ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով զբաղեցնում է երկրորդ տեղը` պարտվելով նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, երեկ Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքում հայտարարել է, թե իր թիմը գործողությունների հստակ ծրագիր ունի: Նա, սակայն, այդ ծրագրի մանրամասների մասին ոչինչ չի ասել: «Ոչ մի բիրտ ուժ չի կարող մեզ խանգարել այս երկրում հասնել օրենքի վերջնական իշխանության: Մենք ունենք գործողությունների հստակ ծրագիր: «Թող չմտածեն, որ մեզ կարող են հանել հավասարակշռությունից: Մենք լինելու ենք շատ զուսպ, հանդարտ, վստահ, առանց կասկածելու մեր վերջնական հաղթանակի մեջ: Այս անգամ մենք չենք ընկրկելու եւ հասնելու ենք այն բանին, որ լիարժեք տոնենք մեր հաղթանակը՝ ես նկատի ունեմ 1998-ի, 2003-ի եւ 2008-ի հաղթանակները»,- եզրափակել է Լ. Տեր-Պետրոսյանը: Երեկ երթից հետո ցուցարարները գնացել են «Ազատության» հրապարակ եւ 20:30-ին հեռացել են՝ հայտարարելով, որ այն շարունակելու են այսօր: