Խնայողությո՛ւն, Հորացիո

26/02/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մեկ փուլով անցկացված ընտրությունները իշխանության թեկնածուի եւ նրա թիմի պատկերացմամբ գուցեեւ լուծում էին ժամանակը խնայողաբար օգտագործելու, ֆինանսական միջոցները տնտեսելու հարցը, սակայն դրանով հիմք դրվեց հերթական ոչ լեգիտիմ նախագահ ունենալու մտավախությանը: Իսկ նման կասկածը կամ համոզմունքը բերում է նրան, որ հասարակությունն իրեն շարունակում է զգալ անկարող, անզոր ու անվստահ:

Դեռեւս նախագահ, բայց վարչապետի համեստ պաշտոնի հավակնորդ Ռոբերտ Քոչարյանն ընտրության հաջորդ օրը շտապեց իր հարգանքի հավաստիքը րոպե առաջ փոխանցել նախագահական ընտրություններում հաղթանակած Սերժ Սարգսյանին` ընտրողներիս վստահեցնելով, թե այս ընտրությունները մեկ քայլ առաջ են ժողովրդավարության ու արդարության ճանապարհին: Սակայն եթե թերթենք Ռոբերտ Քոչարյանի` նախագահ դառնալու քրոնիկան, կհիշենք, որ նա թեեւ երկու անգամ էլ նախագահի աթոռը զբաղեցրել է ընտրակեղծիքների միջոցով, սակայն երկու անգամ էլ նա դա արել է, ձեւակերպենք այսպես, անհարմար զգալով, այսինքն` երկրորդ փուլով: Թեկնածուի շառագունելուց թեեւ ոչինչ չի փոխվում` ընտրությունների արդյունքի իմաստով, սակայն այդպիսով նախագահի հավակնորդը ցույց էր տալիս, թե հարգում է մարդկանց ընտրությունը, իմիտացիա էր ստեղծում, թե երկրորդ փուլում հավելյալ ժամանակը ծառայեցնելու է ընտրողների վստահությունը շահելուն, որ հանուն հաղթանակի պատրաստ է անգամ մրցակցի հետ հեռուստաբանավեճի:

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ այս անգամ, անսպասելի էր խարդախությունների, դրանց կատարման արագության, մարդկանց նվաստացնելու տեսակետից: Ահավոր անվայել էր հանձնաժողովի նախագահների պահվածքը: Հատուկ այդ օրվա համար բարձր սանրվածքներով այդ կանայք (ու, կարծես, նաեւ տղամարդիկ), պարզվում է, չեն կարողացել նկատել լցոնման դեպքերը, քանի որ այդ պահին հեռախոսով էին զրուցում կամ մեջքով էին շրջված դեպի քվեատուփերը:

Թեեւ ընտրություններից առաջ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում էին, թե թույլ չեն տա որեւէ խախտում, թվում էր, թե երկրապահները գոնե թույլ չեն տա բռնություններ հանձնաժողովի անդամների հանդեպ, ամեն դեպքում, ընտրատեղամասերից մեկում, որտեղից առեւանգվել էին հանձնաժողովի՝ ՀՅԴ եւ «Օրինաց երկիր» կուսակցության անդամները, իր կուսակցի շահերը պաշտպանելու, դեպքին միջամտելու կապակցությամբ ընդդիմությունից այնտեղ էր գնացել միայն մեկը` կին պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Տեղում զանգահարելով Սամվել Ալեքսանյանին, որը նույնպես պատգամավոր է (ՀՀ ԱԺ-ի), տիկին Բիշարյանը ճշտել է, որ առեւանգողները նրա մարդիկ են:

Անկախ արդյունքներից` այս ընտրություններում հաղթողներ չեղան, եթե ինչ-որ մեկն էլ հաղթեց, ապա հաղթեց օրենքի պահապանների կողմից մերժված հասարակությանը: Եվ սա է բացատրությունը, թե ինչու նրանք, ովքեր դեմ էին Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ցանկանում էին ամենեւին ոչ նրա հաղթանակը, այս օրերին մասնակցում են հանրահավաքներին. այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 19-ին, ժողովրդի նվաստացման այս մասշտաբը ձեռնոց է հասարակության յուրաքանչյուր անդամին` անկախ նրանից` քվեարկել է Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե մյուսների օգտին: Կան մարդիկ, որոնք դժվարությամբ են հավատում նաեւ հանրահավաքում ելույթ ունեցողների անկեղծությանը, քանի որ ժամանակին՝ երբ իրենք ունեին իշխանություն ու հնարավորություն` լինել ազնիվ, նրանք այդ հնարավորությունից ամենեւին էլ չեն օգտվել: Հանրահավաքի ամբիոնից ելույթ ունեցող «Ոգու փորձություն» կազմակերպության անդամ, իսկ ժամանակին Կալանավայրերի վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանը այն ժամանակ անձամբ էր ոտքերով ծեծում քաղաքական հայացքների համար ձերբակալվածներին: Գեներալ Մանվելին էլ բարդ է միանշանակորեն ընկալելն ու նրան տարանջատելը ընտրություններին մարդկանց առեւանգող մականունավոր հեղինակություններից միայն այն բանի համար, որ այս պահին միանում է Լ. Տեր-Պետրոսյանի հանրահավաքին:

Ի դեպ, ՀՀ նախագահի ընտրությունների օրը հեռուստաընկերությունները ջանասիրաբար լուսաբանում էին յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի եւ նրանց` հիմնականում զվարթ տիկնանց ընտրության պրոցեսը: Եվ պատվելիների թվում խիստ անակնկալ, անսպասելի էր տեսնել նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսին: Անսպասելի էր այնքանով, որ ընտրություններից առաջ, հոգեւոր այդ աննախադեպ անկման ընթացքում էր ակնկալվում հայոց հայրապետի հայտնությունը էկրաններին: Նրա հայրապետական ծանրակշիռ խոսքը կարող էր մեկ, տասը կամ շատ ավելի մարդկանց ետ պահել այն ամենից, ինչ տեղի ունեցավ փետրվարի 19-ին, օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ եւ անպատիժ: Նրա իմաստուն խոսքը կարող էր շատերին ետ պահել ընտրակաշառք վերցնելու գայթակղությունից, մականունավոր օլիգարխներին, որոնք մոտ մեկ կգ քաշ ունեցող խաչ են կրում իրենց պարանոցին, կարող էր ետ պահել անվայել նախաձեռնություններից: Սակայն նման բան տեղի չունեցավ: Փոխարենը, Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին հասցրեցինք նկատել դեռեւս կիրակի օրը, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանրահավաքին. նա կանգնած էր ամենաթեժ գծում եւ, վստահ ենք, աղոթքի խոսքեր էր հղում առ Աստված` թախանձելով ազնիվ եւ արդար ընտրություններում իր նախապատվելի թեկնածուի հաղթանակը:

Դատողություններ անել մեր կոտրված հասարակության ու հինգ հազար դրամով իրենց ձայնը վաճառած մարդկանց հոգեւոր դատարկության մասին, ազնիվ չէ: Դա չպետք է թույլ տային ո՛չ իշխանությունները եւ, նախեւառաջ, մեր հոգեւոր դասը: Ամեն դեպքում, ժողովուրդը իրավունք ունի համառորեն հուսալ ու սպասել, որ իր կաթողիկոսը մի օր, մի առիթով իր ջերմ, անկեղծ ու հայրապետական խոսքը կուղղի իր ժողովրդին, կսաստի իշխանավորներին, եւ ամենեւին ոչ աշխարհիկ չինովնիկներին հատուկ օպերատիվությամբ կշնորհավորի վարչապետին` նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Բարդ ընտրության առաջ է այսօր մեր հասարակությունը: