Ապավինում է ՆԱՏՕ-ի խոստմանը

26/02/2008

Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սայդիուն հայտարարել է, որ ապավինում է ինքնահռչակ պետության անվտանգությունն ու կայունությունն ապահովելու ՆԱՏՕ-ի խոստմանը: Նա նաեւ Սերբիայի կառավարությանը նախազգուշացրել է, որ Կոսովոն ըստ էթնիկական սկզբունքի բաժանելու ցանկացած փորձ տարածաշրջանում կհանգեցնի «ամենատխուր հետեւանքների»: «Գոյություն ունի հասարակության մի հատված, որը փորձում է ապակայունացնել Կոսովոն եւ ստեղծել տագնապալի, անհուսալի իրադրություն եւ ահաբեկել միջազգային հանրակցությանը: Սահմանների ամեն մի փոփոխություն տարածաշրջանում կհանգեցնի ծայրահեղ տխուր հետեւանքների, եւ ինչ-որ մեկը ստիպված կլինի պատասխանատվություն կրել դրա համար»,- «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ֆ. Սեյդիուն: Հիշեցնենք, որ նախօրեին Բելգրադում տեղի է ունեցել Կոսովոյի անջատման դեմ բողոքի համազգային հանրահավաք, որին մասնակցել է ավելի քան 150.000 մարդ: Ավելի ուշ` մի խումբ ծայրահեղականորեն տրամադրված երիտասարդներ գրոհել են ԱՄՆ դեսպանատան վրա՝ հրկիզումներ անելով այնտեղ: Նաեւ հարձակման են ենթարկվել Խորվաթիայի եւ մյուս այն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, որոնք ճանաչել են Կոսովոյի անջատումը: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Ըստ նախնական տվյալների՝ 80-ից ավելի մարդ է տուժել: Դեսպանատան շենքում ավելի ուշ հայտնաբերվել է հարձակվողներից մեկի այրված դիակը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը Սերբիայի իշխանություններին մեղադրել է անհրաժեշտ միջամտություն չցուցաբերելու մեջ ԱՄՆ դեսպանատան վրա ծայրահեղականների հարձակման ժամանակ: Կոսովոյի Միտրովիցա քաղաքի միջատարածքում, որտեղ հավաք բնակվում է սերբ բնակչություն, նույնպես տեղի են ունեցել բողոքի գործողություններ: Գրանցվել են հարձակման դեպքեր ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունների եւ վերահսկիչ անցակետերի վրա: