Ըստ «Արմենպրեսի»` 2008թ. հունվարին` շտապ հավաքագրված տվյալներով, Հայաստանում ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 101 մլրդ 207.9 մլն դրամ, նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճի տեմպը` 9.9 տոկոս է: 2007թ. ՀՀ-ում ՀՆԱ-ն կազմել է 3 տրիլիոն 139 մլրդ 353.9 մլն դրամ, 2006թ. նկատմամբ աճի տեմպը՝ 13.7 տոկոս: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից գործակալությանը տեղեկացրել են, որ հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է (ներառյալ՝ էներգետիկան) 51 մլրդ 726.2 մլն դրամ: Անցած տարի այս ցուցանիշը կազմել է 716 մլրդ 54.5 մլն դրամ, 2006-ի համեմատ աճի տեմպը` 2.6 տոկոս:
2008թ. հունվարին առանց էներգետիկայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման` արդյունաբերական արտադրանքը կազմել է 34 մլրդ 645 մլն դրամ` նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից 4.3 տոկոսով պակաս: 2007թ. այդ ցուցանիշը կազմել է 591 մլրդ 303.1 մլն դրամ, ինչը 1,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: Առանց ադամանդի արտադրության` արդյունաբերական արտադրանքը հունվարին աճել է 1.9 տոկոսով` կազմելով 50 մլրդ 720.9 մլն դրամ: 2007-ին 2006թ. համեմատ աճել է 8.8 տոկոսով` հասնելով 710 մլրդ 740.6 մլն դրամի: Հունվարին հանրապետությունում արտադրվել է 663.5 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա` 2007թ. հունվարից 7.8 տոկոսով ավելի: Նախորդ տարի ընդհանուր առմամբ արտադրվել է 5 մլրդ 897.4 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 13 մլրդ 747.9 մլն դրամ, ինչը 2007թ. հունվարի համեմատ աճել է 0.2 տոկոսով: 2007-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 633 մլրդ 877.8 մլն դրամ, աճը 2006-ի համեմատ 9.6 տոկոս է: Հունվարին հանրապետությունում կատարվել է 7 մլրդ 35.9 մլն դրամի շինարարություն: Անցած տարի այս ցուցանիշը կազմել է 667 մլրդ 344.7 մլն դրամ` 2006-ից 19.7 տոկոսով ավելի: Մանրածախ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 57 մլրդ 835.7մլն դրամ է, աճը` 10.7 տոկոս: 2007թ. այն կազմել է 934 մլրդ 379.6 մլն դրամ, աճը` 10 տոկոս: Բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալն (առանց առեւտրի) ավելացել է 7.4 տոկոսով եւ կազմել 37 մլրդ 95 մլն դրամ` 2007թ. 542 մլրդ 590.8 մլն դրամի դիմաց: Հունվարին ՀՀ-ում պաշտոնապես գրանցված է եղել 72.3 հազար գործազուրկ, 2007թ.` 75.1 հազար: Զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 25.6 տոկոսով` կազմելով 84.355 դրամ: 2007թ. միջին ամսական աշխատավարձը կազմել է 77.469 դրամ:
ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունը հունվարին ավելացել է 29.4 տոկոսով` կազմելով 336.9 մլն դոլար: Հունվարին դրամի միջին փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ եղել է 306.83: