Եղիսաբեթը կարծես տիկնիկ լինի։ Նրա անհանգիստ վարքագիծը տարօրինակ է։ Հինգամյա այս փոքրիկ աղջիկը կայծակնային արագությամբ թռչկոտում է մի սենյակից մյուսը ու քթի տակ ինչ-որ բան է մրթմրթում։
Ասում է` «Ուզում եմ երգել» ու ձայնագրիչս անսպասելի վերցնելով` իր լեզվական թերությունները մի կերպ հաղթահարելով՝ սկսում է «Քանքարավոր ախպեր» բառերն արտաբերել։ «Ես երգչուհի եմ դառնալու, ա՛յ, կտեսնես, որ երգչուհի եմ դառնալու»,- ինքնավստահ ասում է Եղիսաբեթն ու կրկին ցատկոտում տան երկայնքով մեկ։ Ասում եմ` «Նստիր, մամայիդ հետ պիտի խոսեմ, խանգարում ես, վերջացնենք, հետո քո հետ էլ կխոսենք»։ «Չէ,- ասում է,- չեմ կարա նստեմ, որ նստեմ՝ կսառեմ։ Մաման ինձ սովորացրել ա, որ անընդհատ շարժվեմ, թե չէ` կփետանամ»,- մեծ մարդու պես իր գերակտիվությունը փորձում է արդարացնել Եղիսաբեթն ու նորից այս ու այն կողմ է վազվզում։ Եղիսաբեթն իր մոր, տատիկի ու պապիկի հետ ապրում է Վարդաշենի 8-րդ փողոցի սեփական տանը, որն ավելի շատ հյուղակի է նման։ Մայրը` Շաքեն, ասում է, որ ձմռանը տան պատը սառցե շերտ է պատում, ու ներսում սառույցի մեջ են ապրում։ «Երեխաս նայում ա պատերի սառույցին, ասում ա` մամա՛, նայի՛, էդ ի՞նչ փայլեր են պատերին։ Ես էլ իբր իրան ուրախացնելու համար ասում եմ` գիտե՞ս՝ էդ փայլուն բաները Ձմեռ պապիկն ա ուղարկել նվեր, որ դու ուրախանաս։ Նայում ա ներսի պատերի սառույցին ու ուրախանում ա, էլ չի պատկերացնում, որ սառնամանիքի մեջ ենք ապրում»,- պատմում է Շաքեն։ Եղիսաբեթն ամենայն ուշադրությամբ լսելով մոր խոսքերը, հպարտությամբ հաստատում է, որ Ձմեռ պապիկն այնքան բարեհաճ է գտնվել իր հանդեպ, որ իրենց խրճիթի պատերը վերածել է հեքիաթային փայլփլող կախարդական պալատի։ Այնպես որ, Շաքեն կարողանում է իր փոքրիկ աղջկան տանել երեւակայական մի աշխարհ, որտեղ կարելի է երջանիկ լինել ու կյանքը սիրել։ Դրա համար էլ այս փոքրիկը կարծես մուլտֆիլմի հերոսներից լինի, որոնք ապրում են երեւակայական աշխարհի, հեքիաթի մեջ, ու ժամանակ առ ժամանակ նրա վարքագիծը ոչ ադեկվատ դրսեւորումներ է ունենում։ Եղիսաբեթը կրկին միջամտում է մեր խոսակցությանն ու իր հիվանդ տատիկին մատնացույց անելով` ասում է. «Նայի՛, ես մամա ունեմ, բայց էս էլ իմ մեծ մաման ա։ Ես իրան շատ-շատ եմ սիրում, աշխարհի չափ եմ սիրում»։ Եղիսաբեթի մեծ մաման` Եղիսաբեթը թոռնիկի սիրո խոստովանությունից ու անկողնային իր ծանր վիճակից հուզվում է եւ արցունքները թաքցնում վերմակի տակ։ Ասում է` «Աղջիկ ջան, ամաչում եմ, ախր մենք սենց չենք ապրել, մենք շատ լավ ենք ապրել, էս աղքատ ու անհույս վիճակից շատ եմ ամաչում»։ 63-ամյա այս կինը գամվել է անկողնուն, կորցրել է կենսունակությունն ու նույնիսկ վախենում է բժշկի գնալ։ «Սենց տեղաշորի մեջ էլ կմեռնեմ»,- հուսահատությունից շնչակտուր լինելով՝ ասում է նա։ Սրտի անբավարարություն ունի, սակայն ձմռան ցուրտն ու տան խոնավությունը նրա մարմնից խլել են ամեն ինչ. այլեւս ուժ չունի` հիվանդությունների դեմ պայքարելու համար։ Այս ընտանիքը սոցիալական ծայրահեղ պայմաններից հայտնվել է սոսկալի վիճակում։ Եղիսաբեթ տատի ամուսինը` 71-ամյա Անդրանիկ պապը, սրտի բազում վիրահատություններ տարած մարդ է։ Ապրում են «Փարոսի» 13.000 եւ ծերերի 27.000 դրամ կենսաթոշակով։ Շաքեին ու երեխային ամուսինը լքել է. «Խմում էր, շատ էր խմում։ Գիտեք էլի, նենց ժամանակներում ենք ապրում, որ տղամարդիկ իրենց տալիս են հարբեցողության։ Թողեց-գնաց Ռուսաստան ու նույնիսկ երեխայով չի հետաքրքրվում։ Էս տարի էլ դպրոց ա գնալու, ոչ շոր կա, ոչ կոշիկ, ոչ մի բան, չգիտեմ, թե ինչ ա լինելու մեր հետ»,- ասում է Շաքեն, ով հիվանդ ծնողների ու երեխայի միակ խնամակալն է։ Ասում է, որ ժամանակին ուրիշի տները մաքրելով կարելի էր գումար վաստակել, սակայն այժմ իրեն հայտնի հարուստների մոտ տան մաքրողների հերթ է գոյացել։ «Տենց մարդ չեմ գտնում, որ մաքրողի կարիք ունենա»,- վստահեցնում է Շաքեն` ասելով, որ հեռուստատեսությամբ ցուցադրվող բոլոր հայտարարությունների ետեւից գնում է, սակայն` «Ուր գնում ես` ասում են՝ տարիքդ չի համապատասխանում, երկարաոտ, բարձրահասակ ենք ուզում, տեսքդ էն չի, ու տենց շարունակ։ Հասկանո՞ւմ եք, մենք էն մարդկանցից չենք, որ դիմում են ստեղ-ընդեղ՝ օգնություն ստանալու, մեր ինքնասիրությունն ամեն ինչից վեր ա, բայց ձեզ զանգեցի, որովհետեւ էլ չենք դիմանում, շատ վատ վիճակում ենք։ Հիմա էլ ամոթից գետինն եմ մտնում, բայց սենց շարունակել ապրել հնարավոր չի։ Ով տեսնում ա մեր տան սառույցն ու խոնավությունը` ապշում ա, թե ոնց ենք դիմանում»։ Շաքեն ասում է, որ գազի խողովակը բակում է, սակայն չեն կարողանում համապատասխան գումարը մուծել, որպեսզի տանը գազ քաշեն։ Այս ընտանիքի անդամների հանդերձանքը դեռեւս սովետական տարիներից օգտագործվող կարկատած ու վերականգնած հին հագուստն է, որոնք այնքան են մաշվել, որ կորցրել են նրանց մարմնին ջերմություն տալու հատկությունը։ «Շատ դժվար ա, լույսի վարձը, ջրինը, անընդհատ մտածում ես էդ պարտքերի համար, ու ոնց որ էդ էլ մի ուրիշ բեռ լինի։ Երբ հոսանքը մի ամիս ուշացնում ենք` անմիջապես անջատում են, էլ հաշվի չեն առնում, որ հիվանդ թոշակառուներ ունեմ։ Ախր Հայաստանում էդքան բարերարներ ունենք, մտածում եմ` մեկը մեր մասին կկարդա ու, որպես խեղճ ընտանիք, խիղճը կարթնանա, չնչին օգնությունով մեզ ոտքի կկանգնեցնի»,- ասում է Շաքեն, ով անկախ իրենց սոցիալական վատ կենսապայմաններից, ամեն ինչ անում է, որ երեխային լավ դաստիարակություն տա։ Եղիսաբեթը շատ երաժշտական երեխա է, ու մայրը չի դադարում երեխայի վառ ապագայի մասին երազներ հորինելուց։ Ասում է` «Ուզում էի «Արեւիկ» դիմեի, բայց զանգեցի, ասեցին, որ վճարը 14.000 դրամ ա։ Մեր նմանների համար դա անհասանելի բան ա, ուր դիմեցի` փողով էր, տենց էլ երեխաս մնաց, բայց ինքը շատ լավ ձայն ունի ու լավ երգում ա, ընդունակ ա։ Մտածում եմ` մեծ մարդ կդառնա, եթե հետեւեմ»։ Փոքրիկ աղջիկը կրկին մոտենում է մեզ. «Մտածում եմ, որ ավելի լավ ա բժիշկ դառնամ, որ մեծ մամայիս սրսկեմ, բուժեմ։ Ինքը հիվանդ ա, իսկ ես չեմ ուզում, որ տենց մնա, ուզում եմ լավանա»։