Փետրվարի 20-ին Հայաստանի ազգաբնակչությանը մատուցվեցին տվյալներ՝ երկու տարբեր պետական գերատեսչությունների կողմից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ազգային վիճակագրական ծառայության։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին, երեւի, արդեն ծանոթ եք. վերջիվերջո ունենք 17 անկախագույն հեռուստաընկերություն, հեռուստաընկերություններն ունեն վիրտուալ ստուդիաներ, վիրտուալ ստուդիաները՝ բարեհամբույր ու պատասխանատու լրագրողներ, ովքեր չեն ալարել եւ չեն ալարում ամեն ժամ ձեզ հաղորդել ԿԸՀ թվերը։ Բայց, ամեն դեպքում, հիշեցնենք. ըստ ԿԸՀ տվյալների, ՀՀ նախագահական ընտրություններում առաջին փուլով հաղթել է Սերժ Սարգսյանը։ Կարճ ասած, նա ավելի շատ ձայն է ստացել (ըստ ԿԸՀ)-ի, քան մյուս բոլոր թեկնածուներն իրար հետ վերցրած։ Ուր որ է՝ եթերում կհայտնվի (եթե արդեն չի հայտնվել) Ահարոն Ադիբեկյանն ու կասի՝ բա որ ասում էի…
Ի տարբերություն ընտրական գործընթացների (եթե դա կարելի է այդպես անվանել), տնտեսության ոլորտում Ահարոն Ադիբեկյան չկա։ Ասենք՝ կարիքն էլ չկա. բյուջեն նախատեսում է տնտեսության հիմնական ուղղություններն ու վիճակը, եւ տարվա վերջում մենք տնտեսության մեջ պետք է ունենանք կանխատեսված պատկեր։
ԱՎԾ-ն արդեն հրապարակել է 2008թ. հունվար ամսվա ցուցանիշները։ Մի վատ, շատ վատ լուր կա այդտեղ. երկնիշ աճին չենք ձգում. աճը կազմել է 9.9 տոկոս։ Բայց, դե, 0.1 տոկոսն այդքան մեծ եղանակ չի ստեղծում։
Ավելի տխուր է արդյունաբերությունը՝ անկում՝ 0.1%-ի չափով։
Արտաքին առեւտրի ոլորտում ավելի տխուր վիճակ է. ներմուծումն աճել է 37.4 տոկոսով, իսկ արտահանումն՝ ընդամենը 2.4։ Ոմանք կասեն, չէ՞ որ ընտրություններ էին, իսկ ընտրությունների եւ տնտեսության առուները մի հունով չեն գնում։ Ճիշտ է։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ ճիշտ կլիներ, եթե շինարարությունն աճած չլիներ 79.7 տոկոսով։ Ստացվում է՝ ընտրությունները բոլորին խանգարում են, բացի շինարարներից։ Որ մի քիչ էլ առաջ գնանք՝ ստացվում է՝ շինարարները քաղաքականությունից անտեղյակ ու երկրի ճակատագրի նկատմամբ անտարբեր մարդիկ են։ Բա կարելի՞ է այս մարդկանց վիրավորել։ Հարցն, իհարկե, դրանում չէ։ Սակայն մեր խնդիրն այսօր ամենեւին էլ տնտեսական տեսության բնույթի հիմնախնդիրներով ձեր ուղեղը ծանրաբեռնելը չէ։
Ինչեւէ, երկու դեպքում էլ յուրաքանչյուր ոք իրավունք ունի հավատալ կամ չհավատալ վերը նշված երկու կառույցների հրապարակած տվյալներին՝ այսօր եւ ընդհանրապես։ Ես, օրինակ, չեմ կարող հավատալ ԱՎԾ-ին, որի հրապարակած թվերը եւ իմ աչքի տեսածը իրար ոչ մի կերպ չեն համապատասխանում։ Սա ես ասում եմ եւ՛ որպես հասարակ քաղաքացի, եւ՛ որպես լրագրող, եւ՛ որպես տնտեսագետ։
Ինչ վերաբերում է ԿԸՀ-ին, ապա՝ ԸԸՀ-ներին եւ մնացած «ըհը»-ներին, ապա այս դեպքում եւս նույն պատկերն է։ Որպեսզի ասածներս մերկապարանոց չհնչեն, նշեմ իմ սեփական աչքի տեսածը։ Լրագրողների միության շենքում (որտեղ գտնվում է մեր խմբագրությունը) տեղակայված է 10/24 ընտրական տեղամասը։ Ժամը 20-ից սկսած՝ ես ու մեր գործընկերներից մի քանիսը թուղթուգրիչը ձեռքներիս՝ հաշվում էինք՝ ով` ինչքան ձայն է ստանում։ Մեր տվյալներով, այս տեղամասում հաղթեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հավաքելով 368 ձայն։ Սա՝ այն դեպքում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկված մոտ երկու տասնյակ քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց այն պատճառով, որ նշումը մի փոքր դուրս էր եկել վանդակից։ Երկրորդ տեղում Սերժ Սարգսյանն էր՝ 359 ձայնով։ Ձայները հաշվեցին եւ ստացան վերը նշված թվերը։ Պաշտոնական արձանագրությանը մենք չսպասեցինք եւ գնացինք (ցավոք)։ Իսկ երեկ բացում եմ ԿԸՀ-ի կայքէջը եւ ընտրությունների արդյունքների մեջ հայտնաբերում, որ այս տեղամասում 1 ձայնով հաղթել է Սերժ Սարգսյանը։ Ինձ՝ որպես հասարակ քաղաքացի, չի հետաքրքրում՝ թե ինչ օյինբազությունների արդյունքում է տեղի ունեցել այս փոփոխությունը։ Մյուս տեղամասերի մասին չեմ խոսում, որովհետեւ իմ աչքով չեմ տեսել։ Սակայն այս մի տեսածս էլ բավական է, որ ես կասկածեմ ԿԸՀ-ի հրապարակած թվերին։ Իսկ քանի որ ԿԸՀ-ն ներկայացնում է իշխանությունները, սա լիուլի բավարար է, որ ես կասկածեմ իշխանությունների ասած ցանկացած բառին. մի անգամ խաբողը միշտ էլ կխաբի (վերջին մի քանի շաբաթվա ընթացքում այս մասին չէին հոգնում կրկնել գրեթե բոլոր թեկնածուները՝ նկատի ունենալով մեկ կոնկրետ թեկնածուին)։
Միգուցե սուբյեկտիվ հնչի, բայց ընտրական այս ամբողջ գործընթացի մեջ ինձ համար միակ համոզիչ ու հետաքրքիր փաստն այն էր, որ այսօր Տիգրան Կարապետյանն ունի ավելի շատ ընտրողներ, քան եվրոպական ամբիոններից Հայաստանի շահերը պաշտպանող Արտաշես Գեղամյանը։ Եվ, որ երկուսն իրար հետ ունեն 18 հազար ձայն (1 տոկոսից քիչ ավելի), կամ մոտավորապես նույնքան, որքան Տիգրան Կարապետիչի շնորհիվ Սեւան ու այլ տեղեր գնացած մարդիկ։ Հետաքրքիր է նաեւ իմանալ, որ երբ Արամ Հարությունյանն իր հոլովակում ցույց էր տալիս, որ Հայաստանը դառնում է Ադրբեջան ու ասում էր՝ թույլ չենք տալու, այդ «թույլ չտալու» հույժ կարեւոր առաքելությունը պետք է աներ 3000 հոգով։
ԿԸՀ թվերին կարող եք չհավատալ, բայց ուսումնասիրելով՝ կարող եք շատ հետաքրքիր եզրահանգումներ անել. հաստատ խաչբառ լուծելուց ավելի հետաքրքիր գործ է։ Հարցեր էլ կարող են առաջանալ. օրինակ, Արտաշես Գեղամյանն ու Արամ Հարությունյանը հավատո՞ւմ են այս թվերին։ Եթե ոչ՝ ինչո՞ւ չեն ընդվզում։ Եթե այո՝ արդյո՞ք մյուս անգամ էլ ժողովրդի անունից վերամբարձ ճառեր կասեն՝ իմանալով, որ իրենք ունեն 1 տոկոսից պակաս ձայն։ Միգուցե՝ այո, եթե հարցումներ պատվիրեն Ահարոն Ադիբեկյանին։