ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը երեկ ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը, ըստ որի` Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրությունների առաջին իսկ փուլում: Գարեգին Ազարյանի փոխանցմամբ` նախնական արդյունքների արձանագրությունը ստորագրել են հանձնաժողովի 8 անդամներից 6-ը: Հանձնաժողովում ՀՅԴ-ն ներկայացնող Համլետ Աբրահամյանը հատուկ կարծիք է ներկայացրել: Իսկ ընդդիմադիր «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները հանձնաժողովի նիստին չեն մասնակցել: ԿԸՀ հրապարակած տվյալներով` քվեարկությանը մասնակցել է 1մլն 670 հազար 656 մարդ, որից 863.544-ն իր ձայնը տվել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, 351.306-ը` Լեւոն Տեր-Պետրոսյանին: Երրորդ տեղում Արթուր Բաղդասարյանն է` 272.256 ձայնով, ում հաջորդում է Վահան Հովհաննիսյանը` 100.876 ձայնով: Հինգերորդ տեղում Վազգեն Մանուկյանն է: Նա, ըստ ԿԸՀ-ի` ստացել է 20.939 ձայն: Ամենաուշագրավն «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի ստացած ձայներն են. նա այս ընտրություններում իր ստացած ձայներով զիջում է նույնիսկ Տիգրան Կարապետիչին: Վերջինս ստացել է 9754 ձայն, իսկ Ա. Գեղամյանը` 7473: Ա. Գեղամյանից հետո Արման Մելիքյանն է` 4359 ձայնով: Զարմանալի է, բայց Արամ Հարությունյանի օգտին քվեարկել է շուրջ 3092 մարդ: Ընտրական օրենսգրքի համաձայն` ԿԸՀ-ն վերջնական արդյունքները, ԸԸՀ-ներում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում, կամփոփի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր հետո: