցենարների մասին են խոսում, ընդդիմադիր որոշ գործիչներ խոսում են արդեն
իշխանափոխության ժամկետների մասին: Մասնավորապես, «Հանրապետություն»
կուսակցության ներկայացուցիչ Սմբատ Այվազյանն օրերս մամուլով կարծիք էր
հայտնել, որ ամռանը Հայաստանում արտահերթ նախագահական ընտրություններ են
լինելու: «Ազգային Միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն էլ ակնարկել
էր, որ Հայաստանում հեղափոխական գործընթացներ տեղի կունենան արդեն մայիս
ամսին: Ի տարբերություն նրանց, Վ. Դալլաքյանը ձեռնպահ է մնում ժամկետներ
նշելուց: Նա պնդում է, որ իշխանափոխություն պետք է իրականացվի ժողովրդի
միջոցով եւ հնարավորինս արագ: Ըստ Վ. Դալլաքյանի՝ եւ՛ Սմբատ Այվազյանը,
եւ՛ Արտաշես Գեղամյանն ուզում են, որպեսզի իշխանափոխությունն արագ տեղի
ունենա: «Իշխանափոխության արագ տեղի ունենալը կարեւորագույն եւ վճռական
գործոն է Հայաստանի բնականոն զարգացման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի
հայանպաստ լուծման համար, այսինքն` իմ գործընկերներն ընդամենն ուզում են,
որ դա արագ տեղի ունենա: Միմիայն այդ ցանկությունն է պատճառը, որ նրանք
ժամկետ են նշում»,- վստահեցնում է պարոն Դալլաքյանը: Այն, որ 2003-ի
հայաստանյան տապալված հեղափոխությանը հաջորդեցին Վրաստանի, ՈՒկրաինայի,
Մոլդովայի եւ Ղրղըզստանի հեղափոխությունները, ըստ Վ. Դալլաքյանի՝
նշանակում է, որ ԱՊՀ տարածաշրջանում Արեւմուտքն իր նպատակները դեռ պետք է
իրականացնի ու քայլ առ քայլ իրականացնում է: Նրա կարծիքով՝ այս 2 տարվա
ընթացքում շատ բան է փոխվել: «Այսօր իշխանությունները հազիվ թե գնան կոշտ
քայլերի, որովհետեւ դա արդեն մահացու է»,- ասում է պատգամավորը: Նա
համոզված է, որ հայաստանյան հնարավոր հեղափոխության մեջ Արեւմուտքի
ազդեցությունը միանշանակ զգացվելու է, եւ վստահեցնում է, որ
իշխանափոխություն տեղի կունենա մինչեւ հաջորդ ընտրությունները: