Հետաքննության կոչ

26/02/2008

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում ՀՀ իշխանություններին կոչ է արել անհապաղ հետաքննել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդների եւ լրագրողների նկատմամբ տեղ գտած բռնության դեպքերը: «Ընտրությունների օրն այս հարձակումների թիրախը դարձել են հենց այն մարդիկ, ովքեր փորձել են ապահովել քվեարկության օրինական ընթացքը,- հայտարարել է «Human Rights Watch»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հոլի Քարթները` հավելելով,- ՀՀ իշխանությունները պետք է անկախ եւ շուտափույթ հետաքննություն անցկացնեն` ապահովելու արդարության վերականգնումը եւ շեշտելու, որ մարդկանց վախեցնելը Հայաստանում անհանդուրժելի է»: «Human Rights Watch»-ը նաեւ հորդորել է ԵԱՀԿ-ին` մանրակրկիտ ուսումնասիրել ընտրական գործընթացում արձանագրված բռնությունները եւ ապահովել, որպեսզի այդ միջադեպերն արձանագրվեն Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի վերջնական զեկույցում: