Շնորհավորել են

26/02/2008

ՀՀ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ուղերձ է հղել Ամերիկայի Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը: Ուղերձում ասված է. «Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի, շարքային անդամների եւ աշխատակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ։ Ընդունեք մեր բարեմաղթանքներն ու աջակցությունն այն պահին, երբ Հայաստանը թեւակոխում է իր պատմության նոր շրջան։ Տարբեր ղեկավար պաշտոններում նախորդ 20 տարիներին ձեր կուտակած փորձը բացառիկ է, եւ ես վստահ եմ, որ դուք այն լավագույնս կօգտագործեք, որպեսզի հայ ժողովուրդն ունենա այնպիսի ապահով երկիր, որով բոլորս կարող ենք հպարտանալ։ Ինչպես ձեզ քաջ հայտնի է, նախորդ 20 տարիներին Հայկական համագումարը ծառայել է ՀՀ ժողովրդին՝ հաստատելով եւ զարգացնելով իր հարաբերությունները մեր կառավարության գործադիր եւ օրենսդիր թեւերի հետ։ Միակ նպատակը` ամուր եւ Հայաստան-ԱՄՆ երկուստեք շահավետ հարաբերությունների ստեղծումն ու զարգացումն է։ Ակնկալում ենք շարունակել համագործակցությունը ձեզ հետ»: Երեկ Ս. Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը: «Թույլ տվեք հայտնել իմ վստահությունը, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ձեւավորված ավանդական ընկերությունն ու փոխշահավետ համագործակցությունը կշարունակեն զարգանալ փոխըմբռնման եւ փոխադարձ վստահության մթնոլորտում` ի շահ մեր երկու երկրների եւ ժողովուրդների բարգավաճման»: Ս. Սարգսյանին երեկ շնորհավորել են նաեւ Հունաստանի նախագահ Կարոլոս Պոպուլիասը եւ Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը: