ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի, ԿԸՀ քարտուղար Նաթիկ Մամեդովի` ԶԼՄ-ներով եւ միջազգային ատյաններին հղած ուղերձներում ապակողմնորոշող եւ մերկապարանոց այն հայտարարություններին, թե իբր ՀՀ նախագահի ընտրությունների գործընթացների շրջանակում ԼՂՀ տարածքում նույնպես կազմավորվել են ընտրական տեղամասեր։
«Որպես ԼՂՀ-ում ընտրությունների կազմակերպման եւ անցկացման պատասխանատու պետական կառույց՝ ԼՂՀ ԿԸՀ-ն պաշտոնապես եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ԼՂՀ տարածքում ՀՀ նախագահական ընտրությունների անցկացման համար ոչ մի ընտրական տեղամաս չի կազմավորվել եւ չէր էլ կարող կազմավորվել, քանի որ այն կհակասեր ԼՂՀ Սահմանադրությանը»,- հայտարարել է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Ս. Նասիբյանը։
«ԼՂՀ-ն ինքնիշխան եւ անկախ պետություն է, որտեղ պետականության սկզբնավորման օրվանից մինչ այժմ անցկացվել են մեր հանրապետության նախագահական, խորհրդարանական եւ մունիցիպալ չորսական ընտրություններ։ Դրանք բոլորն էլ միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի իշխանությունների այդ հերթական սադրանքները մնացել են անպատասխան, քանի որ Եվրախորհրդարանի, ԵԱՀԿ-ի, միջազգային այլ կազմակերպությունների դիտորդները ՀՀ նախագահական ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելիս այցելել են ՀՀ համարյա բոլոր ընտրական տեղամասերը եւ համոզվել, որ դրանք ստեղծվել են միայն Հայաստանի Հանրապետությունում։ Այդպիսիք չեն ստեղծվել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այլեւ մյուս օտարերկրյա պետություններում, ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում, ինչը բխում է ՀՀ Սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի դրույթներից»,- ասված է ԼՂՀ ԿԸՀ տարածած հայտարարության մեջ: