Վերծանել են «սեւ արկղերը»

26/02/2008

Այս տարվա փետրվարի 14-ին վթարի ենթարկված «Բելավիա» ինքնաթիռի ինքնաձայնագրիչները` «սեւ արկղերը», տեղափոխվել են Մոսկվա, որտեղ եւ դրանք վերծանվել են: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, վերծանման արդյունքում ինքնաթիռի տեխնիկական թերություններ չեն հայտնաբերվել: Շարժիչներն աշխատել են նորմալ, դրանք շարունակել են աշխատել նույնիսկ օդանավի շրջված վիճակում, այսինքն` ավիավառելիքի հետ կապված խնդիրներ եւս չեն եղել: «Այս պահի դրությամբ աղետի հիմք հանդիսացող տեխնիկական թերություններ չեն հայտնաբերվել: Եվ չեմ կարող հիմա ասել, որ դա անձնակազմի մեղքն է: Վերծանումը պետք է շարունակվի իրականացվել նաեւ Կանադայում` մաթեմատիկական հատուկ մոդելով: Միայն դրա արդյունքում կհրապարակվի վթարի պատճառների մասին վերջնական եզրակացությունը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ինքնաձայնագրիչների վերծանման նպատակով ՀՀ Քաղավիացիայի պետի հրամանով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որում ընդգրկված են մասնագետներ Միջպետական ավիացիոն կոմիտեից, ինչպես նաեւ՝ Հայաստանից եւ Բելառուսից: Ըստ Ա. Մովսիսյանի` նախնական տվյալներով` ավիավթարից տուժածներին պետք է տրվի փոխհատուցում 1-3 հազար եվրոյի շրջանակներում: