Երեկ Երեւանում կայացավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի հրավիրած հետընտրական առաջին հանրահավաքը:
Նախապես պլանավորված էր, որ Մատենադարանին հարակից հրապարակում նախատեսված այդ հանրահավաքը պետք է սկսվեր ժամը 15:00-ին, սակայն փետրվարի 19-ի ուշ երեկոյան Տեր-Պետրոսյանի շտաբը հայտարարեց, թե հաշվի առնելով ընտրակեղծիքների աննախադեպ ծավալն ու համատարած բռնությունները, առաջարկվում է Մատենադարանի մոտ սկսել հավաքվել արդեն ժամը 11:00-ից: Երեկ առավոտից մարդիկ հավաքվում էին Մատենադարանի մոտ: Սակայն ընդդիմության հանրահավաքին ամենայն լրջությամբ էին «նախապատրաստվել» նաեւ իշխանությունները: Վաղ առավոտից փակվել էին մարզերից Երեւան մտնող ճանապարհները, չէին գործում ավտոբուսները, մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում ընդհանրապես չէին աշխատում երթուղային տաքսիները, տաքսի ծառայությունները: Չնայած այս խոչընդոտներին՝ ժամը 15:00-ին մեկնարկած հանրահավաքը բավականին բազմամարդ էր: Մարդկանց բազմությունը Մատենադարանին հարակից հրապարակից ձգվում էր մինչեւ «Նաիրի» կինոթատրոն: Կազմակերպիչների գնահատմամբ՝ հանրահավաքին մասնակցում էր ավելի քան 200 հազար մարդ, իսկ Ոստիկանությունը պնդում է, որ մասնակիցների թիվը չի գերազանցել 12 հազարը: Հանրահավաքի ընթացքում ընթերցվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարությունը, որտեղ, փաստելով, որ ընտրություններ կոչվող միջոցառումն ուղեկցվել է զանգվածային ծեծուջարդով, ահաբեկումներով, լցոնումներով, ընտրակաշառքներով, առեւանգումներով եւ այլ ապօրինություններով, նշվում էր, որ իրենք չեն ճանաչում այդ ընտրության արդյունքները: Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ փետրվարի 19-ին ՀՀ նախագահ է ընտրվել վարչապետ Սերժ Սարգսյանը, ում օգտին, ըստ ԿԸՀ-ի, քվեարկել է ընտրողների մոտ 52,8%-ը: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դարձյալ ԿԸՀ-ի տվյալներով՝ մոտ 21,5%-ով երկրորդ տեղում է: Երեկվա հանրահավաքի բանախոսները վստահեցնում էին, որ փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, եւ իրենք տեր են կանգնելու այդ հաղթանակին ու ոչ մի քայլ չեն նահանջելու: Ելույթ ունեցավ նաեւ Լ. Տեր-Պետրոսյանը: Նա փաստեց, որ հակառակ գործադրված բոլոր օրինախախտումներին՝ բռնություններ, առեւանգումներ, լցոնումներ եւ այլն, ընտրության ավարտի պահին «ժողովրդի թեկնածուն հաղթել էր»: Ըստ նրա, շատ բան փոխվել է հենց ժամը 20:00-ից հետո, երբ սկսվել է ձայների հաշվարկը, որն, ի դեպ, բազմաթիվ տեղամասերում տեղի է ունեցել մթության պայմաններում: Առաջին նախագահը երեկ նաեւ կարծիք հայտնեց, թե իշխանության եւ քրեական աշխարհի այնպիսի սերտաճում, ինչպիսին տեսանք ամսի 19-ին, երեւի աշխարհի ոչ մի երկրում գոյություն չունի: «Ոչ մի բիրտ ուժ չի կարող մեզ խանգարել այս երկրում հասնել օրենքի վերջնական իշխանության: Մենք ունենք գործողությունների հստակ ծրագիր: Թող Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, որոնք այժմ իրենց առանձնասենյակներում հետեւում են այս հանրահավաքին, չկասկածեն, որ մենք մեր հստակ ծրագրով հասնելու ենք լիակատար հաղթանակի,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը՝ հավելելով,- Եվ թող չմտածեն, որ մեզ կարող են հանել հավասարակշռությունից: Մենք լինելու ենք շատ զուսպ, հանդարտ, վստահ, առանց կասկածելու մեր վերջնական հաղթանակի մեջ: Այս անգամ մենք չենք ընկրկելու եւ հասնելու ենք այն բանին, որ լիարժեք տոնենք մեր հաղթանակը՝ ես նկատի ունեմ 1998-ի, 2003-ի եւ 2008-ի հաղթանակները»: Այս հանրահավաքն ավարտվեց մեծ երթով՝ Երեւանի կենտրոնական փողոցներով: Մի քանի կիլոմետր երկարություն ունեցող երթը «Լե-վոն, Լե-վոն», «Սեր-ժիկ հեռացիր» եւ այլ վանկարկումներով անցավ Մաշտոց-Ամիրյան-Նալբանդյան-Կորյուն փողոցներով եւ Մաշտոցի պողոտայով հասավ Ազատության հրապարակ: Ի դեպ, կառավարության շենքի մոտ ոստիկանների մի շարք փակել էր մայթը եւ ցուցարարներին ստիպում էր շարժվել հարակից ցեխոտ հատվածով եւ փողոցով: Այստեղ ցուցարարներից ոմանց եւ ոստիկանների միջեւ թեթեւակի ընդհարում տեղի ունեցավ, որի արդյունքում ոստիկանները տեղի տվեցին եւ մի քանի քայլ ետ քաշվեցին՝ մարդկանց հնարավորություն տալով քայլել նաեւ մայթով: Ոստիկանների ու հատուկջոկատայինների կուտակումներ կային նաեւ ԿԸՀ-ի, ԱԱԾ-ի ու Ոստիկանության շենքերի շրջակայքում: Ինչեւէ, երբ երթի սկզբի մասնակիցներն առաջին նախագահի գլխավորությամբ հասան Ազատության հրապարակ, նրանք ստիպված էին մոտ 50 րոպե սպասել, մինչեւ երթի վերջը հասավ հրապարակ, ինչից հետո Մատենադարանի մոտ սկսված հանրահավաքը շարունակվեց Ազատության հրապարակում: Հրապարակը լեփ լեցուն էր: Ցուցարարները բավականին վճռական էին տրամադրված: Նրանք հանրահավաքի կազմակերպիչներից պահանջում էին հենց այդ պահին շարժվել Բաղրամյան պողոտա եւ լուծել իշխանափոխության հարցը: Հռետորները փորձում էին բացատրել, որ դեռ դրա ժամանակը չէ, սակայն Ազատության հրապարակում հավաքվածները վանկարկում էին՝ «Հի-մա, հի-մա», «Այսօր, Բաղրամյան»: Մինչեւ երեկոյան 20:30-ը շարունակված հանրահավաքի վերջում ելույթ ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա արձագանքելով ներկաների՝ հենց այդ օրը Բաղրամյան պողոտա գնալու կոչերին, նշեց, թե «սա լուրջ քաղաքականություն է, եւ ես գիտեմ իմ անելիքը»: Առաջին նախագահն ասաց, թե թող ոչ ոք չկասկածի, որ իրենք ժողովրդի հետ հասնելու են իրենց նպատակին՝ «ամենախելոք, ամենաճշգրիտ եւ ամենավճռական քայլերով»: Նա ներկաներին առաջարկեց գնալ տուն՝ եւ վերադառնալ այսօր՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակ: «Դուք ականատես կլինեք չափազանց կարեւոր իրադարձության»,- ասաց նա: Առաջին նախագահը վստահեցրեց, որ հետքայլ, նահանջ չի լինելու: «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, ուրեմն՝ պայքար, պայքար մինչեւ վերեւ»,- նշեց Լ. Տեր-Պետրոսյանը: Վերջինս երեկ հայտարարեց նաեւ, թե ԵՄ անդամ որոշ երկրների դեսպաններ իրեն ասել են, թե Ռոբերտ Քոչարյանն իրենց ասել է, թե ինքը բանակցում է Տեր-Պետրոսյանի հետ: Լ. Տեր-Պետրոսյանը երեկ հանրահավաքում այդ դեսպաններին տեղեկացրեց, որ ոչ մի բանակցություն էլ չկա: Իսկ հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը ներկաներին կոչ արեց այսօր գալ տաք հագնված, որովհետեւ կարեւոր բան է լինելու: