Ո՞ւմ է ձեռնտու հասարակության պառակտումը

26/02/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կոսովոյի անկախացման փաստը ՀՀ նախագահական ընտրությունների այս թոհուբոհի մեջ հայ քաղաքական գործիչների կողմից դեռեւս համապատասխան ուշադրության չի արժանացել:

Սակայն հայտնի է, թե որքան կարեւոր նշանակություն կարող է այն ունենալ մեզ համար` ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում: Երեկ հրավիրված ասուլիսում ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն անդրադարձավ Կոսովոյի խնդրին, եւ այն հարցին, թե Կոսովոյի անկախացումը որքանով նախադեպային կարող է լինել մեզ համար: Այդ հարցում, ըստ Շ. Քոչարյանի` ամենաշահագրգիռ կողմերից էին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը. «Ցավոք, մեր ներքաղաքական իրավիճակից ելնելով, ուշադրությունից դուրս թողեցինք այս` մեզ համար շատ կարեւոր այդ հարցը: Ես, այնուամենայնիվ, ցավով նշում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ քանակությամբ ձայներ ստացավ, քանի որ նրանց, ում դա ձեռնտու է, դա օգտագործում են ոչ թե իբրեւ ձայներ` ընդդեմ ներկա իշխանության, այլ փորձելու են օգտագործել իբրեւ ձայներ, որոնք ցույց են տալիս, որ հայաստանյան հասարակությունը պառակտված է Լեռնային Ղարաբաղի հարցում: Փորձ է կատարվում ներկայացնելու, որ առաջին նախագահին սատարող մարդկանց հատվածը պատրաստ է ավելի զիջողական դիրքորոշման ԼՂՀ-ի հարցում, ինչը թուլացնում է մեր դիրքերը: Սա շատ լուրջ խնդիր է` առավել եւս հաշվի առնելով Կոսովոյի գործընթացը: Այս պարագայում մենք պետք է կարողանայինք հանդես գալ ավելի միասնական, խելամիտ ու նախապատրաստված»,- ասաց նա:

Այնուհետեւ բանախոսն անդրադարձավ ՀՀ նախագահական ընտրություններին: «Այս նախագահական ընտրություններն էլ ավանդաբար ուղեկցվեցին ընտրակեղծիքներով: Մյուս կողմից` բոլոր դիտորդները միահամուռ իրենց եզրակացության մեջ ասացին, որ սա քայլ առաջ էր, եւ այս ընտրությունները հիմնականում մոտ էին ժողովրդավարական չափանիշներին»,- հայտարարեց Շավարշ Քոչարյանը, ով ՀՀ նախագահական ընտրություններում կանգնած էր նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողքին: Նա դիտորդների եզրակացության եւ ընտրակեղծիքների միջեւ որեւէ հակասություն չի տեսնում: Ասում է` 1996 թվականին ընտրությունների մակարդակն այնքան է իջեցվել, որ դրանից հետո այդ «քայլ առաջները» մեզ չեն բերում ցանկալի արդյունքին: Եվ դիտորդներն էլ տեղի ընտրությունները համեմատում են ոչ թե կայացած, ժողովրդավարական երկրների, այլ հենց մեր ընտրությունների հետ. «Եվ այդ տեսակետից նրանք արդարացի են, մենք կարող ենք նշել, թե բազմաթիվ ուղղություններով ինչ առաջընթացներ կան»,-ասաց բանախոսը: Ըստ Շ. Քոչարյանի` հաշվի առնելով, որ ընտրությունների ընթացքում եղել են օրինախախտումներ, կեղծիքներ, այնուամենայնիվ, թիվ մեկ խնդիրն այն է, թե որքանո՞վ են դրանք ազդել ընտրությունների հրապարակած արդյունքի վրա: Այս հարցի պատասխանը, համենայնդեպս, Վազգեն Մանուկյանի շտաբը դեռեւս չունի: Շ. Քոչարյանն ասում է` այն թվերը, տվյալները, որ մենք ունենք, բավարար չեն, որպեսզի պնդում անենք. «Բնական է, մենք ուշի ուշով հետեւում ենք բոլոր գործընթացներին, եւ դրանից հետո կանենք եզրակացություն: Համենայնդեպս, այստեղ կա էական տարբերություն, օրինակ, 1996-ի ընտրությունների համեմատ, երբ բոլորի համար ի սկզբանե ակնհայտ էր, որ արդյունքը չի համապատասխանում իրականությանը»:

Շ. Քոչարյանը նախորդ ընտրությունների համեմատ` եւս մեկ առաջընթաց նշեց, այն է` իրավապահ մարմինների արագ արձագանքը. «Դա եղավ եւ՛ ընտրության օրը, եւ՛ հաջորդ օրը, եւ՛ այն դեպքում, երբ անմիջապես քրեական գործ հարուցվեց, ձերբակալվեց հանձնաժողովի նախագահը: Այսպիսի քայլեր եթե իրականացնեին նաեւ նախորդ ընտրություններում, ապա, կարծում եմ, որ այն ընտրակեղծիքները, որոնց ականատես եղանք, երեւի չէին լինի»:

Շ. Քոչարյանն անդրադարձավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա աջակիցների հանրահավաքին` նշելով, որ նրանց մեջ կան մարդիկ, որոնք մասնակից են եղել բոլոր մյուս հանրահավաքներին եւ որոնք անկեղծ մղումով ցանկանում են, որ Հայաստանում այլեւս ընտրությունները կասկածի տակ չդրվեն, ցանկանում են՝ դրական փոփոխություններ կատարվեն երկրում: Բայց կա մի այլ խնդիր, որն անձամբ իրեն մտահոգում է. «Դա կազմակերպիչների խնդիրն է: Իմ գնահատականով կազմակերպիչների հարցադրումն ավելի շուտ ուղղված է նրան, որ անկախ իրենց ստացած քվեից` ամեն դեպքում արձանագրեն ու հայտարարեն, որ իրենք հաղթել են, ու ամեն գնով գան իշխանության: Պատկերը նմանվում է 1996-ին` հակառակ կողմից: Եթե այն ժամանակ իշխանությունները (Լ. Տեր-Պետրոսյանի թիմակիցները.-Ն.Հ.) ասում էին` եթե 100 տոկոս էլ ձայն ստանաք, միեւնույն է` իշխանությունը չենք տա, հիմա ասում են` հիսուն տոկոս էլ ստացած չլինենք, միեւնույն է` հաղթած ենք: Երկուսն էլ ինձ համար հավասարապես անընդունելի է»:

Շ. Քոչարյանն անտեղի է համարում ներկայիս եւ 1988թ.-ի հանրահավաքների միջեւ համեմատականներ անցկացնելը, քանի որ, ըստ նրա, 1988 թվականը բոլորի միասնականությունն էր խորհրդանշում, եւ ոչ թե իրար էին հակադրվում: Նրա խոսքերով`ստացվում է, որ այս հանրահավաքների կազմակերպիչները մեղադրում են բոլորին անխտիր` միջազգային կառույցներին, դիտորդներին, նախագահի բոլոր 8 թեկնածուներին` բացի իրենց թեկնածուից. «Հեգնում են Սարկոզիի հասցեին, ընդ որում` շատ գռեհիկ ձեւով, նաեւ` Շառլ Ազնավուրին: Վերջիվերջո մի ընտրությունով չի: Եվ դառնում է մի իրավիճակ, որը ճիշտ հակառակ է 1988-ին: Այստեղ ոչ թե միասնականությունն է` ազնիվ նպատակի, գաղափարի շուրջ, այլ հակառակը` փորձ է արվում պառակտել` օգտագործելով մարդկանց ամենաազնիվ մղումները»:

Շ. Քոչարյանի կարծիքով`վերջիվերջո ընդդիմությունը մի առաքելություն ունի` ոչ թե պետք է հայտարարի, որ կեղծված են ընտրությունները, այլ պետք է ապացուցի: «Ընդհանրապես, շատ վտանգավոր եմ համարում, երբ մարդկանց ազնիվ մղումներն օգտագործում են ժողովրդի տարբեր հատվածները միմյանց դեմ հանելու համար: Ողջունում եմ, որ այս ժամանակահատվածում իշխանությունները չեն դիմել այնպիսի գործողությունների, որոնք մեզանում ավանդական են` վախեցնել, ձերբակալել, ծեծել եւ այլն: Դա հույս է ներշնչում, որ այս իրավիճակից կարելի է պատվով դուրս գալ»,- ասում է նա: