9 տարեկան Քրիստինեի աչքերում այնքան արհամարհանք ու վիրավորանք կա, որ փոքրիկ այս աղջիկը մարդկանց հետ շփվելիս ընդգծված զգուշավորության բարդույթը դժվարությամբ է հաղթահարում:
Աննրբանկատ մարդկանց կոշտ վերաբերմունքից այնպես է փակվել, որ գերադասում է ինքն իր մեջ ապրել ու որեւէ մեկին թույլ չտալ մուտք գործել իր ներաշխարհ: Քրիստինեն Թամարայի յոթ երեխաներից մեկն է, ով իր ընտանիքի աղքատության համար ամեն օր, ամեն րոպե կռվում է էս աշխարհի ու էս մարդկության հետ: Հարցնում եմ` «Քեզ վիրավորե՞լ են»: Քրիստինեն գլուխը խոնարհում է, ու նրա գեղեցիկ աչքերը մի կերպ արցունքները զսպելու ընդունակությունից լայնանում, պայթում են: «Հա՛,- ասում է,- մեր հարեւաններն ասում են` դուք բոմժ եք: Մամաս ու ախպերս գնում փետ-մետ են հավաքում, որ վառենք, տաքանանք, հարեւանները տեսնում, ծաղրում են, մեզ ձեռ են առնում: Ես շատ եմ ամաչում: Մամային ասում եմ` մա՛մ, խնդրում եմ, աղաչում եմ, էլ չգնաք փետ բերելու, ավելի լավ ա ցրտին դիմանանք, քան թե մեզ ձեռ առնեն»:
Մայրը` Թամարան, այնպես է ազդվում աղջկա խոսքերից, որ երեխաներին ու ինքն իրեն մխիթարելու համար սկսում է վերհիշել անցյալը, երբ իր ընտանիքն ապրում էր փայտե տնակում, ու երեխաները բառիս բուն իմաստով ցրտահարվում էին այդ պայմաններում: 4 տարի առաջ Դիլիջանում ապրող բազմազավակ այս ընտանիքը տեղափոխվել է Երեւան՝ երեխաներին սովից փրկելու հույսով: «Չէինք կարողանում ապրել, երեխաները սովամահ էին լինում, ոչ աշխատանք կար, ոչ ցամաք հաց: Երեխեքի հետ գնում, անտառներում ման էինք գալիս, որ մի բան գտնենք ուտելու, վառելու համար: Տուն էլ չունեինք, դոմիկում էինք ապրում, ստեղ հըլը փառք ա, Դիլիջանում մեր վիճակն ահավոր էր: Ես ու ամուսինս որոշեցինք գալ Երեւան, որ գոնե աշխատանք գտնենք: Եկանք ու մի փայտե տնակ գտանք, մի տարի սոսկալի վիճակում ապրեցինք: Ձմեռը սարսափելի տանջանքներ քաշեցինք` ցուրտ, խոնավություն, տեղաշորը ջուր, մինչեւ որ…»: Մինչեւ որ Մուշական թաղամասում ապրող մի մարդ սարերի մեջտեղում գտնվող իր սեփական տան սենյակներից մեկը հատկացրեց այս ընտանիքին: Սկզբում ապրել են տանտիրոջը վճարելով 20.000 դրամ վարձավճար, սակայն հետագայում տեսնելով երեխաների անհուսալի վիճակը` տանտերը բարեխղճորեն հրաժարվել է վարձավճար պահանջելուց: Թամարայի յոթ երեխաների համար այդ ծայրահեղ պայմաններում ապրելն անհետեւանք չի մնացել, երեխաներից մեկի մոտ ախտորոշել են թարախային հիվանդություն, իսկ մյուս երեխայի մազերը թափվում են, սակայն բժիշկներն ի զորու չեն հայտնաբերել հիվանդության բուն պատճառը: Ներկայումս բազմանդամ այս ընտանիքն ապրում է Մուշական թաղամասում, որը մեր հայրենակիցներն անվանում են Շորբուլախ ու, որը ո՛չ քաղաքի է նման, ո՛չ էլ գյուղի: Նման է քաղաքից ու գյուղից տարանջատված մի կղզյակի: 9 հոգուց բաղկացած այս ընտանիքի եկամուտը 40.000 դրամ աղքատության նպաստն է, որից 16.000 դրամը Թամարան պարտավոր է վճարել չորս դպրոցական երեխաների դպրոցի ֆոնդին: Ասում է, որ երեխաները լավ են սովորում, պարտաճանաչ են, սակայն դպրոցում պահանջվող գումարներից շատ են «խեղճանում»: «Ֆոնդի գումարը չեմ կարողանում տալ, ախր նպաստով հոսանք ա, դես ա, դեն ա, հազիվ եմ տալիս: Էն օրը դասատուն դասի կեսից երեխուն հանել, ուղարկել էր տուն, թե՝ գնա փողը բեր: Նեղված, լացելով եկել ա, թե՝ ամաչում եմ, մի ճար արա, տանեմ, տամ»,- պատմում է Թամարան, ով տանտիրոջ կովը կթելով՝ որպես փոխհատուցում ստանում է 1000 դրամ, կամ էլ մեկ-երկու դույլ կաթ ու մածուն: Ասում է, ինչ եկել են Երեւան՝ հացի արտադրամասում ցերեկային եւ գիշերային հերթափոխով բանվորություն է արել, իսկ հիմա չի կարողանում ծանր աշխատանք կատարել, որովհետեւ հազար ու մի հիվանդություն է ձեռք բերել. «Էնքան գիշեր-ցերեկ աշխատեցի, որ երիկամներիս վրա կիստա ա առաջացել, սրտի անբավարարություն, ճնշումս բարձրանում ա: Բայց սիրով էի աշխատում, որովհետեւ Դիլիջանի համեմատ շատ լավ էր, էնտեղ ընդհանրապես գործ չկար»:
Ձյանն ու անձրեւոտ եղանակին երեխաները կծկվում են սենյակի անկյունում, որովհետեւ այս խրճիթը տանիք չունի, ու ամբողջ սենյակով մեկ դույլեր են շարում, որ կեղտաջրերը գլխներին չլցվեն: Թամարայի ամուսինը կանոնավոր աշխատանք չունի, որովհետեւ միշտ չէ, որ բանվորի կարիք է լինում: Թամարային ասում եմ` «7 երեխա, էս պայմաններում, բա չե՞ք վախեցել…»: Պատասխանում է` «Ես հարազատներ չեմ ունեցել ու միշտ երազել եմ շատ երեխա ունենալ: Դիլիջանում էինք, երբ զգացի, որ շատ դժվար ա էս անզոր վիճակում երեխա մեծացնելը, դիմեցի բժշկի: Քրիստինեով հղի էի, գնացել, լացել եմ` բժշկին ասում եմ` հանե՛ք էլի, չեմ ուզում մեղքի տակ ընկնեմ: Ասում եմ` նայե՛ք, 5000 դրամ հայթայթել եմ, էս վերցրե՛ք, աբորտ արեք: Բժիշկը կոպիտ ձեւով ինձ դուրս ա վռնդել, ասել ա՝ 15.000 դրամ ա պետք»: Քրիստինեն լուռ լսում է մոր խոսքերն ու աչքերով հետեւում է մոր ձեռքերին, որոնցով Թամարան յոթ երեխաների միջից մատնացույց է անում մասնավորապես իրեն: Հետո աչքերը լցնելով դուրս է գալիս սենյակից ու այլեւս չի երեւում: Թամարային ասում եմ` «Ձեր փոխարեն ես էդ բժշկին հիմա կտանեի ու 15.000 դրամ կտայի, շնորհակալություն կհայտնեի, որ աբորտ չի արել, ու Քրիստինեի նման երեխա եք ունեցել»: Թամարան ասում է` «Հա՛, ճիշտ եք, իմ երեխաները շատ լավն են, Աստծուց շնորհակալ եմ, որ սենց երեխեք ունեմ: Բայց ասեմ, որ ես շատ հայրենասեր եմ ու միշտ էլ երազել եմ շատ երեխա ունենալ: Էսօր ինձ ահավոր դժվար ա, բայց երեխեքիս քաղցրությունը զգալով, եթե կարողանայի՝ էլի կունենայի»: Թամարան ասում է, որ իր յոթ երեխաները շատ հարմարվող են ու, տեսնելով ծնողների անզորությունը, որեւէ պահանջ չեն ներկայացնում: «Մենք որ եկանք էստեղ, էս դիմացի հարեւանն ասել էր` աման, 7 երեխայով որ գան էստեղ՝ մենք ո՞նց պիտի էդ աղմուկին դիմանանք: Իսկ հիմա հիանում են երեխաներիս դաստիարակությունով, ասում են՝ ոնց որ մի երեխա էլ չապրի էս տանը: Շատ լսող են, չնայած մեր էս չքավորությանը՝ ես վստահ եմ, որ երեխաներիցս ամեն մեկն էլ լավ, հայրենասեր մարդ կդառնա: Հենց ծնված օրից, բարուրից ես իրանց դաստիարակել եմ լավ, ազնիվ մարդ լինել, իրանց պապան էլ ա շատ ազնիվ մարդ»,- հպարտությամբ ասում է բազմազավակ մայրը` հիշելով, թե ինչպես էր հղի վիճակում Դիլիջանի անտառներից խոտ հավաքում, կապում, վաճառում, որ հացի գումար վաստակի: Թամարան պարբերաբար հիշելով Դիլիջանում ապրած տարիների դժվարությունները՝ մի տեսակ մխիթարվում է երեւանյան կենցաղով, որի միակ առավելությունն այն է, որ տանտիրոջ կովը կթելով՝ մեկ-մեկ 1000 դրամ է վաստակում: Ասում է, որ օրեր են լինում, երբ երեխաները սովին չեն դիմանում: Թամարան չոր հաց հայթայթելով՝ թրջում, երեխաներին կերակրում է, կամ էլ` ունեցած մեկ բաժակ ալյուրի վրա եռացրած ջուր ու աղ է լցնում ու երեխաների քաղցը կոտրում է: Ասում եմ` «Լավ, լաց մի եղեք»: «Ախր ազդվում եմ, երեխեքս էդ ամեն ինչը սուս ու փուս ուտում են ու ձեն չեն հանում: Անգամ հարեւանս չի իմացել, որ երեխեքս սոված են մնացել, լուռ ու մունջ հաղթահարել ենք սովը: Ինչ տամ` կհագնեն, ինչ հագցնեմ` կհագնեն, մի հատ դժգոհություն չեն հայտնի»:
Չնայած սոցիալական ծայրահեղ կենսապայմաններին, Թամարան ու ամուսինը կարողացել են երեխաներին դաստիարակել բարձր արժեքներով: Այս խրճիթ մուտք գործելուն պես առաջին բանը, որ զգում ես` զարմանքն է. զարմանում ես, թե փոքրիկ այս հյուղակում, ուր ոչ մի հարմարություն չկա, ինչպես են մեծանում յոթ երեխաներ: Հետո, երբ մի քանի րոպե շփվում ես Թամարայի ընտանիքի հետ` հասկանում ես, որ աղքատության մեջ ապրող այս երեխաները վաղը դառնալու են ազնիվ ու պարկեշտ ՀՀ քաղաքացիներ, ովքեր գնահատելու են ոչ թե նյութը, այլ մարդու արժեքային համակարգը: