Անչափահաս գողը

25/02/2008 Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ

Արմեն Պապիկյանը երրորդ գողության համար էր դատվում։ Թե երբ ձեռքը սովորեց ինչ-որ բան թռցնելուց հաճույք ստանալ՝ լավ չի հիշում։ Բայց երեք գողություններն էլ կատարել էր «սա գողանամ ու էլ երբեք չեմ անի» ինքնահանգստացնող մտքով։

Առաջին երկու անգամը երբ գողանում էր, անչափահաս էր։ Ամենահիշարժանն ու վախենալուն առաջին գողությունն էր։ Հենց անմիջապես էլ բռնվեց, բայց պայմանական տվեցին։ Արմենը հաճելիորեն զարմացավ. գողանալը, կարծես, դժվար չէր։ Առանց գաղութ ընկնելու էլ գլուխն ազատելն առանձնահատուկ ուրախություն էր։

Կարծեցյալ անպատիժ վիճակը նրան այնքան ոգեւորեց, որ կարճ ժամանակ անց ուժերը փորձեց ոչ միայն թեթեւ գողության, այլեւ կողոպուտի ոլորտում։ Մանավանդ կողոպուտի պահը նրա սիրտը թունդ հանեց. փախչելիս կարծես գլխիվայր էր վազում։ Սակայն դարձյալ բռնվեց։ Այս անգամ մի կարճ ժամանակահատված ազատազրկված մնաց։ Շուտով ազատվեց պայմանական-վաղակետ։

Հայրենի Լոռու մարզից որոշեց մայրաքաղաք գալ։ Բայց մեծ քաղաքում իրեն կորցրեց, խեղճացավ։ Մի օր էլ այդպես խեղճ-խեղճ կանգնել էր Հանրապետության հրապարակում, շուրջն էր նայում ու անելիքը չէր գտնում, երբ անսպասելիորեն հանդիպեց համերկրացի Քոչինյանին։ Վերջինս ուրախացավ ընկերոջը տեսնելով, փաթաթվեց, հետաքրքրվեց վիճակով։ Արմենի տխուր-տրտում պատմությունից ազնիվ լոռեցու սիրտը ճմլվեց, եւ նա առաջարկեց, որ տղան չհուսահատվի, իսկ սկզբի համար օթեւան գտնի այն սենյակում, որ ինքն էր վարձակալել։

Քոչինյանի բարությունից Արմենի ուժերը կարծես միանգամից վերականգնվեցին, մտքերն աշխուժացան։ Իսկ երբ բնակություն հաստատեց հյուրընկալ ընկերոջ սենյակում եւ ծանոթացավ այդ բնակարանում նույնպես ժամանակավոր ապրող Նինայի հետ, անմիջապես վերագտավ նախկին լավատեսությունը։ Ոգեւորության աղբյուրը ոչ այնքան Նինան էր, որքան նրա «Սամսունգ» բջջայինը։ Ամեն անգամ, երբ կինը հեռախոսն ականջին էր դնում, Արմենի սիրտը դող էր ընկնում, մատները մի տեսակ կծկծում էին սեփական հեռախոսը բռնելու ցանկությունից։

Բայց առավել մտահոգիչը նրա համար գրպանի իսպառ դատարկությունն էր։ Փող էր պետք։ Ու դարձյալ նրա հայացքը սահում, կանգ էր առնում Նինայի «Սամսունգի» վրա։ Փող հայթայթելու հարազատ տարբերակ էր. սովոր մի արարք, մի համարձակ քայլ՝ եւ գրպանը ցանկալի դրամներով կլցվեր։ Իսկ մատները վերջապես կշոշափեին բաղձալի հեռախոսի նուրբ իրանը։

Արմենն արդեն տասնյոթ տարեկան էր։ Ընդամենն օրեր առաջ էր պայմանական-վաղակետ ազատվել։ Ընդամենը մեկ տարի առաջ՝ տասնվեց տարեկանում էր երկու անգամ դատապարտվել, բայց նախկին սխալներից այդպես էլ լուրջ դասեր չէր քաղել, այնպես որ, դարձյալ ձեռքը մեկնեց ուրիշի ունեցվածքին։ Ոտնահարեց հյուրընկալության չգրված օրենքները։ Մի խոսքով՝ թռցրեց Նինայի բջջայինը։

Եվ, իհարկե, ո՛չ հեռախոս ունեցողի հպարտությունը հասցրեց վայելել, ո՛չ գրպանում ցանկալի թղթադրամները շոշափեց։ Իր բախտն իր հետ էր։ Համարյա անմիջապես բռնվեց։ Ու երրորդ անգամ, կարծես՝ անընդմեջ, սկսվեցին նույն գործընթացները. նախաքննություն, դատարան, դատավճիռ։

Պատիժ եւ հույս

Նախաքննական մարմինն Արմեն Պապիկյանին մեղադրանք առաջադրեց ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով. գողություն, որը կատարվել է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցանքների, այդ թվում՝ գողության համար երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձի կողմից։

Երեւանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը հաստատված համարեց այդ մեղադրանքը եւ Արմենին վերջին հաշվով դատապարտեց 4 տարի 6 ամիս ազատազրկման։ Վեց ամիսը նախկին պատժի չկրած մասից էր, որն, օրենքի համաձայն՝ մասնակիորեն գումարվել էր նոր պատժաժամկետին։

Դատավճռի հրապարակման պահին Արմենը ցնցված էր. պատիժը նրան խիստ թվաց, իսկ 4 տարի 6 ամիսը՝ անվերջանալի մի ժամանակ։ Բայց հետո կամաց-կամաց հարմարվեց, ընկավ առօրյայի թմրեցնող հոսքի մեջ ու սկսեց հաշվել անազատության մեջ անցնող օրերը։ Դատավճիռը չբողոքարկեց։ Էլ ի՞նչ բողոքեր, երբ իրար հետեւից երեք անգամ դատապարտվել էր։ Ու առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռն ուժի մեջ մտավ։

Բայց անսահման եղավ Արմեն Պապիկյանի զարմանքը, երբ տեղեկացավ, որ ուժի մեջ մտած իր դատավճիռը բողոքարկող է եղել։ Ոչ այլ ոք՝ քան գլխավոր դատախազի տեղակալը։ Եվ բողոքարկումով միջնորդել է… մեղմացնել դատապարտյալի պատիժը։ Ա՜յ քեզ բան՝ շշնջաց Արմենն ու սկսեց սրտատրոփ սպասել վճռաբեկ բողոքի քննության արդյունքներին։

Սխալ որակո՞ւմ

Գլխավոր դատախազի տեղակալը, իրոք, բողոքարկել էր Արմեն Պապիկյանի նկատմամբ կայացված եւ ուժի մեջ մտած դատավճիռը։ Սակայն պատժի մեղմացումը չէր բողոքի պահանջը։ Պատժի մեղմացումը բխում էր այն միջնորդությունից, որ արվել էր բողոքում։ Ըստ բողոքի հեղինակի՝ Արմենի արարքը պարզապես սխալ էր որակվել, նա մեղադրվել էր գողության՝ ավելի ծանրացնող մասով։ Մինչդեռ Պապիկյանի արարքին ավելի թեթեւ որակում պիտի տրվեր, ինչի արդյունքում, ինքնըստինքյան, պիտի մեղմանար նաեւ պատիժը։

Ո՞րն էր բողոքի հիմքը։ Ըստ բողոքի՝ նախաքննական մարմինն Արմեն Պապիկյանին պետք է մեղադրանք առաջադրեր ոչ թե գողության այն տեսակի համար, որը կատարվել էր նախկինում երկու անգամ դարձյալ գողության համար դատապարտված անձի կողմից, այլ՝ կրկին անգամ կատարված զգալի չափերով գողության համար։ Սա արդեն Քրեական օրենսգրքի 177 հոդվածի

2-րդ մասի 4-րդ կետն էր, փոքր-ինչ ավելի թեթեւ արարք, քան առաջադրվածը՝ 177 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Բողոք բերած անձը մատնանշել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 22 հոդվածի 4-րդ մասի պահանջը, ըստ որի՝ «այն հանցանքները, որոնք կատարվել են մինչեւ անձի 18 տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում»։ Արարքի վերաորակման պարագայում բողոքի հեղինակն առաջարկում էր Պապիկյանի պատիժը մեկ տարով մեղմացնել, թողնել 3 տարի 6 ամիս ազատազրկումը։

Կրկնակիությո՞ւն, թե՞ ռեցիդիվ

Վճռաբեկ դատարանը, իր վարույթ ընդունելով գործը, արդեն իսկ փաստեց, որ գործ ունենք հետաքրքիր իրավական խնդրի հետ։ Տասնյոթամյա Արմեն Պապիկյանն իր եռաստիճան գողություններով դատական մարմիններին կանգնեցրել էր մի լուրջ հարց քննարկելու անհրաժեշտության առաջ։ Նրա արարքը որակելիս պետք էր հենվել «Հանցագործությունների կրկնակիությա՞ն», թե՞ «Հանցագործությունների ռեցիդիվի» սկզբունքի վրա։ Առաջինը նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքի 21 հոդվածով։ Ըստ այդ հոդվածի առաջին մասի՝ հանցագործությունների կրկնակիություն է համարվում Քրեական օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը։ Ըստ 21 հոդվածի 4-րդ մասի՝ «Կրկնակիությունը բացակայում է, եթե նախկինում կատարած հանցանքի համար անձը քրեական պատասխանատվությունից ազատվել է օրենքով սահմանված հիմքերով, կամ այս հանցանքի համար դատվածությունը մարվել է կամ՝ հանվել»։ Պապիկյանի նկատմամբ հենց այս հոդվածն էր կիրառվել։ Եվ, քանի որ նրա նախկին երկու դատվածությունները մարվել չէին հասցրել, նա համարվել էր մի անձ, որը նույն հանցանքի համար նախկինում երկու անգամ դատապարտվել էր։

Մինչդեռ վճռաբեկ բողոքի հեղինակը պնդում էր, որ պետք է կիրառվեր Քրեական օրենսգրքի 22 հոդվածը, ըստ որի՝ հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, որը դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար։ Համաձայն նույն հոդվածի 4-րդ մասի՝ «Այն հանցանքների համար դատվածությունը, որը հանվել կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ այն հանցանքները, որոնք կատարվել են մինչեւ անձի 18 տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում»։ Ու, քանի որ Պապիկյանը նախորդ երկու հանցանքները գործել էր 16 տարեկանում, հետեւաբար՝ դրանք, որպես ռեցիդիվ, չպետք է հաշվի առնվեին։

Ամենատարածված հանցատեսակը

Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ ընդգծեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 21 եւ 22 հոդվածներով օրենսդիրը հանցագործությունների կրկնակիության եւ հանցագործությունների ռեցիդիվի ինստիտուտներից յուրաքանչյուրին հաղորդել է ինքնուրույն քրեաիրավական իմաստ։

Հանցանքը կատարելու ռեցիդիվը պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք է։ Ռեցիդիվն ինքնին որեւէ հանցակազմ ավելի որակյալ, ավելի ծանր դարձնող հանգամանք չի հանդիսանում։ Մինչդեռ հանցագործությունների կրկնակիությունը բազմաթիվ հանցակազմեր, այդ թվում՝ գողության հանցակազմը ծանրացնող եւ առավել ծանրացնող հանգամանք է։ Հետեւաբար, հանցագործությունների ռեցիդիվի կանոններն անհրաժեշտ է կիրառել ոչ թե արարքը որակելիս, այլ՝ պատիժն անհատականացնելիս։ Իսկ հանցագործությունների կրկնակիության կանոնները պետք է կիրառվեն արարքը որակելիս։

«Հանցագործությունների ռեցիդիվ» հասկացությունը նոր է մեր օրենսգրքում։ Մինչ 2003 թվականին այն ներմուծելը՝ գոյություն ունեին եւ լայնորեն հայտնի էին «ռեցիդիվիստ», «առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ» հասկացությունները։ Դրանք խորհրդային ժամանակներից եկող պիտակներ էին, որոնք մեր օրերում արդեն ժամանակավրեպ, մարդու իրավունքները ոտնահարող բնորոշումների էին վերածվել։ Դրանք շրջանառությունից հանելով եւ «հանցագործությունների ռեցիդիվը» մտցնելով օրենսգրքի մեջ՝ օրենսդիրն ապացուցեց, որ հանցագործությունների որակման համար կարեւորում է ոչ թե հանցանք կատարած անձին, այլ՝ նրա արարքը։ Այսպիսով, ապահովվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածով ամրագրված՝ օրենքի առջեւ հավասարության սկզբունքը, ըստ որի՝ հանցանք կատարած անձինք հավասար են օրենքի առջեւ ու ենթակա՝ քրեական պատասխանատվության՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային դրությունից եւ այլն։

Դատարանն Արմեն Պապիկյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել՝ նկատի ունենալով, որ նա հանցավոր արարքը կատարել էր օրենսգրքի 177՝ գողության հոդվածով երկու դատվածություն ունենալու պայմաններում։ Պապիկյանի արարքը միանգամայն ճիշտ էր որակվել։ Իսկ բողոք բերած անձի փաստարկներն անհիմն էին, որովհետեւ ռեցիդիվի հասկացությունը արարքը որակելիս չի գործում։ Գործում է կրկնակիության հասկացությունը, որն ավելի է ծանրացնում արարքը եւ հաշվի չի առնում, թե մեղադրյալը ո՞ր տարիքում է կատարել նախկին հանցագործությունները։

Այսպիսով, վճռաբեկ դատարանը չբավարարեց վճռաբեկ բողոքը եւ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողեց անփոփոխ։ Արմենի պատիժը նույն՝ 4 տարի 6 ամիս ազատազրկումը մնաց, որից որոշ օրեր արդեն մթնել-անց են կացել։

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, 2007 թվականին մեր հանրապետությունում ամենատարածված հանցատեսակը գողությունն է եղել։ Շատ մտահոգիչ է, երբ գողություն կատարողների շարքերը համալրում են անչափահասները։ Հատկապես՝ երբ նրանք առաջին գողությունից հետո չեն ուղղվում եւ շարունակում են նույն հանցավոր արարքը կատարել՝ հույս ունենալով, թե օրենքը միշտ նույնքան բարեհաճ կգտնվի, որքան եղել է առաջին, երկրորդ պատժաժամկետները սահմանելիս։

Անչափահաս գողերի մեծ մասն օրենքների մասին առաջին տեղեկությունները քաղում է արդեն գաղութ ընկնելուց հետո։ Հետեւաբար, կարեւոր է, որպեսզի գոնե ուրիշների օրինակով իմանան, որ գողության եւ մյուս լուրջ հանցագործությունների դեպքում՝ նախկին չմարված դատվածությունները միմիայն բարդացնում են իրենց վիճակը, ավելի ու ավելի ներքաշում հանցավոր աշխարհի ճահճի խորքը, զրկում լիարժեք կյանքով ապրելու, առողջ ու երջանիկ լինելու հնարավորություններից։