Նախագահական ընտրությունները, որի մասին այդքան երկար խոսում էր գրեթե ողջ ժողովուրդը, վերջապես ավարտվեցին: Հերթական անգամ, մի քանի ամիս շարունակ, եւ ամեն օր ՀՀ նախագահի 9 թեկնածուներն ու նրանց շտաբների ներկայացուցիչներն ու կողմնակիցները ՀՀ քաղաքացիներին համոզում էին իրենց թեկնածուների «իդեալական» կամ «սուրբ» լինելու մեջ:
Բայց ի՞նչ մեզ տվեց այս ընտրությունները: Միանգամից դժվար է պատասխանել այս հարցին: Եվ, կարծում եմ, դեռ շատ երկար եւ շատերի կողմից կքննարկվեն 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքն ու արդյունքները: Մի բան, սակայն, պարզ է արդեն այսօր` այն, ինչ ողջ աշխարհում ընդունված է անվանել տոն, մեզ մոտ հերթական անգամ բերեց հասարակության պառակտմանը: Եվ մեղավոր են այստեղ բոլորը` ինչպես իշխանությունները, այնպես էլ՝ ընդդիմությունն ու իրենց կենտրոնամետ համարող ուժերը: Այս անգամ ընտրություններն ունեին մի շատ հետաքրքիր առանձնահատկություն` թե իշխանությունը, թե ընդդիմությունը շատ լավ գիտեին ընտրախախտումների բոլոր ձեւերը, տիրապետում էին հնարավոր ու անհնար բոլոր հնարքներին, որովհետեւ իշխանություններն ընդամենը կատարելագործել էին այսօրվա ընդդիմադիրների ժամանակին ներդրած ընտրախախտումների տեխնոլոգիաները:
Իհարկե, բոլորովին այլ հայացքով է պետք դիտարկել օտարերկրյա դիտորդների գնահատականներին «հայ ազգի սպասողական վիճակը»: Թեեւ ընտրությունից ընտրություն ընդդիմությունը սպասում է, թե երբ պետք է դիտորդները «մատ թափ տան» իշխանությունների վրա, իսկ իշխանություններն էլ, իրենց հերթին, անհամբեր սպասում են դիտորդների` «մեկ քայլ առաջ» գնահատականին, որպեսզի րոպե առաջ լուսաբանեն դիտորդների «բարի ավետիսը», այնուամենայնիվ, ամեն անգամ այդ ընթացքը գնալով ավելի զվարճալի տեսարանի է վերածվում:
ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին արդեն երեկ, բացի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, շնորհավորել են նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, Շառլ Ազնավուրը: Իսկ ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցները երեկ շարունակում էին բողոքի ցույցը` չընդունելով ո՛չ ընտրությունների արդյունքները, ո՛չ դիտորդների գնահատականները: Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ ինչպես էլ ավարտվի իշխանություն-ընդդիմություն այս հակամարտությունը, մի բան անհերքելի է` մեր քաղաքական գործիչներն, ինչպես միշտ, ամեն ինչ արեցին, որպեսզի մեր «մի բուռ ազգը» կրկին պառակտվի: Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ ընտրություններից հետո, սովորաբար, մի քանի ամիս անց, քաղաքական գործիչներն իրար հետ մշտապես լեզու են գտնում, իսկ այն ժողովուրդը, որի անունը շատ են սիրում շահարկել հայրենի քաղաքական գործիչները, հերթական անգամ մի քանի օր փողոցում տանջվելուց հետո գնում է տուն եւ շարունակում ապրել իր առօրյայով: Պարզապես, ինչպես հրեական հայտնի անեկդոտում է ասվում. «գդալը գտնվում է, բայց տհաճ հիշողության նստվածքը մնում է»:
Հ.Գ. Պատմենք անեկդոտը: Հրեան հյուր է գնում ընկերոջ տուն: Հաջորդ օրը զանգահարում է հյուրընկալողը եւ ասում, որ նրա գնալուց հետո իրենց բնակարանից թանկարժեք մի գդալ է կորել: Մի քանի օր հետո նա նորից է զանգահարում ընկերոջը եւ ասում, որ, թեեւ գդալը գտնվել է, բայց, այնուամենայնիվ, տհաճ հիշողության նստվածքը մնացել է: