Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի մոտ ձնաբքի հետեւանքով փետրվարի 21-ին` ժամը 15:00-ի սահմաններում, առաջացել են ավտոմեքենաների խցանումներ: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ ժամը 17:00-ի դրությամբ երթեւեկությունը վերականգնվել է: Նույն օրը` ժամը 11:40-ին Սյունիքի մարզի Եղեգնաձոր-Սիսիան ավտոճանապարհի Սառնակունք-Զանգեր հատվածում գիշերվա ընթացքում ձնաբքի հետեւանքով առաջացել են ավտոմեքենաների կուտակումներ: Ժամը 12:30-ին դեպքի վայր մեկնած Սիսիանի «Ճանշին» ՓԲԸ-ի ուժերով ավտոմեքենաները դուրս են բերվել ճանապարհի երթեւեկելի հատված: Իսկ երեկ ուժեղ ձնաբքի հետեւանքով խցանվել էր Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի հատվածը, խցանման մեջ էր մնացել ուղեւորներով 7-8 ավտոմեքենա: Մինչեւ ժամը 04:20-ը հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից: