2007թ. սեպտեմբերից Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը կարգ ու կանոն հաստատելու նպատակով գործի դրեց նոր կարգ. համալսարանի բոլոր մասնաշենքերում տեղադրվել են էլեկտրոնային սարքեր, որոնք, սակայն, մեկուկես ամիս աշխատել են առանց քարտերի, քանի որ հայտնի չէր ուսանողների ստույգ թիվը։ Չնայած տեղադրված նոր սարքերը քիչ թե շատ կատարում են իրենց ֆունկցիան, բայցեւայնպես խցանումների առիթ են հանդիսանում։
«Մուտքի հետ կապված շատ դժգոհ էի, որովհետեւ միշտ հերթեր էին գոյանում, թե մտնելուց, թե դուրս գալուց միմյանց խանգարում էին, հատկապես հերթափոխության ժամանակ. ուսանողներն էլ ճանապարհ չէին տալիս դասախոսներին, մի խոսքով՝ դժգոհ էի, իսկ հիմա՝ ոչինչ, մեծ տարբերություն կա»,- ասում է Լուսինե Թորոսյանը։ Լուսինեն սովորում է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 5-րդ կուրսում։ Նա դժգոհ է իրենց համալսարանի նոր կարգից։ Արդեն քանի ամիս է, ինչ այս համալսարանի մուտքն ու ելքը գործում է քարտերով, որի նպատակն է՝ կանխել անցանկալի մարդկանց մուտքը համալսարան։ Քարտի վրա նշվում է միայն համարը, որն էլ չի ասոցիացվում ուսանողի ստուգման գրքույկի հետ. «Մեզ առաջարկեցին, որ նկարով, անուն-ազգանվամբ լինի, բայց դա շատ թանկ հաճույք էր, բացի այդ, ամեն տարի ուսանողները փոխվում են եւ անիմաստ էր այդքան ծախս անել, այն դեպքում, երբ քարտերը բաժանվել են անվճար»,- ասում է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոռեկտոր Գաբրիել Բալայանը։ Ի տարբերություն մեր զրուցակից Լուսինեի, ով դժգոհում էր գոյացող հերթերից,
4-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Ղազարյանը դժգոհ է անհարմարությունից. «Մի կողմից՝ լավ է, որովհետեւ ապահովություն ես զգում, մյուս կողմից` անհարմար է, քանի որ ամեն անգամ պետք է պայուսակիցդ քարտը հանես ու դնես»։ Բուհի ղեկավարությունը նման քայլի դիմեց, քանի որ եւ անվտանգության աշխատակիցները, եւ ոստիկաններն արդեն ի զորու չէին հսկելու իրավիճակը։ «Ծանրաբեռնված ժամերին որքան էլ հսկողությունն ուժեղ էր, լինում էին մարդիկ, ովքեր գալիս էին դասը խանգարելու նպատակով։ Կան փեսացուներ, ովքեր չեն դիմանում եւ ուզում են իրենց հարսնացուներին տեսնել նաեւ դասի ժամանակ։ Անգամ դեպք գրանցեցինք, որ ոստիկաններից մեկին դանակահարեցին։ Լինում էին վեճեր դասախոսների հետ, քաշքշուկ, հատկապես քննական շրջանում»,- ասում է Գ. Բալայանը։ Սարքի միջոցով բուհը կարողացել է մի քանի խնդիրներ լուծել, ինչպես նաեւ՝ հետեւել ուսանողների հաճախումներին, քանի որ 15-20 տոկոս բացակայությունն ազդում է կրեդիտային համակարգում սովորողների գնահատականի վրա։ Հերթերի պատճառով 5-10 րոպե ուշացող ուսանողներն ամբողջ դասի համար բացակա չեն ստանում, քանի որ, ըստ օտար լեզուների ֆակուլտետի դեկանի տեղակալ Սերգեյ Բաբայանի` իրենք այդ ամենը հաշվի են առել, եւ բոլոր դասախոսները տեղյակ են, բայց ուսանողներն էլ պետք է վաղ արթնանան ու շուտ հասնեն դասի։ Ինչպես նշում է պրոռեկտոր Բալայանը, այս կարգը հեշտացրել է նաեւ դասախոսների գործը, քանի որ նրանք ամեն առավոտ աշխատանքի գնալուց ստորագրում էին մատյանի մեջ, իսկ հիմա չեն ստորագրում, եւ նրանց մուտքն ու ելքը համակարգչի միջոցով գրանցվում է կադրերի բաժնում։ Այստեղ գրանցված է, թե որ համարը որ աշխատակցի կամ ուսանողի մոտ է գտնվում։ Ղեկավարությունը նման որոշում կայացնելուց առաջ խորհրդակցել է նաեւ ուսխորհրդի հետ եւ ստացել նրա համաձայնությունը, քանի որ նրանք էլ են զգացել դրա կարիքը։ «Եթե ինչ-որ միջադեպ լինի եւ անհրաժեշտ լինի, որպեսզի բոլորը շտապ լքեն շենքը, ապա այդ ժամանակ հնարավոր է տհաճ իրավիճակի մեջ ընկնենք, իսկ կարգապահության տեսակետից շատ լավ է, եւ էն մարդիկ, ովքեր գործ չունեն, չեն մտնում շենք եւ դասերին չեն խանգարում։ Իհարկե, հերթեր էլ են լինում, հատկապես առավոտյան եւ 1։30-ին»,- ասում է իտալերենի դասախոս Վիկտորյա Մանգասարյանը։ Ըստ բուհի պրոռեկտորի` սկզբում հերթերը շատ էին, հետո մասամբ վերացել է, բացառությամբ՝ ծանրաբեռնված ժամերին եւ, քանի որ արդեն գլխավոր մուտքում եւս մեկ սարք էլ են ավելացրել, հերթեր այլեւս չեն լինում։ «Հերթեր լինում էին, իհարկե, հատկապես ծանրաբեռնված ժամերին, բայց դա կախված էր ուսանողներից, քանի որ եթե նրանք նախօրոք հանեին քարտերը եւ չգային պայուսակները դնեին սարքի վրա ու նոր սկսեին փնտրել, ապա հերթեր չէին գոյանա»,- ասում է անվտանգության աշխատակից Էրիկ Փաշինյանը։ Ձմռան ամիսներին դրսում կանգնել հնարավոր չէ, այդ պատճառով փեսացուների զգալի մասը նախընտրում է սպասել սրճարանում` մեկ գավաթ սուրճ ըմպելով, իսկ մյուս մասը պարզապես կանգնում է համալսարանի մուտքի մոտ։ «Մտնելը դժվար չէ, ես որ ուզեմ, կմտնեմ, ուղղակի գերադասում եմ սպասել»,- ասում է Արման Սաղաթելյանը։ Լինում են դեպքեր, երբ ուսանողներն իրենց քարտերը տալիս են ընկերներին, բարեկամներին, որոնք էլ հեշտությամբ մուտք են գործում համալսարան։ «Մեկ ամիս առաջ մի ուսանողուհի նկատողություն է ստացել քարտը բարեկամին տալու համար, ով պետք է գար աղջիկ տեսնելու»,- պատմում է պարոն Բալայանը։ Իսկ նախքան բարեկամը հասցնում է ներս մտնել, այդ քարտը հանվում է գործածությունից, եւ ուսանողը վճարում է քարտի արժեքը` 2000 դրամ, որպեսզի նրան նոր քարտ տրվի։ «Կարելի է ուրիշ ձեւ գտնել, սենց էնքան էլ լավ չի, անիմաստ է, որովհետեւ ինքն իրա ֆունկցիան չի կատարում, բացի այդ, մարդ եթե ուզում է մտնել` մտնում է։ Այսպես թե այնպես, այնքան էլ դժվար չի մտնել, իմաստ չկա եւ վտանգավոր է»,- ասում է 1-ին կուրսի ուսանողուհի Մերի Միքայելյանը։ Իսկ ընկերուհին` Ռուզաննան, ավելացնում է. «Բարդ չէ ներս մտնելը, քարտդ կարող ես տալ ընկերուհուդ, եւ նա էլ հանգիստ կմտնի, քանի որ անվտանգության աշխատողները դեմքով դեռ չեն ճանաչում»։ «Իսկ եթե ուսանողը մոռացել է քարտը, նախ նրան խիստ նկատողություն ենք տալիս, ապա դեկանատից ճշտում ենք` արդյոք մեր ուսանո՞ղն է, հետո նոր թողնում ենք, իսկ ինչ վերաբերում է տղա ուսանողներին, ապա մենք բոլորին դեմքով ճանաչում ենք։ Արդեն երկու դեպք եղել է, որ քարտերը տվել են իրենց ընկերներին, սակայն մենք ճանաչել ենք, որ մերոնցից չեն»,- ասում է անվտանգության աշխատակիցը։ Նրանք, ովքեր համալսարանի ուսանող կամ աշխատակից չեն, բայց ինչ-որ գործ ունեն բուհում, պահակային ծառայությունը տեղեկացնում է տվյալ մարդուն, եւ, եթե վերեւից թույլատրում են, ապա թողնում են շենք մուտք գործել։ «Սարքերի տեղադրումը սխալ էր, որովհետեւ ուսանողները շատ-շատ են, եւ դասերից առաջ էստեղ մի սարսափ բան էր կատարվում, իսկ հիմա փոքր-ինչ լուծվել է այդ հարցը։ Ուշանալու դեպքում, բնականաբար, նրանց թույլ եմ տալիս ներս մտնել, նույնիսկ, եթե 5 րոպե էլ մնա, նրանք պետք է դասի մտնեն»,- ասում է անգլերենի դասախոս Սվետլանա Քեչեչյանը։ Իսկ ահա ֆրանսերենի դասախոս Իննա Երիցյանը մեկնաբանում է հետեւյալ կերպ։ «Ես կարծում եմ, որ ովքեր ժամանակին գալիս էին եւ մշտապես մասնակցում էին դասերին, ժամանակին կգան, իսկ ովքեր սիրում էին մի քիչ ուշանալ, կշարունակեն ուշանալ։ Դժվար թե այդ սարքերը բարելավեն վիճակը։ Սովորաբար մի քանի րոպե ուշացման համար բացակա չէ, բայց բանավոր նկատողություն ստանում են, անպայման, որն, իհարկե, արդյունք չի տալիս, իսկ արդեն կես ժամվա համար ստանում են»։
Ի տարբերություն Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, որտեղ կարգապահական այս համակարգը նորություն է, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում արդեն 1 տարի է, ինչ ծառայությունը գործում է։ «Այս համակարգի առկայությունը ճիշտ է, քանի որ այստեղ երեխաներ են սովորում տարբեր տեղերից եւ նույնիսկ այս սիստեմի աշխատելու դեպքում շատերը գալիս են, ուզում են ներս մտնեն։ Եվ քննությունների ժամանակ, եւ ընդհանրապես կարող է հազար ու մի բան կատարվել, դրա համար այդ համակարգը գործում է, եւ մենք էլ էստեղ հանգիստ նստած ենք։ Երեխաներին ոչ ոք չի անհանգստացնում, հատկապես աղջիկներին, քանի որ այստեղ աղջիկ ուսանողները շատ են։ Ուսանողներին դասերից հետո մեր ծառայությունն ուղեկցում է մինչեւ կանգառ, որ ոչ մի բան չլինի։ Էդ հարցով մեծ բան ենք արել, եւ ուսանողներն էլ շատ գոհ են»,- ասում է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի անվտանգության գծով պրոռեկտոր Աշոտ Ղուկասյանը։ «Մի կողմից՝ լավ է, մի կողմից էլ՝ վատ։ Վատ է, որ ընկերուհիներս չեն կարող գալ դասերի ժամանակ, լավ է, որ ուրիշները դասերին չեն խանգարում»,- ասում է 1-ին կուրսի ուսանողուհի Մոնիկա Անդրեասյանը։ Այս համալսարանում ոչ մի դեպք չի գրանցվել, որը առիթ կտար նման համակարգի ստեղծմանը, այլ պարզապես նրանք մտածել եւ արել են որպես պրոֆիլակտիկա։ Այստեղ եւս շատ են դեպքերը, որ դրսից գալիս են, ուզում են ներս մտնեն, բայց անվտանգության աշխատակիցները բացատրում են համալսարանի կարգը։ «Արդեն բոլորը գիտեն, որ Սլավոնական համալսարան չեն կարող գան, մտնեն հենց էնպես, եթե որեւէ կապ չունեն, իսկ նրանք, ովքեր գործ ունեն, անվտանգության ծառայության կետից զանգահարում են, եւ, եթե համաձայնություն է լինում, ուղեգրով բարձրանում են»։ Այս համալսարանում քարտերը նույնպես բաժանվում են անվճար, միայն տարբերությունն այն է, որ Սլավոնական համալսարանի քարտերի վրա առկա է համալսարանի անունը, ֆակուլտետը, ուսանողի նկարը, անուն-ազգանունը։ Լինում են դեպքեր, երբ սարքերը չեն աշխատում, եւ այդ ժամանակ անվտանգության աշխատակիցներին օգնում է քարտի վրա առկա նկարը, որով տարբերում են ուսանողներին։ Հերթեր եւ անախորժություններ լինում են միայն մինչեւ սեպտեմբերի 20-ը, քանի որ նոր ուսանողներ են լինում։ Նրանց հետ աշխատում են դեկանները, ուսխորհուրդները, որոնք էլ ծանոթացնում են սարքերից օգտվելու կարգին։ «Այս ամենն արվում է, որպեսզի մեր ուսանողները կարողանան նորմալ սովորեն, ոչ ոք դրսից չգա ու չխանգարի։ Օրինակ` ես շատ եմ լսել, որ տարբեր համալսարաններում դրսից կարող են գալ, մտնել, նույնիսկ նստել լսարանում, խանգարել»։ Ընդհանուր առմամբ ուսանողներն ու դասախոսները գոհ են առկա համակարգից։ Անվտանգության աշխատակիցները գրեթե բոլորին ճանաչում են դեմքերով, շրջում են միջանցքներով, եւ եթե որեւէ անծանոթ ուսանող են գտնում, անմիջապես պարզում են, թե ում քարտով է անցել, ով է տվել։ Այդ ուսանողներին նախ նկատողություն են տալիս, կրկնվելու դեպքում՝ տույժ, անգամ՝ հեռացում համալսարանից։ «Երբ նոր էր ծառայությունը, կոնֆլիկտներ էին լինում, իսկ հիմա արդեն ամեն ինչ կարգավորվել է։ Աշխատում ենք, որ միջադեպեր չլինեն, դրա համար լուրջ հսկողություն ենք սահմանում»,- ասում է անվտանգության աշխատակից Հայկ Ղազարյանը։
Ավարտելուց հետո ուսանողները հանձնում են իրենց քարտերը եւ ստանում դիպլոմները։ «Շատ հազվադեպ է լինում, որ ուսանողները քարտերը մոռանում են։ 1000 ուսանողից մեկ-երկու հոգին կարող են մոռանալ, իսկ այդ դեպքում իրենք` ուսանողներն են մոտենում մեզ եւ ասում, որ մոռացել են։ Մենք էլ հատուկ մատյան ունենք, որտեղ գրանցում ենք նրանց անունները եւ հետո ներս ենք թողնում, քանի որ մենք արդեն ճանաչում ենք դեմքով, իսկ չճանաչելու դեպքում դեկանատից ճշտում ենք, եւ գնում են դասի։ Բացի այդ, քարտը կարեւոր է, որովհետեւ ուսանողի մուտքն ու ելքը գրանցվում է համակարգչում, եւ նա բացակա չի ստանում»։ «Մեկ-մեկ լինում է՝ քարտը մոռանում ես, բայց եթե շատ ես խնդրում, թողնում են։ Կան համալսարաններ, որտեղ ամբողջ օրը կողմնակի մարդիկ են լինում, որը հաճելի չէ»,- ասում է 1-ին կուրսի ուսանողուհի Տաթեւիկ Դավթյանը։ Ինչպես նշեց պրոռեկտոր Աշոտ Ղուկասյանը` համալսարանի մի քանի տասնյակ փեսացուների հետ իրենք արդեն հանդիպել եւ խոսել են, ասել են, որ սպասեն դրսում, իրենց ընկերուհիները դուրս կգան, հետո նոր կուղեկցեն նրանց։ Դասախոսները եւս գոհ են այս համակարգից, քանի որ նրանց դասերն անցնում են հանգիստ պայմաններում։ «Շատ ճիշտ է, լավ է անվտանգության առումով, հետո էլ ուրիշները չեն գալիս, չեն խանգարում»,- ասում է ռուսաց լեզվի դասախոս, դոցենտ Նանա Թոգոշվիլին։