178-ամյա տան բնակիչները

26/02/2008 Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո Սեւանի ավազանի շատ գյուղերի նման վերաբնակեցվեց եւ Ալուչալուն (Արծվանիստը), որտեղ հաստատվեցին Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից գաղթած հայերը: Ներկայիս Արծվանիստ գյուղի առաջին տունը 1828-1830 թվականներին կառուցել է Արծվանիստ գյուղի բնակիչ Ֆրունզիկ Պողոսյանի նախապապը: Պողոսյանների 16 հոգուց բաղկացած ընտանիքը մինչեւ օրս էլ բնակվում է 19-րդ դարի սկզբին կառուցված փոքրիկ տնակում:

«Երկրաշարժի ժամանակ հրաշք էր, որ տունը փուլ չեկավ: Բայց սյուները ծռվեցին, հիմա մի թույլ երկրաշարժից էլ տունը կարող է փուլ գալ»,- ասում է 53-ամյա տիկին Սոնիկը` Ֆրունզիկ Պողոսյանի կինը: Տան վթարային լինելու պատճառով ընտանիքը նաեւ բնական գազ չունի: Բազմանդամ ընտանիքն ապրում է Ֆրունզիկ Պողոսյանի 16.000 դրամ աշխատավարձով. նա գյուղի «կլուբի» պահակն ու պատասխանատուն է: «Մեծ տղես խոպան գնաց, որ մի երկու կոպեկ բերի` ծայրը ծայրին հասցնենք: Էն էլ էնտեղ ընկավ, ոտքը ջարդվեց: Դատարկ գրպանով հետ եկավ: Գոնե թոշակի տարիքի հասած լինեի, էլի մի կերպ յոլա կգնայինք»,- ասում է Ֆրունզիկ Պողոսյանը:

Ֆրունզիկ եւ Սոնիկ Պողոսյաններն ունեն յոթ թոռ: Շուտով կծնվի նրանց ավագ որդու 3-րդ երեխան` նրանց ութերորդ թոռը: Նրանք հուսով են, որ նորածին փոքրիկն իրենց տուն հաջողություն կբերի: «Աստված ողորմած ա, մի կերպ յոլա կգնանք,- ասում է տիկին Սոնիկը,- միայն թե տանիքը փուլ չգա գլխներիս»:

Անձրեւի եւ ձնհալի ժամանակ հողե տանիքից ջուր է լցվում տուն, նաեւ երբեմն հող է ցած թափվում: Չի փրկում եւ ստվարաթուղթը, որով ծածկել են հողե առաստաղը: «Մի անգամ գիշերը հող էր պոկվել տանիքից ու ընկել քնած թոռանս վրա: Էրեխեն շատ էր վախեցել. մտածել էր, թե տունն է փուլ եկել»,- պատմում է Սոնիկ Պողոսյանը:

Պողոսյանների ավագ թոռը 16 տարեկան է, եւ ընտանիքն արդեն իսկ նախապատրաստվում է նրան բանակ ճանապարհելուն, սակայն տիկին Սոնիկին անհանգստացնում է այն, որ մի քանի տարուց թոռնիկի` ընտանիք կազմելու ժամանակը կգա, իսկ իրենք պայմաններ չունեն. «Առանց էդ էլ սիրտս կտոր-կտոր է լինում, փոքր որդիս արդեն 27 տարեկան է, բայց ամուսնացած չէ. կնոջն էս փոքր սենյակի մեջ ո՞ւր բերի»:

Ֆրունզիկ Պողոսյանը վերջերս օգնության խնդրանքով դիմել է ՀՀ կառավարությանը: Նա հույս ունի, որ երբեւէ նրան նոր բնակարան կհատկացնեն: Այն ժամանակ նա կկարողանա ամուսնացնել կրտսեր որդուն, թոռանն էլ հանգիստ խղճով հայրենիքին ծառայելու կուղարկի: