Ընտրությունների շուրջ բավական տարընթերցումներ եղան, եւ եթե այսօր մեր հասարակության զգալի հատվածը գտնվում է Ազատության հրապարակում ու շարունակում է բողոքի ակցիան, ուրեմն խնդիրը վերջնականապես լուծված չէ:
Երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Ըստ նրա, հասարակությունը խիստ բեւեռացման գործընթացի մեջ է, եւ դա ծայրահեղ տեսք է ստանում: Թեկնածուն այս ընտրությունները որակեց որպես փոխադարձ անհանդուրժողականության եւ ատելության ընտրություններ. «Ըստ էության, հասարակությունը ոչ այնքան ընտրում էր իր նախընտրելի նախագահին, որքան քվեարկում էր այն թեկնածուի դեմ, ում չէր ուզում տեսնել այդ պաշտոնում: Եվ սա նշանակում է, որ եւ՛ մեր հասարակությունը, եւ՛ պետությունը լրջորեն հիվանդ են, բուժման կարիք ունեն: Այն դեղատոմսերը, որ առաջարկում են այսօր, բուժումը փոխարինում են մահապատժով` որ կողմից էլ որ հնչեցվում են: Ես դեմ եմ մահապատժին, գտնում եմ, որ մենք ներքին երկխոսության ճանապարհը պիտի բռնենք: Այս առումով այս ընտրությունները բոլորիս համար շատ լավ դաս թող լինեն»,- նշեց Ա. Մելիքյանը: Նրա կարծիքով` այսօր իրավիճակը սրվել է այն աստիճան, որ լուրջ բախումներ կարող են լինել, եւ հասարակություն-պետություն փոխվստահությունը լուրջ դեֆորմացիայի կենթարկվի: Ա. Մելիքյանը գտնում է, որ դա պետք է կանխել. «Համենայնդեպս, ես գտնում եմ, որ այս իրավիճակից ոչ կարող է ուժային ելք լինել, ոչ էլ իրավական դաշտում կարող ենք ընդունելի ելքերը գտնել: Ես ասում էի, որ ընտրությունների արդյունքի հետ չի կարող պարտվող կողմը համակերպվել` լինի դա իշխանությունը, թե ընդդիմությունը: Սա արդյունք է այն բանի, որ երկար տարիներ ընդդիմության ու իշխանության միջեւ երկխոսություն չի եղել: Սա իշխանության թերացումն է, որովհետեւ իշխանությունն է կարող եւ պարտավոր երկխոսություն առաջարկել: Մյուս կողմից՝ ընդդիմությունը` հանձինս Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր սատարողների` նույնպես երկխոսության որեւէ լուրջ ցանկություն չի դրսեւորել այս տարիների ընթացքում: Եվ սա է այս անհանդուրժողական մթնոլորտի պատճառը»: Արման Մելիքյանը նշեց, որ ընտրությունների ընթացքում թեեւ եղել են բռնություններ, չարաշահումներ, բայց դրա հետ մեկտեղ, իր համար հավաստի աղբյուրների վկայությամբ` Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ առավելություն ունեցել է. «Իմ ունեցած տվյալների հիման վրա ես չեմ կարող պնդել, թե արդյոք այդ առավելությունը բավարա՞ր էր` առաջին փուլով ընտրություններն ավարտելու համար: Հիմա ինձ համար կարեւոր չէ, թե մեր ժողովրդի 60 տոկո՞սն է ատում Լեւոն Տեր-Պետրոսյանին` ձայները տալով Սերժ Սարգսյանին, թե՞ հակառակը: Կարեւորն այն է, որ արմատավորվել է այդ ատելության մթնոլորտը, եւ, եթե մենք այն չհաղթահարենք, շատ լուրջ խնդիրներ կունենանք` թե՛ երկրի ներսում, թե՛ մեր հարեւանների հետ: Արդեն Ադրբեջանի մեջլիսի պատգամավորներից մեկը կոչ է արել երկրի երիտասարդներին՝ պատրաստ լինել պատերազմի, եւ համոզում էր, թե շատ արագ քայլքով նրանք մեկ օրում կհասնեն Երեւան: Նման բաները պատահական չեն»: Արման Մելիքյանը գտնում է, որ անհրաժեշտ է թողնել ատելության բոլոր անձնավորված դրսեւորումները եւ փորձել երկխոսություն ծավալել: Եվ կողմերի ցանկության դեպքում ինքը պատրաստ է միջնորդ հանդիսանալ նրանց միջեւ: Նրա հավաստմամբ` բանակցությունները պետք չէ սկսել ընտրությունների խնդրից, քանի որ այն, ըստ նրա, փակուղային է. «Պետք է գլոբալ խնդրի մասին խոսենք, այն է` իշխանության եւ ընդդիմության փոխհամագործակցությունը պետական կառավարման համակարգի շրջանակներում: Պետք է կարողանանք հաղթահարել այս ներքին ճգնաժամը: Եթե աչքակապությամբ զբաղվենք, առաջիկայում բավական դառը օրեր կտեսնենք»:
Ա. Մելիքյանին իր ստացած քվեներն այսօր այնքան էլ չեն հուզում: Նրա համար ավելի կարեւոր է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիների փնտրտուքը: Ինչ վերաբերում է ընտրության օրն իր վստահված անձին ծեծի ենթարկելու մասին տարածված տեղեկատվությանը, ապա Ա. Մելիքյանը նշեց, որ իրականում այդ անձնավորությունը իր վստահված անձը չի եղել. «Այդ անձը մեր քվոտայի հաշվին է ստացել վստահված անձի մանդատը: Ժամանակին ես հայտարարեցի, որ պատրաստ եմ վստահված անձերի ինձ հասանելիք քվոտան տրամադրել ցանկացած քաղաքական ուժի, որը կցանկանա, որ ընտրությունների ընթացքն իր համար ավելի թափանցիկ լինի: Մեզ դիմել է միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի շտաբը, եւ մենք քվոտա ենք տրամադրել նրանց: Ըստ էության` այդ անձը Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերից է»:
Լրագրողների հարցին, թե ի վերջո ինչո՞ւ էր նա առաջադրվել իբրեւ նախագահի թեկնածու, Ա. Մելիքյանը պատասխանեց, որ այն, ինչ ինքը առաջարկում է մեր հանրությանը, արմատապես տարբերվում է մնացած թեկնածուների առաջարկներից` թե՛ երկրի ներքին իրավիճակի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առումով. «Ես գիտակցում եմ, որ իմ թիկունքում քաղաքական ուժ չունեմ, ինձ բազմաթիվ սատարողներ չէին կարող գոյանալ 2-3 ամսվա ընթացքում: Բայց այս ընթացքում համոզվեցի, որ համախոհների քանակն օրեցօր շատանում է, եւ համոզված եմ, որ իմ մոտեցումները կյանքի իրավունք ունեն եւ պետք է արմատավորվեն Հայաստանում»:
Իսկ եթե մինչ հաջորդ նախագահական ընտրություններն իր մոտեցումները կյանքի կոչվեն, Ա. Մելիքյանի խոսքերով` իր առաջադրվելու կարիքը գուցե այլեւս չլինի: