Երեկ ԱՊՀ դիտորդական առաքելությունը հրապարակեց ՀՀ նախագահի ընտրություններում իրականացված մոնիտորինգի նախնական արդյունքները:
Ինչպեսեւ սպասվում էր, դիտորդները նշեցին, թե Հայաստանում փետրվարի 19-ի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ Ալեքսանդր Տորշինի խոսքերով` ընտրությունները համապատասխանել են մեր երկրի ընտրական օրենսգրքին: Իսկ ՀՀ նախագահական այս ընտրությունները որքանո՞վ են համապատասխան միջազգային չափանիշներին. այս մասին, իհարկե, Ա. Տորշինը ոչինչ չասաց: Բոլոր դեպքերում, ԱՊՀ դիտորդների դրական գնահատականը սպասելի էր ու զարմանալի չէր: 2003թ. նախագահական ընտրությունները Յուրի Յարովի գլխավորած ԱՊՀ դիտորդական խմբի կողմից ժամանակին նույնպես բավական դրական էր գնահատվել այն դեպքում, երբ եվրոպական դիտորդներն այն որակել էին որպես «ժողովրդական ընտրությունների միջազգային չափանիշներին չհամապատասխանող»: Իսկ երեկ ԱՊՀ դիտորդները տեղ-տեղ նույնիսկ հիացական վերաբերմունք էին արտահայտում մեր ընտրությունների մասին եւ շնորհավորում էին մեզ, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո այս անգամ էլ մեկ քայլ առաջ գնացինք: Իսկ մեզ՝ Հայաստանի ընտրողներիս այս դեպքում մնում է փոխադարձաբար եւ մեծահոգաբար ցանկանալ, որ նման ընտրություններ տեղի ունենան նաեւ այդ գնահատականը տվողների երկրներում: Երեկ ԱՊՀ դիտորդական խմբի անդամ Կոնստանտին Զատուլինը նշեց, որ փոփոխված ընտրական օրենսգիրքը Հայաստանում ապահովում է ժողովրդավարական գործընթացների եւ խոսքի ազատության իրականացումը: ԱՊՀ դիտորդները երեկ արձանագրեցին, որ Հայաստանում ստեղծվել են իրավական ու տեխնիկական բոլոր պայմաններն ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, քվեարկության անցկացման համար: Եվ ահա այս ընտրությունները նաեւ այդ փոփոխությունների արդյունքն են: Իհարկե, տեղամասերում նրանք նաեւ շատ թեթեւ տեխնիկական թերություններ էին արձանագրել: Օրինակ, նկատել էին, որ ընտրողներից մեկը դեմ է եղել, որ կնիքը դրվի անձնագրի կազմի վրա: Նկատել էին, որ ընտրատեղամասերում երբեմն կուտակումներ են լինում: Բայց դե դրանք տեխնիկական ու շատ մանր թերություններ էին, եւ չեն կարող ազդել նրանց դրական գնահատականի վրա: Դիտորդների կարծիքով՝ նման դեպքերը հատուկ են բոլոր մեծամասշտաբ ընտրություններին: Իսկ ինչ վերաբերում է մամուլում տպագրված լայնածավալ խախտումների, կեղծիքների ու բռնությունների մասին հրապարակումներին, ապա ԱՊՀ դիտորդները դրանք արժանահավատ չեն համարում եւ համարում են «երրորդ ձեռի տեղեկատվություն»: Նրանք հիմք են ընդունում միայն իրենց դիտարկումների արդյունքները, որոնք ստացել են իրենց 200 դիտորդների կարճաժամկետ ու երկարաժամկետ դիտարկումների արդյունքում: Երեկ ԱՊՀ դիտորդներն իրենց խոսքում ավելի շատ անդրադարձան ընդդիմության թեկնածուներին, մասնավորապես՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Նախագահի որոշ թեկնածուներ նախապես արդեն հայտարարում էին, որ չեն ճանաչելու ընտրությունների արդյունքները, եթե դրանք չարձանագրեն իրենց հաղթանակը: Ամենավտանգավորն այն է, որ մարդ մտածում է, թե իրեն բոլորը սիրում են եւ բոլորը քվեարկելու են իր օգտին: Մինչ ընտրության արդյունքների ամփոփումը, իհարկե, ամեն մի թեկնածու գաղտնի հավատում է, որ ինքը հաղթելու է, բայց հասուն եւ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչը երբեք իրեն փակուղի չի մտցնի»,- ասաց Կ. Զատուլինը: Նրա համոզմամբ` ՀՀՇ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանն ինքն իրեն մտցրել է փակուղի: Ըստ Զատուլինի` իրականում ընդդիմությունն ավելի լայն հասկացություն է, քան Լ. Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները: «Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչի՞ վրա էր հույսը դնում կամ ակնկալում այս թեկնածուն, ով ընտրություններից առաջ հասցրեց վիճել ընդդիմության մնացած բոլոր կամ հիմնական թեկնածուների հետ: Եթե ես ճիշտ եմ հասկանում, տասը տարի քաղաքականության մեջ չլինելով՝ Տեր-Պետրոսյանը պատրաստվել էր իր վերադարձին, բայց պատասխանատվություն ցուցաբերելու փոխարեն` նա ցուցադրեց իր ջղաձգությունը: Իսկ ջղաձգությունը քաղաքականության մեջ շատ վատ խորհրդատու եւ ուղեկից է: Ես կարծում եմ, որ երկրի մասին մտածելու համար ուշ չէ, հատկապես նրանց համար, ովքեր կոչ են անում մտածել Հայաստանի մասին: Հայաստանի հետ կապված ապակայունացնող ցանկացած իրավիճակ «վերք» է ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհով մեկ սփռված հայերի համար: Մեծաթիվ հայեր ապրում են Ռուսաստանում, եւ մենք չէինք ցանկանա, որ նրանք բանակների բաժանվեին»,- երեկ հայտարարեց Կ. Զատուլինը: Եվ ընդհանրապես Լ. Տեր-Պետրոսյանի հետ կապված ԱՊՀ դիտորդների երեկվա հայտարարությունները շատ նման էին Հայաստանի նախագահի մյուս թեկնածուների հայտարարություններին: Եվ տպավորություն էր ստեղծվում, որ նրանք իրենց կարծիքը ձեւավորել են՝ լսելով, ասենք, միայն Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի կամ Արամ Հարությունյանի հայտարարությունները: Ավելին, ԱՊՀ դիտորդներին լսելիս, տպավորություն էր ստեղծվում, թե լսում ես Հայաստանի նախագահի մեկ այլ թեկնածուի խոսքը` պարզապես ռուսերեն լեզվով:
Ավելացնենք, որ փետրվարի 19-ի ընտրություններին եւ ԱՊՀ դիտորդների հայտարարություններին անդրադարձել են նաեւ ռուսական լրատվամիջոցները: Հարկ է նշել, որ ռուսական որոշ թերթեր բավական հեգնանքով էին խոսում իրենց իսկ դիտորդների գնահատականների մասին: Երեկ «Մոսկովսկոյե կոմսոմոլեց» թերթը հեգնել էր, որ ԱՊՀ դիտորդները ԱՊՀ երկրներում տեղի ունեցող ընտրությունները միշտ էլ դրական են գնահատել ու ժողովրդավարական են համարել: Միայն այս տարվա հունվարին Վրաստանի նախագահական ընտրությունների գնահատականների մասին էին ոչ դրական արտահայտվել: «Դե, դա արդեն հասկանալի է»,- հեգնել էր հոդվածագիրը: Իսկ «Կոմերսանտը» գրել էր, թե ԱՊՀ դիտորդներն ընտրատարածք մտան ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից ընդամենը 5 րոպե առաջ, մնացին շատ քիչ եւ դուրս եկան ընտրությունների ընթացքը դրական գնահատելով: Եվ իսկապես, շատ ընտրատարածքներում արտասահմանյան դիտորդները մնում էին հինգ րոպեից ոչ ավելի եւ դուրս էին գալիս հերթապահ ժպիտը դեմքներին: Պարզ է, որ այդ մի քանի րոպեների ընթացքում բռնարարքներ գործողները կարող էին իրենց զսպել եւ նույն ժպիտով պատասխանել: