Օսկարակիրները

26/02/2008

Երեկ Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 80-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը: Ակադեմիայի անդամների որոշմամբ` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» է արժանացել Իթան եւ Ջոել Քոենների «Ծերերն այստեղ տեղ չունեն» կրիմինալ դրաման, որը համարվում էր մինչ այդ հիմնական ֆավորիտը եւ բավականին մրցանակներ էր շահել տարբեր կինոփառատոներում: «Ծերերն այստեղ տեղ չունեն» ֆիլմն «Օսկարի» է արժանացել նաեւ «Լավագույն ռեժիսոր» եւ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում: 2007թ. «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել Մարիոն Կոտիարը՝ «Կյանքը վարդագույն գույնով» ֆիլմի համար: Լավագույն դերասանի տիտղոսին է արժանացել Դենիել Դեյ-Լյուիսը` «Նավթ» ֆիլմի համար: «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար» է ստացել Թիլդա Սուինթոնը «Մայքլ Քլեյթոն» ֆիլմի համար, իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում լավագույնը ճանաչվել է Խավիեր Բարդեմը` «Ծերերն այստեղ տեղ չունեն» ֆիլմի համար: «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում լավագույնը ճանաչվել է Բրեդ Բրդի «Ռատատույ» ֆիլմը: