Լավագույնն են

26/02/2008

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում համոզմունք է հայտնել, թե նախօրեին կայացած նախագահական ընտրությունները կլինեն լավագույնը Հայաստանի նորագույն պատմության մեջ: «Մեզ համար գերխնդիր է լեգիտիմ, ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Ես համոզված եմ, որ այս ընտրությունները կլինեն ամենալավագույնը մեր նորագույն պատմության մեջ»,- ասել է Է.Շարմազանովը: Հարցին, թե ինչո՞ւ են բազմաթիվ ոստիկաններ հավաքված ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի մոտ` եթե կուսակցությունը գտնում է, որ լավ ընտրություններ են անցկացվել, ու հասարակությունը համամիտ է դրան, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Բնականաբար, իրավապահ մարմինները պետք է իրականացնեն օրենքով տրված իրենց գործառույթը… Պետության ինստիտուտները, իրավապահ մարմինները պետք է յուրաքանչյուր պահի պատրաստ լինեն իրականացնել իրենց վրա դրված գործառույթները: Ի վերջո, նրանք դրա համար ստանում են պետբյուջեից աշխատավարձ: Ես կարծում եմ, որ եթե [ընդդիմադիր թեկնածուների կողմնակիցների] ցույցերը, միտինգները լինեն մեր Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, ապա որեւէ խնդիր չկա»: «Եթե ժողովուրդը որոշել է, որ այս պահին հաղթել է պարոն Սերժ Սարգսյանը, պետք է կամք ունենան (պարտված թեկնածուները) եւ շնորհավորեն ընտրված նախագահին: Եթե մենք լինեինք իրենց կարգավիճակում, ապա եւ՛ մեր թեկնածուն, եւ՛ մենք, բնականաբար, կշնորհավորեինք լեգիտիմ ընտրված նախագահին»: