«Հիմնախնդիրների պակաս չենք ունեցել»

26/02/2008

Երեկ Մոսկվայում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե ՌԴ նախագահի պաշտոնում աշխատելու 8 տարվա ընթացքում ԱՊՀ երկրները կարողացան խուսափել փոխհարաբերությունների ավելորդ խնդիրներից:

«Մոտ ժամանակներս իմ լիազորությունների ժամկետը լրանում է: Ես ձեզ հրավիրել եմ նաեւ այն պատճառով, որ ցանկանում էի շնորհակալությունս հայտնել: Մենք բոլորս այս ժամանակաշրջանում, բոլոր այս երկար տարիների ընթացքում բավական սերտորեն ենք աշխատել եւ, չնայած այն բանին, որ հիմնախնդիրների պակաս չենք ունեցել, բայց, այդուամենայնիվ, մեզ հաջողվել է անհարկի սրացումից խուսափել այնտեղ, որտեղ այն կարող էր ծագել»,- ասել է Պուտինը` ընդգծելով, թե ՌԴ-ն միշտ էլ ձգտել է գտնել այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրի համար: «Համենայնդեպս, ԱՊՀ-ի շրջանակներում մենք դա արել ենք»,- հայտարարել է նա: Վ. Պուտինի կարծիքով՝ ԱՊՀ հարթակն օգտագործվել է գործակցության այնպիսի սկզբունքների ձեւակերպման համար, որոնք նպաստել են Համագործակցության երկրների զարգացմանը եւ օգուտ բերել հետխորհրդային տարածքում ապրող միլիոնավոր քաղաքացիների: «Առանց այդ աշխատանքին ձեր շահագրգիռ մասնակցության եւ առանց նման համատեղ աշխատանքի նկատմամբ ձեր դրական տրամադրվածության ոչինչ չէր ստացվի: Բացի այդ, զուտ մարդկային առումով ես միշտ զգացել եմ ձեր աջակցությունը եւ շնորհակալ եմ ձեզ դրա համար: Ինձ համար շատ հաճելի է եղել աշխատել ԱՊՀ երկրների բոլոր գործընկերների հետ: Ես ցանկանում եմ դրա համար շնորհակալություն հայտնել ձեզ»,- իր ելույթում ասել է ՌԴ նախագահը:

Նա նաեւ կարեւորել է այն հանգամանքը, որ Ռուսաստան ժամանող ԱՊՀ երկրների քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն այլատյացությունից: «Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ ազգայնամոլության եւ այլատյացության դրսեւորումներն անմիջականորեն կապված են այն բանի հետ, թե իշխանություններն ինչպես են կարգավորում միգրացիայի հիմնախնդիրը: Դրա համար էլ մենք որոշում ենք ընդունել էկոնոմիկայի, փոքր բիզնեսի ոլորտում՝ առաջնորդվելով այն նկատառումներով, որ Ռուսաստան ժամանող ԱՊՀ քաղաքացիները պաշտպանված լինեն»,- ասել է նա` հավելելով, որ ԱՊՀ երկրների քաղաքացիները բախվում են այլատյացության դրսեւորումների եւ իրենց կյանքի դեմ ուղղված ոտնձգությունների: «Մենք ցավում ենք դրա համար եւ ամեն ինչ կանենք, որպեսզի հանցագործները գտնվեն ու պատժվեն: Մենք դրա դեմ կպայքարենք ամեն օր ու մշտապես»,- հավաստիացրել է Վ. Պուտինը: Պուտինն առաջարկել է նաեւ 50 տոկոսով ավելացնել ԱՊՀ-ի «Միր» հեռուստաընկերության ֆինանսավորումը: «Առաջարկում ենք քննարկել «Միր» հեռուստաընկերության ընթացիկ ֆինանսավորումը 50 տոկոսով ավելացնելու հարցը եւ առանձին ֆինանսավորել ժամանակակից թվային տեխնոլոգիաների անցնելու ծրագրերը»,- նշել է նա: