«Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի միջեւ ընդհանրությունները շատ քիչ են: Մինչդեռ տարբերությունները շատ են եւ հօգուտ Արցախի: Ի տարբերություն Արցախի` Կոսովոյի բնակչությունը բնիկներ չեն, ի տարբերություն Կոսովոյի, որի խորհրդարանն է հռչակել իր անկախությունը, Արցախն ինքնորոշվել է նաեւ հանրաքվեի հիման վրա: Ավելին` Կոսովոն պատրաստ չէր սեփական պետականությունն ունենալու բազմաթիվ, այդ թվում` տնտեսական, տարածքները վերահսկելու հնարավորության բացակայության առումներով»,- երեկվա ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը` ընդգծելով նաեւ, որ Կոսովոն չի հսկում այն տարածքը, որը պետություն է հռչակել: «Ի տարբերություն սրան` Արցախի ողջ տարածքում գործում են ԼՂՀ օրենքներն, ու պետության գերակայությունը հստակ է: Ավելին` մինչեւ 1999թ. Կոսովոն չի ունեցել ոչ պետական, ոչ էլ նույնիսկ ադմինիստրատիվ որեւէ կարգավիճակ: Մինչդեռ Ղարաբաղը դեռեւս ԽՍՀՄ տարածքում ունենալով պետական ադմինիստրատիվ կարգավիճակ, այսինքն` լինելով այդ ֆեդերացիայի սուբյեկտը, դուրս է եկել Միության կազմից ԽՍՀՄ եւ միջազգային իրավունքի բոլոր նորմերի համաձայն»,- նկատել է նա:
Լ. Մելիք-Շահնազարյանը ոչ միայն չի ցանկանում զուգահեռներ տանել ԼՂՀ-ի եւ Կոսովոյի միջեւ, այլեւ ավելի քան համոզված է, որ Կոսովոն հայկական Նախիջեւանն է: «Այսինքն` այն դեպքն է, երբ աշխարհի հզորները կարող են խլել մեկի հայրենիքի մի կտորը եւ տալ ուրիշին»,- պարզաբանել է նա: Ըստ նրա` աշխարհի բոլոր ժողովուրդներն ազգային ինքնորոշման իրավունք ունեն, սակայն այդ իրավունքը պետք է հիմնված լինի պատմաէթնիկական հիմունքների վրա եւ չհակասի այլ պետության իրավունքներին, «այլապես այն վերածվում է պատերազմի եւ անջատողականության»: Լ. Մելիք-Շահնազարյանի հավաստմամբ` ճանաչելով Կոսովոյի անկախությունը եւ Ռուսաստանի հավատարիմ սերբ դաշնակցից եւս մի կտոր խլելով` Արեւմուտքը ցանկանում էր թուլացնել Ռուսաստանի դիրքերը: Նրա համոզմամբ` հենց դա էր պատճառը, որ Կոսովոյին հաջողվեց անկախություն ձեռք բերել: «Բացի այդ, շատ լավ հասկանալով, որ Ռուսաստանը չի կարող ճանաչել հետխորհրդային տարածքում չճանաչված պետությունների անկախությունը, նրանք միեւնույն ժամանակ «մեսիջ» են ուղարկում Ռուսաստանում բնակվող էթնիկական փոքրամասնություններին` ասելով, որքան շատ պայքարեք ձեր անկախության համար, անքան շատ աջակցություն կունենաք Արեւմուտքից»,- ընդգծել է նա: Լ. Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Արեւմուտքը, ավելի շատ՝ Միացյալ Նահանգները, նպատակ ուներ նաեւ Եվրոպայի կենտրոնում ստեղծել մահմեդական պետություն, որը «հակակշիռ կլինի միացյալ Եվրոպայի ինչ-որ ցանկություններին»: Քաղաքագետի կանխատեսմամբ, Կոսովոյի անկախությունը երկար չի տեւի, քանի որ այն կմիացվի Ալբանիային, այնուհետեւ այդ արդեն մեծացած Ալբանիային կսկսեն միացնել Մակեդոնիայի մի մասը, եթե ոչ ամբողջ Մակեդոնիան, որտեղ բնակչության 45 տոկոսը ալբանացիներ են: «Հետո կմիացնեն Մոնտենեգրոն, որի հարավը գրեթե ամբողջովին բնակեցված է ալբանացիներով: Հունաստանի հյուսիսում եւս ալբանացիները լուրջ քանակություն են կազմում, եւ հույների հետ լուրջ խնդիրներ կան: Այսինքն` ընտրված է մի ժողովուրդ, որն ագրեսիվ նպատակներ, աճման ներուժ ունի եւ փայլուն կարող է իր դերը կատարել»,- վստահեցրել է նա` նշելով, թե ինքը որեւէ կասկած չունի, որ Կոսովոյի անկախությունը ճանաչվելու է աշխարհի շատ ու շատ պետությունների կողմից: Ըստ նրա` վաղ թե ուշ այն ճանաչելու է նաեւ Ռուսաստանը, քանի որ այդ «փաստն այլեւս անշրջելի է»: Նրա դիտարկմամբ` Կոսովոյի անկախությունը չճանաչեցին եւ չեն էլ ճանաչի այն երկրները, որոնք իրենց տարածքային ամբողջականությունը պաշտպանելու խնդիրներ ունեն: Լ. Մելիք-Շահնազարյանի ասելով՝ Հայաստանը չպետք է «մտնի այդ անարդարության եւ այդ պղտոր ջրերի մեջ` անգամ իր արդարությունը վերականգնելու համար»: Հակառակը, ըստ նրա` հայկական կողմը շեշտը պետք է դնի նրա վրա, որ եթե ճանաչվում է Կոսովոյի անկախությունը, ապա ԼՂՀ-ն շատ ավելի լուրջ փաստարկներ եւ հիմքեր ունի ճանաչման համար: «Մենք պետք է դիմենք ոչ միայն առանձին կազմակերպություններին, այլեւ առանձին պետություններին, նրանց, ովքեր հերթ են կանգնել Կոսովոյի անկախությունը ճանաչելու համար: ԼՂՀ-ն պետք է դիմի այդ երկրներին` ցույց տալով եւ համադրելով այն, ինչ ինքն ունի, եւ այն, ինչ Կոսովոն ուներ: ԼՂՀ Արտգործնախարարության թիվ մեկը խնդիրն այսօր սա պետք է լինի: Եթե նախկինում, օրինակ, ՄԱԿ-ը կարող էր քիչ թե շատ լուրջ փաստարկներ բերել, ապա Կոսովոյի անկախությունից հետո սա էլ է վերանում: Հետաքրքիր է, ի՞նչ պատասխան պետք է տան այն երկրները, ովքեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդպես ջանադրաբար պայքարում էին Կոսովոյի անկախության համար»,- ընդգծել է քաղաքագետը: